22 09 2020

Ես կերազեմ լինել ՀՀ ղեկավարի ենթակա․ Արցախի նախագահ

Ես կերազեմ լինել ՀՀ ղեկավարի ենթակա․ Արցախի նախագահ

«Ես կերազեմ լինել ՀՀ ղեկավարի ենթակա»,- Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։ «Մեր գործընկերային հարաբերությունները որևէ մեկը չի կարող կասկածի տակ դնել»,- հավելեց նա։ Հաղորդավարի հարցին՝ «իսկ առաջ գործընկերային չի՞ եղել», պատասխանեց․ «Գործընկերային է եղել, բան չունեմ ասելու»։

Հաղորդավարը հարց էր ուղղել Արցախի նախագահին՝ հակադարձելու համար Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ օրերս քաղաքագետների հետ ունեցած հարցազրույցում տեսակետին, թե՝ «Մենք եղել ենք գործընկեր։ Հիմա Ղարաբաղը դարձրել են ենթակա։ Ես սրա մեջ շատ մեծ վտանգ եմ տեսնում»։

ՀՀ երկրորդ նախագահն ասել էր․ «Նույնացնել Ղարաբաղը Հայաստանի հետ՝ դա այն կարմիր գիծն է, որը չի կարելի հատել։ Այն ինստրուկցիան է, որտեղ պետք է կարմիր գույնով գրած լինի՝ մի՛ արա։ Որովհետև առաջինը՝ նույնը չէ։ Ղարաբաղում իմ նախագահության ժամանակ մենք Հայաստանի հետ միշտ եղել ենք գործընկեր, ունեցել ենք լուրջ հակասություններ, երբեք այդ հակասությունները հանրային քննարկման թեմա չենք դարձրել։ Բայց եղել են՝ Քելբաջարի վերադարձի շուրջ, Աղդամի և մյուս շրջանների ազատագրման հարցերի շուրջ։ Այո, եղել են լուրջ հակասություններ, բայց մենք մեր գործը արել ենք և հետո նստել բանակցային սեղանի շուրջ, փորձել եզրեր գտնել, բարիշել, չթշնամանալ, բայց մեր հեռահար նպատակները չենք զիջել միայն նրա համար, որ մեր հարաբերությունները լավ լինեն։ Չենք հրաժարվել։ Եվ, ի պատիվ այն ժամանակվա իշխանություններին, կարող եմ ասել, որ նրանք էլ այդ հարաբերությունների լարվածությունը չէին վերածում ինքնանպատակի Ղարաբաղին ինչ-որ տեղ ճնշել, փողից զրկել, ֆինանսովորումը կանգնեցնել, սպառազինություն չուղարկել։ Այդպիսի բան չի եղել։ Հիմա վտանգը դրա մեջ է։ Մենք եղել ենք գործընկեր։ Հիմա Ղարաբաղը դարձրել են ենթակա։ Ես սրա մեջ շատ մեծ վտանգ եմ տեսնում։ Առաջինը, մենք բանակցային գործընթացում տարբեր մոտեցումներ լյուֆտն ենք կորցնում, որովհետև եղել են ժամանակներ, երբ ուղղակի Տեր-Պետրոսյանը ասում էր՝ հիմա ղարաբաղցիք ինձ չեն լսում, ի՞նչ անեմ, գնացեք համոզեք։ Եվ դա թատրոն չէր, դա բնական իրավիճակ էր, բան չէր կարող ասել։ Դու ում ուզում, Ղարաբաղում գործից ազատել ես տալիս, ում ուզում ես՝ նշանակել ես տալիս։ Չես կարող ասել, որ ղարաբաղցիք չեն ընդունում այս կամ այն մոտեցումը։ Հիմա գործընկերոջ կարգավիճակից ենթակայի կարգավիճակի բերելը ծանրագույն վնաս է հասցնում ամբողջ գործըթացին և, ի դեպ, Ղարաբաղի անվտանգությանը։ Ես մի քիչ ընդհանրացնում եմ, բայց նաև չեմ մոռանում կոնկրետ հարցը։ Այո, հակասություններ եղել են։ Չի եղել, որ Արկադի Ղուկասյանի հետ ամիսներով չշփվեմ, բայց Արկադի Ղուկասյանը համառորեն պաշտպանում էր, և Ղարաբաղն, ընդհանրապես, շատ ավելի ռադիկալ պետք է լինի բանակցային գործընթացում, քան Հայաստանը։ Բաներ կար, որ ինձ դուր չէր գալիս, բայց սրտի խորքում, համոզված եմ, որ ճիշտ է անում, և ուրախ էի, որ ճիշտ է անում։ Էդ պահին կարող է մի քիչ դուրդ չգա, բայց հաջորդ օրը ասում ես՝ ճիշտ է անում։ Նույնացումը ամենից վտանգավոր բանն է»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ