Կրակն անհապաղ դադարեցնելու եւ առանց նախապայմանների բանակցությունները վերսկսելու վերաբերյալ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի, Ֆրանիսյի եւ Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի, Էմանուել Մակրոնի, Վլադիմիր Պուտինի համատեղ հայտարարությունից հետո բոլորովին նոր իրավիճակ է ստեղծվել: Եթե սրան ավելացնենք նաեւ Իրանի ԱԳ նախարարության, ԱՄՆ պետքարտուղարի, ՌԴ ԱԳ նախարարի եւ իր թուրք գործընկերոջ երեկ կայացած հեռախոսազրույցները, ինչպես նաեւ ԵՄ գագաթնաժողովին ժամանած Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը, որ նա Ադրբեջանի նախագահից բացատրություն է պահանջել ռազմական գործողություններ սկսելու համար, արմատապես նոր իրավիճակ են ստեղծում:
Հիմա արդեն մեր դիվանագետները պետք է գործեն այնպես, ինչպես մեր զինվորականները: Հիմա մենք ինչպես ազգովի կռվեցինք, կռվում ենք, այնպես էլ ազգովի պետք է բանակցենք, ամեն ինչ անելով մեզ համար ստեղծված այս աննախադեպ բարենպաստ իրավիճակը ճիշտ օգտագործելու համար:
Բանակցելուց չպետք է վախենանք, եւ որ ամենակարեւորն է, պետք է մի կողմ դնենք ավելորդ էյֆորիկ վիճակն ու առավելապաշտությունը, որը բանականության եւ հաջողության առաջին թշնամիներից մեկն է:
Հայկական երկու պետությունները պետք է հստակ հայտարարեն, որ իրենք պատրաստ են առանց նախապայմանների բանակցել, կրակը դադարեցնել, մեկ անգամ եւս շեշտելով, որ մենք միայն պատասխան կրակ ենք բացել:
Պահը չպետք է բաց թողնել: Մենք հիմա դիվանագիտական ճակատում կարող ենք ստանալ այն, ինչ չունեինք մինչ այժմ, բայց դրա համար չպետք է կտրվել իրականությունից, չպետք է մեզնից վանենք այն երկրներին, որոնք այսօր հստակ հայամետ դիրքորոշում ունեն եւ գրեթե առաջին անգամ հստակ հայտարարում են, որ ռազմական գործողությունը վերսկսել է Ադրբեջանը, որն օգտագործում է իսլամ ծայրահեղական ահաբեկիչներին:
Մենք մի կողմ պետք է դնենք առավելապաշտությունը, որը մեզ ծանր հարված հասցրեց ուղիղ հարյուր տարի առաջ, երբ մերժելով իրատեսական առաջարկները, ընկնելով ավելիի հետեւից, մենք կորցրինք եւ այն ինչ ունեինք եւ բնականաբար, չստացանք այն, ինչի մասին երազում էինք: Առավելապաշտությունը պետություններին բնորոշ չէ, այն չի կարող օրակարգ թելադրել: Նույնիսկ գերտերություններն են հեռու առավելապաշտությունից, նույնիսկ գերտերություններն են հասկանում, որ երկու եւ ավելի երկրների միջեւ առկա խնդիրը փոխզիջում է պահանջում:
Եկել է ժամանակը, երբ հայ քաղաքական միտքը պետք է կարողանա օբյեկտիվ իրականությունը ճիշտ գնահատել, եկել է ժամանակը, երբ մեր դիվանագիտությունը պետք է իր մակարդակով մոտենա մեր զինվորականներին:
Գեղամ Նազարյան
Աղբյուրը՝ Top-News.am
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը