Քննարկվում է ամեն ինչ, բայց գլխավոր թեման, որը քննարկվում է, իրավիճակն է մեր տարածաշրջանում և հատկապես ահաբեկիչների ներկայությունը Հարավային Կովկասում։ Այս մասին ռուսաստանյան ՌԲԿ հեռուստակայանին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե ինչ է քննարկել ՌԴ նախագահի հետ, եւ խոսք եղե՞լ է Ռուսաստանից Հայաստանին ռազմական տեխնիկայի մատակարարման մասին։
«Որովհետև, գիտեք, եթե ուղղակի կռվում են Ղարաբաղն ու Ադրբեջանը կամ Հայաստանն ու Ադրբեջանը, դա մի իրավիճակ է։ Իսկ եթե ռազմական գործողությունների մեջ ներգրավված են ահաբեկիչներ կոնկրետ ահաբեկչական խմբավորումներից, (ի դեպ, երեկ ռուսաստանցի պաշտոնյաները հիշատակել են կոնկրետ ահաբեկչական կազմակերպություններ, որոնց անդամները կռվում են հակամարտության գոտում), արդեն բոլորովին այլ իրավիճակ է, դա արդեն ոչ միայն Ղարաբաղի, այլև մեր տարածաշրջանում անվտանգության հարցն է ավելի լայն իմաստով՝ Ռուսաստանի և Իրանի անվտանգության», ասել է ՀՀ վարչապետը։
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ դա առհասարակ գլոբալ անվտանգության հարց է։
«Քանի որ դա նշանակում է, որ ահաբեկիչներն ընդլայնում են իրենց արեալը։ Այսինքն՝ ստացվում է, որ ահաբեկիչների մոտ Թուրքիայի ու Ադրբեջանի օգնությամբ նորանոր տարածքներ են հայտնվում, որտեղ նրանք կարող են դրսևորվել։ Եկեք պատկերացնենք, որ ինչ-որ կերպ այս հակամարտությունն ավարտվում է, և դրանից հետո նրանք ի՞նչ են անելու։ Անկասկած, այդ ահաբեկիչների մի մասը կմնա տարածաշրջանում և կգործի այնտեղ։ Մենք տեղեկություն ունենք, որ այդ ահաբեկիչներն արդեն իրենց կարգերն են հաստատում ադրբեջանական որոշ գյուղերում։ Եվ դա հարց է առաջացնում, թե որքանով են Ադրբեջանի պաշտոնական իշխանությունները վերահսկում իրավիճակը սեփական երկրում։ Որովհետև եթե ինչ-որ տեղ ցանկացած նորմալ երկրում գործում են ահաբեկիչներ, նորմալ իշխանությունը պետք է աշխատի նրանց ոչնչացնելու ուղղությամբ, այլ ոչ թե նրանց հնարավորություն տա ոչ միայն անխոչընդոտ գործելու, այլև սեփական կարգերը հաստատելու», նշել է նա։
«Այս փոփոխված համատեքստում արդյոք Հայաստանին տրվե՞լ են ռուսական ռազմական միջամտության երաշխիքներ», հարցին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը նշել է.
«Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, և մենք անվտանգության ոլորտին առնչվող կոնկրետ պայմանավորվածություններ ունենք։ Օրինակ, մենք ունենք ընդհանուր հակաօդային պաշտպանություն»։
ՀՀ վարչապետը հաստատելմ է փաստը, որ ՀՕՊ-ն այժմ գործի է դրված, բայց ոչ մարտական:
«Ես նկատի ունեմ Հայաստանի Հանրապետության տարածքը։ Բայց եթե ՀՕՊ-ի գծով սպառնալիք լինի Հայաստանի տարածքի համար, այդ դեպքում մեր համատեղ ուժերը պետք է գործի դրվեն։ Եվ դա նախատեսված է մեր պայմանագրերով, կանոնադրություններով և այլ փաստաթղթերով։ Ռուսական ռազմական միջամտության երաշխիքը վերաբերում է Հայաստանի Հանրապետության տարածքին։ Գիտեք, վերջին զրույցներում մենք քննարկել ենք այդ թեմաները, բայց քանի որ այդ ամենը նախատեսված է մեր պայմանագրերով, ամեն անգամ դա հաստատելու կարիք չկա։ Սա առկա փաստ է, և մենք քննարկել ենք այդ ոլորտի որոշ նրբություններ»։
Ռուսաստանից ռազմական տեխնիկայի նոր մատակարարումների ակնկալիքի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանը և Ռուսաստանը կապված են դաշնակցային հարաբերություններով, որոնց անքակտելի բաղադրիչը նաև ռազմատեխնիկական համագործակցությունն է, ավելացրել, որ նոր մատակարարումն արդեն այլ հարց է, որը չի կարող հրապարակավ քննարկել, հատկապես այս իրավիճակում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը