25 09 2020

Իշխանությունները ևս մեկ անգամ իրենց ոտքերը սրբեցին արդարադատության վրա․ Իվետա Տոնոյան

Իշխանությունները ևս մեկ անգամ իրենց ոտքերը սրբեցին արդարադատության վրա․ Իվետա Տոնոյան

Ազգային անվտանգության  շենքի դիմաց հավաքված են ԲՀԿ  առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կուսակցիներն ու աջակիցները։ Նրանք  Գագիկ Ծառուկյանին ճանապարհեցին  «Երևան-կենտրոն» քրեակատարողական հիմնարկ  «Ծառուկյան», «Նիկոլ հեռացիր» վանկարկումներով և ծափահարություններով։

Ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կենտրոնացրել Նալբանդյան փողոցում։

Հիշեցնենք, որ րոպեներ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, բավարարեց ԲՀԿ առանորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու քննիչի միջնորդությունը։   Ծառուկյանը չէր ներկայացել դատարան, այլ ԱԱԾ մոտ սպասում էր դատարանի որոշմանը։

«Պարոն Ծառուկյանն ասաց, որ սա միանշանակ քաղաքական հետապնդում է։ Այն հանգամանքը, որ Գագիկ Ծառուկյանը հարկ չէր համարել այցելել առաջին ատյանի դատարան, հենց վկայում է  այն մասին, որ առավել քան վստահ էինք, որ դատարանը կատարելու է  իրեն տրված քաղաքական հանձնարարությունը և Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը բավարարելու է։

Պարոն Ծառուկյանն իր թիմակիցներին ևս  մեկ անգամ հորդորց չընկճվել, պայքարն ավարտին հասցնել, ևս մեկ անգամ նշեց այն խնդիրները, որոնք բարձրաձայնել է, նշեց, որ քաղաքական պատվերի հեղինակները պատասխանատվություն են տալու  ժողովրդի, Աստծո առաջ»,- լրագրողներին ասաց ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը։

Նա նշեց, որ Գագիկ Ծառուկյանը բացարձակապես ընկճված չէր, քանի որ իրենց համար առավել քան հստակ է, որ քաղաքական հաշվեհարդար է, պատվեր է։

«Դատարանի որոշմամբ  մեր պնդումները վերահաստատվեցին, որ սա ընդամենը քաղաքական պատվեր է, պարզապես իշխանությունները  ևս մեկ անգամ իրենց ոտքերը սրբեցին արդարադատության վրա, այս գործընթացում իրենք իրենց առաքելությունը փայլուն իրականացրեցին, բայց վստահաբար  իրենք դրա պտուղները չեն մարսելու»,- ասաց Ի.Տոնոյանը։

ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը հայտարարեց, որ իրենք իրենց հետագա քայլերի մասին հաջորդաբար կտեղեկացնեն. «Իսկ այն, որ կառավարության կազմի 100 տոկոսի, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հեռացումը այլևս հրամայական է, հստակ է: Հենց ադ մասին են վկայում երկրի բարձրագույն իշխանության կողմից քաղաքական ընդդիմախոսների հանդեպ սանձազերված քաղաքական հետապնդումները»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ