Երբեք Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները միմյանց հետ նման բառապաշարով ու անձնական թշնամանքով չեն խոսել, անգամ ռազմական գործողությունների ժամանակ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
«Երբեք Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները միմյանց հետ նման բառապաշարով ու անձնական թշնամանքով չեն խոսել, անգամ ռազմական գործողությունների ժամանակ։
Անգամ 90-ական թվականներին, պատերազմի ընթացքում, կար հեռախոսակապ ու կողմերը կարողանում էին պայմանավորվել ու խոսքը պահել։ Հիմա աննախադեպ իրավիճակ է։ Իսկ ո՞րն է դրա վտանգները։
Ալիևի կլանը միշտ խուսափել է պատերազմ սկսել ու համաձայնվել է վարել անիմաստ բանակցություններ, որովհետև պատերազմը ռիսկային էր իշխանության համար.
- կորուստների դեպքում իշխանությունը կփլուզվի,
- հաջողությունների դեպքում հերոսացած ռազմական հրամանատարներ ի հայտ կգան, որոնք իշխանության հայտ կներկայացնեն։
Սակայն այսօր սահմաններ են հատվել ու իրավիճակ է փոխվել։
Երբ Նիկոլն ասում էր, որ եթե չկարողանա պայմանավորվել Ալիևի հետ, կխոսի Ադրբեջանի ժողովրդի հետ, ինչն ըստ էության նշանակում է հակադրել իշխանությանն ու ժողովրդին և Ադրբեջանում հեղափոխության կոչ անել։ Այլապես ինչ գործ ունի ժողովրդի հետ, երբ պետք է խոսել ղեկավարության հետ։
Փաստորեն Նիկոլն Ալիևների կլանին փաստի առաջ է կանգնեցրել՝ իշխանափոխությունը չեզոքացնելու համար ոչ թե զերծ մնալ պատերազմից, այլ ճիշտ հակառակը՝ պատերազմ սկսել։
Ադրբեջանի շահը մեկ բան է, Ալիևի կլանի շահն՝ այլ, իսկ կլանը հատկապես նրբազգաց է իր շահի ու անվտանգության հանդեպ։
Հիմա Նիկոլն ու Ալիևը միմյանց նկատմամբ կոմպրոմատներ են հրապարակում, նպատակ ունենալով միմյանց տարածքում հեղափոխություններ հրահրել։ Հաքքինզի կոմպրոմատն ու ՀՀ արտգործնախարության խոսնակի հայտարարությունները բացահայտաբար այդ նպատակներին են ծառայում ու միմյանց զրկում են «հումանիտար միջանցքից». ետքայլ կատարել։
Վիճակը հետևյալն է. կամ պատերազմ, կամ որևէ մեկի տարածքում իշխանափոխություն, այլ տարբերակ կարծես թե չկա։ Այսքանից հետո բանակցություները՝ թեկուզ ձևական, անհասկանալի կլինի «հեղափոխական» զանգվածների համար։
Իսկ ում է այս ամենը պետք, այլ հարց է, բայց հաստատ դա Հայաստանի ծրագիրը չէ։
Հ.Գ. Տասնյակ տարիներ հետո հետազոտողները կփորձեն հասկանալ այս իրավիճակի քաղաքական պատճառներն ու տեղական դերակատարների մոտիվները, ու այս ամենի ետևում չեն փորձի գտնել մարդկային հիմարություն ու սնապարծություն»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը