Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է
Իսկ ո՞վ պետք է լուծի այսօրվա խնդիրները
Տոնն անցավ, և օրեցօր ահագնացող խնդիրները շարունակում են թակել մեր պետության ներքին ու արտաքին դռները։
Այս խնդիրներով հանդերձ, մեր դիլետանտակերտ իշխանությունները որոշել են 2050թ. ուրվագծել։ Ի՞նչ է սա, եթե ոչ ավանտյուրա։ Փաստացի՝ 2,5 տարի է նրանք խոսում են անցյալից, որպեսզի մեղադրեն նախորդ իշխանության ներկայացուցիչներին ու «շոուի աղմուկով ծածկեն» իրենց դատարկամիտ անկարողությունը։ Իսկ հիմա որոշել են խոսել շատ հեռու, երևակայական 2050թ-ից, որպեսզի անխելք մարդկանց հույսով անեն ու խուսափեն այսօրվա ծանր պատասխանատվությունից։
Պատմության մեջ, տարբեր պատճառներով շատ կատավարություններ ու ղեկավարներ են մեղադրվել, բայց ո՛չ խաբեության համար։ Նիկոլ Փաշինյանի կաստան երևի միակն է լինելու, որ պախարկվելու է հանրային խաբեության, պետական ռեսուրսների ու քաղաքական ժամանակի անարդյունավետ վատնման համար։
Նախորդ տասնամյակում աշխարհն ավելի կայուն ու կանխատեսելի էր, սակայն այսօրվա աշխարհն այնքան փոփոխական է ու լատենտ, որ անգամ խոշոր միջազգային կառույցներն են դժվարանում երկարաժամկետ ծրագրեր կազմել։ Իսկ մեր «խելոքները» իրենց թույլ են տվել 30 տարվա մարգարեություն անել։ Իսկ ո՞վ պետք է լուծի այսօրվա ու վաղվա խնդիրները, Ջիվանին կասեր «խելքի՛ աշեցեք»։
Բացի այդ, ասենք թե գրել են, ու որպես ցանկություններ՝ վատ ցանկություններ չեն գրել։ Ի վերջո բոլորս էլ ունենք երազանքներ։ Բայց քաղաքականությունը իրականություն է ու հնարավորի արվեստ։ Իսկ ովքե՞ր են այն մասնագետները, որոնք կազմել են այդ «ռազմավարական երազները» և պատրա՞ստ են արդյոք նրանք հրապարակային հիմնավորել իրենց սահմանած ցուցանիշներն ու նպատակները։
Կամ եթե հենց այնպես, ըստ ճաշակի գրելով է, ապա ինչո՞ւ օրինակ չեն գրել, որ 2048թ. Հայաստանը պաշտոնապես պետք է դառնա ատոմային երկիր և այլն։
Պարոնա՜յք լրջացեք, և զբաղվեք ձեր կարճաժամկետ խնդիրներով, որովհետև Հայաստանի ապագայի հետ դուք կապ չե՛ք ունենալու, ու Աստված մի արասցե, որ ձեր նման կառավարություն էլի լինի։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը