Ամերիկյան Fox News հեռուստաալիքը, անդրադառնաով ԼՂ գոտում պատերազմին, գրում է, որ Լեռնային Ղարաբաղում Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող արյունալի պայքարը շատերի կողմից դիտարկվում է որպես «միջնորդավորված պատերազմ» Անկարայի և Մոսկվայի միջև, որոնք կանգնած են վաղեմի վեճի հակառակ կողմերում։
Հեռուստաալիքը նշում է՝ հակամարտությունում իր ուղղակի ներգրավվածությունն ունի նաև Թուրքիան, որը Սիրիայից ահաբեկիչներ է հավաքագրում և նրանց ուղարկում Լեռնային Ղարաբաղ։
Սիրիայից մի ահաբեկիչ Fox News-ին ասել է, որ այս շաբաթ մարտի դաշտում սպանվել են իր հարազատ Հոմս նահանգի Ռաստան քաղաքի չորս տղամարդիկ: Նրանցից մեկը՝ Թուրքիայի կողմից աջակցվող «Սիրիական ազգային բանակ»-ի 35-ամյա մայոր Քինան Ֆերզաթը, եղել է նրա ազգականը։
«Քինանը «Սիրիական ազգային բանակ»-ին միացել է որպես հրետանային բրիգադի հրամանատար։ 2018 թվականին նա հրաժարվել է հաշտվել ռեժիմի հետ և արտաքսվել է Սիրիայի հյուսիս, ինչպես և մյուս դասալքված զինվորական սպաները։ Քինանը երկու տարբերակ ուներ. կա՛մ պետք է գնար Իդլիբ և միանար իսլամիստական և ահաբեկչական կազմակերպություններին, կա՛մ ուղևորվեր Աֆրին և միանար թուրքական ազգային բանակին»,- ասել է Fox News-ի անանուն զրուցակիցը՝ հավելելով, որ նա նախընտրել է միանալ «Սուլթան Մուրադի» դաշինքին, որը գործում է թուրքական ազգային բանակի կազմում։
Նա հայտնել է, որ իր ազգականին վերջերս խնդրել են մեկնել Ադրբեջան և վերջինս վախեցել է հրաժարվել, ուստի նախ մեկնել է Ստամբուլ, այնուհետև՝ Ադրբեջան։
«Դա ցավալի նորություն էր ընտանիքի համար։ Մենք հեղափոխականներ ենք, և մենք մեր գործն ունենք, մենք չենք ուզում միջազգային վարձկաններ լինել»,- խոստովանել է ահաբեկիչի ազգականը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը