26 09 2020

Նիկոլ Փաշինյանը պետական դավաճան է․ քաղաքագետը փակագծեր է բացում․ 168.am



«Ես պնդում եմ, որ Նիկոլ Փաշինյանը պետական դավաճան է և պետք է պատժվի իր գործերի համար, իր թիմակիցների գաղտնի հանդիպումների համար, որոնք տեղի են ունեցել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում այս մասին ասել է «Օրբելի» կենտրոնի նախկին փորձագետ, Հայաստանից արտաքսված Ղազախստանի քաղաքացի Անդրանիկ Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Անդրանիկ Հովհաննիսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումներից մեկի տակ ուշագրավ մեկնաբանություն էր թողել. «Նիկոլ Փաշինյան, տո, այ պետական դավաճան, դու քեզանից խոսիր։ Օրինակ, ինչի՞ ես հրամայել, որ ԱԱԾ աշխատակիցներն արգելեն իմ մուտքը դեպի Հայաստան։ Պատմի՛ր թե ո՞ւմ հետ են հանդիպել քո ՔՊ թիմակիցները Թբիլիսիում։ Ի՞նչ հրահանգներ եք ստացել։ Ինչի՞ համար եք ստացել 48 միլիոն ԱՄՆ դոլար։ Դե պատմե՛ք»:

Եվ ահա ադրբեջանական մերձիշխանական լրատվամիջոցներից մեկը հոդված հրապարակեց, որտեղ խոսվում է Ալիևի և Փաշինյանի էմիսարների միջև գաղտնի բանակցությունների մասին: Հոդվածում Հայաստանի բանագնացներից ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանի անունն է նշվում: Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում արդեն «հերքել» է գաղտնի բանակցություններին իր մասնակցության մեղադրանքները:

Անդրանիկ Հովհաննիսյանը մինչդեռ վստահեցնում է, որ այդ հանդիպումներին Արսեն Խառատյանը մասնակցել է, ավելին, ըստ Հովհաննիսյանի՝ եղել են ևս 3 հոգի, որոնց անունները նա չնշեց՝ սեփական անվտանգությունից ելնելով:

«ՀՀ ԱԱԾ-ն շատ լավ տեղյակ է՝ ովքեր են հանդիպել, ինչ ծրագրեր են ստացել, որոնք պետք է իրականացնեն: Արսեն Խառատյանն ինքը հաստատեց ադրբեջանական մամուլում հրապարակվածը: Եթե կարիքը կա վիդեոհոլովակների կամ աուդիոփաստերի, դրանք էլ կհրապարակվեն, երբ ինձ թողնեն վերադառնալ Հայաստան: Արսեն Խառատյանը գաղտնի հանդիպումներ է ունեցել որոշ մարդկանց հետ, որոնք առնչություն ունեն Ադրբեջանի ներկայիս ղեկավարության հետ»,- ասաց նա:

«Ես կարող եմ ևս երեք հոգու մասին ասել, որոնք մասնակցել են այդ հանդիպումներին: Եթե ես ականատես չլինեի կամ ինձ մոտ փաստեր չլինեին, ես այսպիսի բաներից չէի խոսի: Մոտակա ժամանակ այդ անունները կհնչեն, դրա համար լավ կլինի, որ այդ մարդիկ իրենք ի հայտ գան, իրենց սխալն ընդունեն, պատիժը կրեն և իմ մուտքն էլ բացեն, որ ես վերադառնամ Հայաստան: Այս երեք հոգուց երկուսն ինձ անձամբ ճանաչում են, ես էլ իրենց եմ շատ լավ ճանաչում, իրենք այսօր բարձրաստիճան քաղաքական գործիչներ են և ներկայացնում են իշխող ուժը: Մյուս մասնակիցը հասարակական կազմակերպության ներկայացուցիչ է, որը գործում է Հայաստանում և ֆինանսավորվում է Սորոսի կողմից»,- ասաց նա:

«Օրբելի» կենտրոնի նախկին փորձագետը փակագծեր բեցեց. «Ինձ առաջարկել են մասնակցել այդ ծրագրերին, ես հրաժարվել եմ, ասել եմ, որ պետական դավաճանական ծրագրերին ես մասնակցություն չեմ ունենալու»:

Հետաքրքրվեցինք՝ իրեն տեղյակ պահե՞լ են, թե ովքեր են մասնակցելու այդ հանդիպումներին, եթե չի մասնակցել, որտեղի՞ց գիտի, թե ովքեր են մյուս մասնակիցները:

«Ես շատ լավ գիտեմ՝ ովքեր են մասնակցել, ում հետ են հանդիպել, կողքից լսելով չէ այս ամենը: Եթե կողքից լսելով լիներ՝ ընդհանրապես չէի խոսի»,- ի պատասխան՝ ասաց նա:

Ըստ նրա՝ ժամանակն է, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ևս խոսի այս ամենի մասին. «Նա ուղղակի պարտավոր է խոսել»:

Ինչ վերաբերում է այդ հանդիպումների բովանդակությանը, նա ասաց, որ այսօր բոլորս ականատես ենք լինում դրանց իրագործմանը. «Դրանք են՝ եկեղեցու պղծումը, նոր դասընթացներ, որոնք դպրոցում արդեն առկա են, եկեղեցու պատմություն առարկան դպրոցից հանելը, պատմության վերանայումը, և այլն: Այդ թվում՝ կան նաև Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ծրագրեր, որոնք չեն բխում ՀՀ շահերից»:

Հարցին՝ այսինքն՝ Արցախի հարցում առաջարկվել է ոչ հայանպաստ լուծո՞ւմ, նա պատասխանեց. «Ոչ միայն՝ ոչ հայանպաստ, այլև՝ դավաճանական»:

Ճշտեցինք՝ այդ պատվիրակության հայ ներկայացուցիչները համաձայնե՞լ են այդ լուծումներին:

«Ամեն դեպքում խոսակցական մակարդակում համաձայնել են, հետո պետք է քայլերով դա ապացուցեին, և երևի շատ դանդաղ տեմպերով են իրականացվում այդ խոսակցական պայմանավորվածությունները, այսօր ես դրանով եմ պայմանավորում, որ ադրբեջանական կայքերում այդպիսի սլիվներ են տեղի ունենում: Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է շանտաժի ենթարկել ՀՀ ղեկավարությանը, որ արագ իրականացնեն այդ բոլոր քայլերը»,- պարզաբանեց նա:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ