Ադրբեջանի սանձազերծած պատերազմական հերթական օրն ամփոփում ենք առաջնագծում ունեցած կայուն հաջողությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Սիրելի ՛ հայրենակիցներ
Ադրբեջանի սանձազերծած պատերազմական հերթական օրն ամփոփում ենք առաջնագծում ունեցած կայուն հաջողությամբ: Պաշտպանության բանակն իր առջեւ դրված մարտական խնդիրը իրականացրել է փայլուն, եւ այս պահին եւս հաջողությամբ դիմագրավում է թշնամու բոլոր ոտնձգություններին թե՛ օդում, թե՛ ցամաքում՝ պատճառելով նրան զինտեխնիկայի եւ կենդանի ուժի զգալի կորուստներ: Թերեւս դա է եղել պատճառը, որ Ադրբեջանի ահաբեկչական բանակը «Սմերչ» կայանքից ավելի քան հարյուր հրթիռ է արձակել մայրաքաղաք Ստեփանակերտի ուղղությամբ, սակայն, բարեբախտաբար, մեծ կորուստներ չեն եղել:
Այսօր ինձ զեկուցեցին նաեւ, որ այս մի քանի օրվա մեջ սփյուռքահայության հանգանակությունը արդեն կազմել է 50 մլն եվրո: Շնորհակալ եմ բոլորին ցուցաբերվող աջակցության համար եւ հորդորս է շարունակել դրամահավաքը, քանի որ պատերազմից ու, ամենակարեւորը, սպասվող առաջիկա հաղթանակից հետո պետք է արագ կերպով վերականգնենք ավերակները եւ շարունակենք ծաղկեցնել համայն հայության հպարտությունն իր մեջ մարմնավորած Արցախ աշխարհը: Ու դա պետք է լինի մեր բոլորի հավաքական պատասխանն աշխարհին:
Մեր համազգային միասնությունը մեկ անգամ եւս փաստում է, որ Ադրբեջանն արդեն պարտվել է այս պատերազմում: Հաղթանակը մերն է ու թող դրանում ոչ ոք չկասկածի»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը