07 10 2020

Ադրբեջանը փորձում է Ղարաբաղյան խնդիրը դարձնել տարածաշրջանային. Գոհար Իսկանդարյան

Ադրբեջանը փորձում է Ղարաբաղյան խնդիրը դարձնել տարածաշրջանային. Գոհար Իսկանդարյան

Արցախա-ադրբեջանական սահմանին թշնամու կողմից հրահրված պատերազմական գործողությունների ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետության դիքորոշման մեջ ի՞նչ փոփոխություններ են եղել, ի՞նչ նպատակներ կարող է ունենալ Ադրբեջանը Իրանին պատերազմական գործողություններում ներքաշելու հարցում, այս և այլ հարցերի Yerevan.Today-ի հետ զրույցում անդրադարձել է իրանագետ Գոհար Իսկանդարյանը:

«Իրականում Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշման մեջ մենք փոփոխություն չենք տեսնում, ինչպես առաջին օրերին է հայտարարել և կոչ արել դադարեցնել զինված բախումները և նստել բանակացային սեղանի շուրջ, այսօր էլ այդ է պահանջում:

Այնուհետև մենք տեսանք, որ 3-րդ, 4-րդ օրը, երբ արկերն ընկան Իրանի Իսլամական Հանրապետության սահամանում, իրենք կոչով դիմեցին կողմերին, որպեսզի առավել զուսպ լինեն իրենց գործողությունների մեջ և ամեն ինչ անեն, որ իրենց տարածքում արկեր, խոցված ԱԹՍ-ներ չընկնեն և չվնասեն իրենց բնակչությանը:

3-րդ հայտարարությունը, որ բավականին կոշտ եղավ և այսօր կրկին նախագահի կողմից վերահաստատվեց, վերաբերում է ահաբեկչական խմբավորումներին, որոնք ուղարկվում են Ադրբեջանի սահման: Իհարկե, նրանք չեն նշում Ադրբեջանի անունը, այլ պարզապես կոչ են անում կողմերին,  որպեսզի դադարեցնեն ահաբեկիչների տեղափոխումը տարածաշրջան՝ նշելով, որ իրենք պայքարել են Սիրիայում ահաբեկիչների դեմ, այժմ թույլ չեն տա, որ այս ահաբեկիչները հայտնվեն իրենց սահմանների մետ: Այս պարագայում, քանի որ Հայաստանի Հանարապետությունը կամ Արցախի Հարապետությունը որևէ կերպ ահաբեկիչներ չեն տեղափոխում, մենք եդնթադրում ենք, որ սա միակողմանիորեն ուղղված է Ադրբեջանի Հանրապետության դեմ, թեպետ կոնկրետ երկրի անունը չի նշվում:

Այս երեք հայտարարություններն են, դրան ավելացրած նրանք կոչ են անում տարածաշրջանի մյուս երկրներին պատերազմի վրա յուղ չլցնել, քանի որ դրանից որևէ կողմը չի շահելու և կոչ են անում կողմերին կրկին նստել բանակցությունների սեղանի շուրջ:

Երկու օր առաջ էլ Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարեց, որ ունեն մեկ տարբերակ քննարկելու՝ բանակցությունների սեղանի շուրջ հավաքել կողմերին և սեղանին դնել մի փաստաթուղթ, որը կարող է շահեկան լինել յուրաքանչյուր կողմին: Իհարկե, այդ փաստաթուղթը դեռևս չի հրապարակվել, և մենք չգիտենք ինչի մասին է խոսքը, բայց նման միջնորդական առաքելությամբ փորձում է հանդես գալ Իրանի Իսլամական Հանրապետությունը»:

Ինչ վերաբերում է հարցին՝ արդյո՞ք Իրանին մոտ արցախա-ադրբեջանական սահմանին թշնամին զորքեր կենտրոնացնելով փորձում է որևէ կերպ պատերազմական գործողություններում նաև Իրանին ներքաշել, Գոհար Իսկանդարյանը նշեց.

«Իրականում սա նոր ձեռագիր չէ, Ադրբեջանն այսպիսի սադրանքների միշտ էլ գնացել է, նաև 90-ականներին՝ փորձելով Իրանի Իսլամականա Հանրապետությանը ներքաշել այս խնդիրների մեջ, այսինքն իրենք իրենց զորքերը շատ մոտեցնում են ընդհուպ իրանական սահմանին, որպեսզի հարվածների դեպքում այս արկերը մեր կողմից հայտնվեն իրանական սահմաններում և իրանական կողմը բնականաբար մեր նկատմամբ առավել կոշտ դիրքորոշում որդեգրի: Սակայն սա շատ լավ հասկանում են նաև Իրանում, հատկապես պաշտոնական հայտարարությունները շատ արագ արձագանք են գտնում այնտեղ և իրենք հասկանում են այս ամենը: Կարծում եմ, որ դրանից որոշակի հետևություններ պետք է արվեն և փորձեն սանձել ադրբեջանական իշխանություններին, որպեսզի սահմանի մոտ չտանեն իրենց զորքերը, ջոկատները նման խնդիրների առաջ չկանգնելու համար: Սա Ադրբեջանի ձեռագիրն է. սադրանքներ իրականացնել բոլոր կողմերին ներգրավվելով և Ղարաբաղյան խնդիրն էլ ավելի մեծացնել ու դարձնել տարածաշրջանային խնդիր, որը բացարձակապես ձեռնտու չէ ո՛չ Հայաստանի Հանրապետությանը, ո՛չ Իրանի Իսլամական Հանրապետությանը, ո՛չ Ռուսաստանի Դաշնությանը»:

Իսկ արդյոք Իրանը մտահոգվելու անհրաժեշտություն չունի, հաշվի առնելով այն կարծիքը, որ սա Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից հրահրված պետարազմ է ոչ միայն Արցախի ու Հայաստանի դեմ, այլ նաև մեր հարևան երկրների, ինչպես նաև Իրանի, մեր զրուցակիցը պատասխանեց.

«Իրականում Իրանի Իսլամական Հանրապետությունն անհանգստանալու խնդիր ունի, և ոչ միայն Իրանը,  այլ նաև Ռուսաստանի Դաշնությունը, քանի որ մենք տեսնում ենք, որ Թուրքիան փորձում է փոխել իրավիճակը Կովկասում և այն ազդեցության գոտիները , որոնք կային մինչև այժմ: Թուրքիան փորձում է փոփոխության ենթրակել և ինքը հեգեմոն դերում հանդես գալ Կովկասում, նվազեցնելով թ՛ե Ռուսաստանի, թե՛ Իրանի ազդեցությունը: Բնական է, որ սա բացարձակապես ձեռնտու չէ Իրանին և այն հանգամանքը, որ վերջինս հենց պատերազմի առաջին օրերից հրավիրեց ազգային անվտանգության խորհդի նիստ և իրենց անելիքները որոշեցին: Դրանից հետո մենք տեսանք գոնե թվիթերյան տիրույթում, որ բավականին ծանր զինտեխնիկա մոտեցվեց իրանական սահմաններին, և սա խոսում է նրա մասին, որ Իրանը խիստ անհանգստացած է»:

Իսկ հասցեկան կոչեր Իրանի կողմից Գոհար Իսկանդարյանի խոսքով՝ չեն լինում, որովհետև առանց այն էլ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների մեջ գտնվող Իրանը չի ցանկանում առևտրային հարաբերությունները փչացնել Թուրքիայի և Ադրբեջանի հետ:

«Սա դիվանագիտություն է, Իրանն ունի բավականին լավ առևտրատնտեսական հարաբերություններ Ադրբեջանի, ինչպես նաև Թուրքիիայի հետ, և նրանք չեն պատրաստվում էլ ավելի մեկուսանալ, որովհետև մենք գիտենք, որ ԱՄՆ-ն առանց այն էլ Իրանի նկատմամբ իրականացնում է տարբեր տեսակի պատժամիջոցներ, որն Իրանի տնտեսությանը բավականին ծանր վիճակում է դրել: Հիմա իրենց երկու հարևանների հետ միաժամանակ հարվածի տակ դնելով նրանց հետ հարաբերությունները, շատ ավելի կծանրացնի իր իրավիճակը տարածաշրջանում, դրա համար նրանք  փորձում են դիվանագիտության, քննարկումների և ուղերձների միջոցով որոշակի կանխարգելումներ անել և իրավիճակն էլ ավելի չսրել»:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ