05 10 2020

Պետք է մեկտեղենք մեր ուժը, նյութական կարողությունները և միտքը, որ հաղթենք․ Անուշավան Դանիելյան․ «Իրավունք»

Պետք է մեկտեղենք մեր ուժը, նյութական կարողությունները և միտքը, որ հաղթենք․ Անուշավան Դանիելյան․ «Իրավունք»

«Իրավունքի» զրուցակիցն է Արցախի Հանրապետության նախկին վարչապետ ԱՆՈՒՇԱՎԱՆ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ:

Մեր հույսը պետք է կապենք ոչ թե ՀԱՊԿ-ի, այլ` Ռուսաստանի հետ

- Պարոն Դանիելյան, ինչո՞ւ հիմա թուրք-ադրբեջանական տանդեմը սանձազերծեց լայնամասշտաբ պատերազմ: 
- Խոստանում եմ` հաղթանակից հետո անդրադառնալ ներքին պատճառներին: Քանի որ հիմա պատերազմի ամենաթեժ հանգրվանն է, չեմ ուզում բոլոր պատճառների մասին խոսել: Այսօր հիմնականը, ինչի մասին գտնում եմ, որ պետք է խոսենք, այն է, թե ինչ պետք է անենք այս վիճակից դուրս գալու համար: Իսկ այս վիճակից դուրս գալու համար ամեն ինչ պետք է անենք, որ հաղթենք այս պատերազմում: Հիմա բոլորս պետք է խոսենք միասնության ու համախմբվելու մասին: Պետք է մեկտեղենք մեր ուժը, նյութական կարողությունները եւ միտքը, որպեսզի հաղթենք:
- Կարծում եք` դեռ լիովին համախմբված ու միասնական չե՞նք այս պատերազմում:
- Տեսնում եմ, որ ժողովրդի մեջ կա այդ համախմբումը, միշտ էլ այդպես է եղել: Երբ վտանգ է սպառնացել, մեր ժողովուրդը կարողացել է համախմբվել, եւ սա երեւի մեր ժողովրդի ամենամեծ արժանիքներից մեկն է: 
Այսօր ունենք իսկապես հայտարարված պատերազմ ամբողջ շփման գծում, թեպետ շփման գիծ տերմինը ես չեմ օգտագործում, այլ նշում եմª ղարաբաղյան սահման:
- Ձեր գնահատմամբ, ինչո՞վ է տարբերվում այս պատերազմը նախորդներից:
- Ղարաբաղյան գոյամարտը, 2016-ի ապրիլյանը եւ նաեւ հուլիսյանը` Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ էր: Իսկ հիմա թուրքերը, ի դեմս իրենց ղեկավարության, հայտարարեցին ի լուր ամբողջ աշխարհի, որ Ադրբեջանի հետ են: Փաստացի պատերազմ ենք մղում Ադրբեջանի եւ Թուրքիայի դեմ: Ագրեսիա է եղել Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից, եւ սա որպես սիմվոլիկ հայտարարություն չեմ ասում: Այսօրվա պատերազմում, որպես բաղադրիչ, կարեւոր նշանակություն ունի նաեւ, որ Ռուսաստանն այս անգամ ավելի չեզոք է, մինչդեռ 90-ականների պատերազմում, ապրիլյանի ժամանակ ակտիվորեն ներգրավված էր: Այդ մասին է փաստում նաեւ այն հայտարարությունը, որն արվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների կողմից` Պուտինի, Մակրոնի եւ Թրամփի: 
- Կարծում եք` ՌԴ-ի նեյտրալ դիրքը հաշվի առնելո՞վ սանձազերծվեց հենց հիմա թուրք-ադրբեջանական պատերազմը: Հատկապես, որ այնպիսի տպավորություն է, թե Թուրքիայի նախագահն է Ադրբեջանի գերագույն գլխավոր հրամանատարը, այլ ոչ թե Ալիեւը:
- Ձեր վերջին մտքի վերաբերյալ մի փաստ բերեմ. Ադրբեջանի գլխավոր շտաբի պետ Նեջմեդդին Սադիկովը հեռացվել է պաշտոնից: Պատճառը եղել է այն, որ շտաբում որոշում կայացնողները եղել են թուրքական բանակի բարձրաստիճան սպաները եւ գեներալները, իսկ Ադրբեջանի շտաբի պետը նրանց հետ ունեցել է լուրջ տարաձայնություններ: Իսկ Սադիկովից  հետո շտաբն ամբողջովին անցել է թուրքական բանակի բարձրաստիճան սպաների եւ գեներալների հրամանատարության տակ: Ինչ վերաբերում է Ձեր հարցին, անշուշտ, նրանք հաշվի են առել Ռուսաստանի նեյտրալ դիրքը, բայց սա գլխավոր պատճառը չէ, այլ հիմնականը գլոբալ առումով աշխարհաքաղաքականության փոփոխությունն է: 

Սրանք Թուրքիայի գլոբալ պլաններն են

- Ի՞նչ նկատի ունեք:
- Հիմա աշխարհը 15, 20, 30 տարվա աշխարհը չէ, երբ շատ թե քիչ միջազգային իրավունք էր գործում: ՄԱԿ-ին, մյուս կառույցներին հիմա ոչ ոք ուշադրություն չի դարձնում: Այս ամենը բերել է նրան, որ Թուրքիան տարածաշրջանում դարձել է ապակայունացման գործոն: Տեսեք թե ինչպիսի հանդուգն է իրեն դրսեւորում. զորքերը մտցրեց Իրաք եւ այնտեղից չի հանում: Զորքերը մտցրեց նաեւ Սիրիա` ամբողջ հյուսիսային մասով` տեղ-տեղ 30 կմ, տեղ-տեղ 50 կմ` էլի նույն պատրվակով, թե իբր պայքարում է քրդական զինյալ ուժերի դեմ: Բացի այդ, նաեւ մի ամբողջ Սիրիայի հյուսիս-արեւմտյան ամենամեծ այդ շրջաններից մեկը` Իդլիբը, ամբողջովին գտնվում է Թուրքիայի տիրապետության տակ եւ այնտեղ թուրքամանների մի որջ է դարձել: Թուրքիան որոշել էր նաեւ մտնել Հալեպ` ասելով, թե այն թուրքական տիրապետության տակ է եղել, բայց ռուսներն ավելի արագ կարողացան վերցնել: Այսքանը բավարար է հասկանալու համար, որ Թուրքիան այսօր իրականացնում է նեօսմանյան քաղաքական իր նկրտումները: Էլ չեմ ասում, որ Լիբիայում սկսվեց ակտիվ իր խաղը խաղալ, հաջորդը եղավ Միջերկրական ծովում եւ այլն:
Հիմա գանք դեպի Հայաստան. 2000-ական թվականների սկզբին Նախիջեւանում կայացավ թուրքալեզու պետությունների գագաթաժողով: Այդ ժամանակ դեռ էրդողանը վարչապետ էր, եւ իր ելույթում Ալիեւն ասաց, որ թուրքալեզու պետությունները` Չինաստանից եւ ՌԴ-ից, Թաթարստանից եւ Բաշկիրիայից սկսած եւ Թուրքիայով ավարտված, ոչ միայն մշակութային տարածք պետք է լինեն, այլեւ ընդհանուր տարածք, բայց այդ ամենին խանգարում է Հայաստանը, Զանգեզուրը, որը, ըստ նրա,  «պատմական ադրբեջանական տարածք է»: Եվ առաջին ելույթ ունեցողը եղավ էրդողանը ու ասաց, որ իրենք իրենց ադրբեջանցի եղբայրներին պետք է օգնեն, որ միանան թուրքալեզու պետությունները: Սրանք Թուրքիայի գլոբալ պլաններն են, եւ Էրդողանն այսօր հաշվի չի նստում ոչ միայն Եվրոպայի հետ, այլ նաեւ` ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի: 
- ՌԴ պետդումայի եւ ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովի մակարդակով սկսել են խոսել ռուսական խաղաղապահ զորքեր Լեռնային Ղարաբաղում տեղակայելու հնարավորության մասին: Սա Արցախի համար ընդունելի տարբերակ կարո՞ղ է լինել:
- Յուրաքանչյուր պատերազմ մարդկային եւ նյութական ռեսուրսների պատերազմ է, եւ յուրաքանչյուր կողմ, երբ սկսում է պատերազմը, աշխատում է մոբիլիզացնել իր ունեցած, նաեւ` չունեցած ողջ ռեսուրսները: Հիմա Ադրբեջանը Թուրքիայի, Իսրայելի հետ համագործակցում է այս պատերազմում: Մենք եւս մոբիլիզացնում ենք մեր ունեցած ռեսուրսները` ե՛ւ ռազմական, ե՛ւ մտավոր, ե՛ւ նյութական: Իհարկե, միշտ պետք է հույսներս դնենք մեզ վրա եւ մեր բանակի, պետք է ունենանք հզոր պետություն եւ հզոր բանակ, որպեսզի կարողանանք մեր հայրենիքը պաշտպանել, սա աքսիոմ է: Բայց դա չի նշանակում, որ պետք է հրաժարվենք մեր ռազմավարական ընկերներից, որոնք կարող են մեզ օգնել պատերազմի ժամանակ:
Իհարկե, մեր ռեսուրսները, մեր համախմբվածությունը ասում են այն մասին, որ կարող ենք այս պատերազմում եւս հաղթանակով դուրս գալ, ինչպես նախորդ բոլոր պատերազմներում: Բայց եթե հանկարծ իրադարձություններն այնպես դասավորվեն, որ զգացինք մեր ռազմավարական դաշնակցի կարիքը, ինչու ոչ, իհարկե, պետք է դիմենք:
- Այս պահին որեւէ ակնկալիք ունե՞նք մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանից: 
- Եթե նայենք վերջին մի քանի տարիների մեր համագործակցությանը Ռուսաստանի հետ եւ եթե հիշենք ՌԴ ղեկավարության գնահատականները հայ-ռուսական հարաբերությունների մասին, առավել եւս` ՌԴ ԱԳ նախարար Լավրովի երկու-երեք մեսիջներով հայտարարությունները, պետք է փաստենք, որ ինչ-որ խնդիրներ ստեղծվեցին, որը մինչ այդ չկար: Ես հիմա հայ-ռուսական հարաբերությունների մասին չեմ խոսի, որովհետեւ պատերազմ է գնում, իսկ պատերազմից հետո դետալներով կարող եմ վերլուծել: Միայն կասեմ, որ հիմա իշխանությունները ամեն ինչ պետք է անեն, որպեսզի մեր ռազմավարական ընկերոջ հետ  հարաբերությունները պահեն ամենաբարձր մակարդակով: Չմոռանանք, որ այսօր պատերազմում ենք զենքով, որն 90 տոկոսով ռուսական է: Մեր տարածաշրջանը դե ֆակտո այնպես է դասավորվել, որ այստեղ ունենք երկու գլխավոր խաղացող` Թուրքիան ու Ռուսաստանը, եւ մենք պետք է հասկանանք, որ նրանցից մեկին պետք է ընտրենք: Հիշո՞ւմ եք, որ 90-ականներին Հայաստանում կային այդպիսի ուժեր, որոնք ասում էին, թե պետք է մոռանալ Ցեղասպանությունը, եւ նա մեզ հետ ընկերություն ու եղբայրություն կանի: Բայց կյանքը ցույցը տվեց, որ թուրքը մնացել է թուրք. 105 տարվա ընթացքում ոչնչով չի փոխվել: Ընդհակառակը, հիմա նրանք ավելի հանդուգն են դարձել, համարում են, որ պետք է վերականգնեն իրենց Օսմանյան կայսրության սահմաններըª հասնելով մինչեւ Չինաստան, Թաթարստան, Բաշկիրիա, Ղրիմ: 

Միայն շահերը համընկնելը քիչ է

- «Ուկրաինա 24» հեռուստաընկերության եթերում Գերագույն Ռադայի «Ժողովրդի ծառա» իշխող խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Մարչենկոն հայտնել էր, որ Կիեւը պատրաստ է ռազմական աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին` Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման ֆոնին: Ուշագրավ իրավիճակ է նաեւ հարեւան Վրաստանում: Ի՞նչ կասեք Ուկրաինայի եւ Վրաստանի նման վարքագծի մասին:
- Ուկրաինայի քաղաքականության մեջ ոչինչ չի փոխվել, միշտ էլ այդպիսին է եղել: Մի պրիմիտիվ քաղաքականություն կա, որը հատուկ է հետխորհրդային երկրներին. նրանք ասում են` եթե մեր խնդիրները միանման են, թեկուզ չեն առնչվում, ուրեմն պետք է պաշտպանենք այն երկրներին, որոնց խնդիրները համընկնում են մեր խնդիրների հետ: Այս շարքում է Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան, Ադրբեջանը: Իսկ նրանց միանման խնդիրն այն է, որ յուրաքնաչյուրն էլ ունի իր Ղարաբաղը: Չնայած` իրենց ծագումնաբանությամբ այդ բոլոր կոնֆլիկտները շատ տարբեր են իրարից: Օրինակ, մենք Ուկրաինայի հետ ոչ մի տարաձայնություն չունենք, բայց իրենք գտնում են, քանի որ այստեղ ժողովուրդների ինքնորոշման խնդիր կա, ուրեմն` պետք է ավելի շատ Ադրբեջանի հետ ընկերություն անել: Ինչ վերաբերում է Վրաստանին, իրենց վարքագիծը երբեք այսպես չէր եղել, նույնիսկ ամենադժվար պահերին Վրաստանի վրայով Ռուսաստանից մատակարարում ստացել ենք: Սա եւս այն լուրջ խնդիրներից մեկն է, որի մասին պետք է խոսենք հաղթանակից հետո:
- Ըստ Ձեզ, ինչո՞վ է պայմանավորված այն, որ մինչեւ այս պահը Հայաստանի անվտանգության երաշխավոր ՀԱՊԿ-ից որեւէ գործուն քայլ չի կատարվել, երբ հակառակորդի ԱԹՍ-ները մինչեւ անգամ հասել էին ՀՀ Կոտայքի մարզ:
- Մենք ոչ մի ընդհանուր բան չունենք ՀԱՊԿ անդամ Ղրղզստանի, Ղազախստանի հետ: Եթե մենք պատերազմում ենք Ադրբեջանի հետ, անհնար է, որ, օրինակ, Ղազախստանը կանգնի մեր կողքին եւ պատերազմ հայտարարի Ադրբեջանին: Նույնը վերաբերում է Բելառուսին, որի նախագահ Լուկաշենկոն միշտ էլ ասել է, որ Ալիեւն իր ընկերն է, որովհետեւ շահ ուներ, քանի որ Ադրբեջանը մեծ թվով զենք ու զինամթերք էր առնում Բելառուսից: Այս առումով կարծում եմ, որ ՀԱՊԿ-ը մի կառույց է, որի պարտականությունը նույնը չէ, ինչպիսին ՆԱՏՕ-ինն է: Թեպետ այնտեղ տարաձայնություններ կան, ինչպես օրինակ, Թուրքիայի եւ Հունաստանի միջեւ: Ամեն դեպքում, մենք հասկանում ենք, որ ՀԱՊԿ-ը ՌԴ-ի ստեղծած կազմակերտություն է, եւ մենք ավելի շատ մեր հույսը պետք է կապենք ոչ թե ՀԱՊԿ-ի, այլ` Ռուսաստանի հետ, մեր երկկողմանի հարաբերությունների միջոցով:  
- Ամփոփելով` փաստորեն, կարող ենք ասել, որ հույսներս կարող ենք դնել բացառապես սեփական ուժերի եւ անելանելի իրավիճակում ՌԴ-ի վրա՞: 
- Միանշանակ` այո: Ընդ որում, Ռուսաստանը մեզ պետք է օգնի ոչ թե մեր սիրուն աչքերի համար, այլ որովհետեւ այստեղ ունի աշխարհաքաղաքական հսկայական շահեր: ՌԴ-ն Հայաստանի միջով դուրս է գալիս Իրան եւ Պարսից ծոց, եթե Հայաստանը դուրս է գալիս այս խաղից, Թուրքիան մտնում է Հարավային Կովկաս եւ հասնում մինչեւ Բաշկիրիա եւ Թաթարստան: Ռուսաստանը սա շատ լավ է հասկանում, եւ դրա համար էլ միայն կովկասյան պատերազմում 300 հազարից ավել զինվոր է կորցրել դեռ Ցարական Ռուսաստանի ժամանակ: 
Այդուհանդերձ, միայն շահերը համընկնելը եւս քիչ է, որովհետեւ մենք կարող ենք այնպիսի արտաքին քաղաքականություն վարել, որ Ռուսաստանն ընդհանրապես հրաժարվի մեզնից: 
Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ
Արցախ-Երեւան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ