Թուրքիան սիրիացի զինյալներ է ուղարկում Ադրբեջան՝ աջակցելու Հայաստանի հետ սրվող հակամարտության հարցում։ Այս մասին հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով երկու սիրիացի ապստամբներից ստացած տեղեկություններին և հիշեցնելով Անկարայից հայտարարությունը՝ դաշնակից Ադրբեջանին աջակցելու վերաբերյալ։
Գործակալությունը նշում է՝ այս բախումները 2016 թվականից ի վեր ամենածանրն են։
Թուրքիայի կողմից աջակցություն ունեցող և Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող՝ Սիրիայի հյուսիսային շրջանների ապստամբ խմբավորումներից երկու զինյալ հայտնել են, որ Ադրբեջանում իրենց տեղակայումն Անկարայի հետ համաձայնեցված է եղել։ Նրանք հրաժարվել են անուններ տալ, իսկ Reuters-ին չի հաջողվել ինքնուրույն ստուգել նրանց օգտահաշիվները:
«Ես չէի ուզում գնալ, բայց փող չունեմ: Կյանքը շատ ծանր ու աղքատ է», – ասել է զինյալներից մեկը, որը Սիրիայում կռվել է Թուրքիայի կողմից աջակցություն ունեցող Ահրար ալ-Շամ խմբավորման համար։
Զինյալ տղամարդկանցից երկուսն էլ նշել են, թե իրենց սիրիական բրիգադի հրամանատարների խոսքով՝ ամսական 1500 ԱՄՆ դոլար կվաստակեն, ինչը մեծ աշխատավարձ է փլուզված տնտեսություն և արժույթ ունեցող Սիրիայի համար։ Զինյալներից մեկը նշել է, որ իր հանձնարարությունը համաձայնեցրել է Սիրիայի Աֆրին քաղաքում գտնվող և Թուրքիայի կողմից աջակցվող ազգային բանակի (SNA) մի պաշտոնյայի հետ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը