Zham.am-ը գրում է.
Նախորդ հանգստյան օրերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կատարել իր վրա վերցված պարտականութնունները, որոնք նա խոստացել էր իրականացնել Ադրբեջանի նախագահի հետ Դուշանբեում հայտնի վերելակային հանդիպման ժամանակ:
Ըստ Ադրբեջանի նախագահի, Նիկոլ Փաշինյանը վերելակում ժամանակ է խնդրել Ալիևից, որպեսզի կարողանա իր «դիրքերն ամրապնդել ներքաղաքական կյանքում», «հայ ժողովրդին պատրաստի խաղաղության», «կանխի նախկինների «ռևանշը» և «կյանքի կոչի ղարաբաղյան հակամարտության կարգավորման այնպիսի տարբերակ, որը ընդունելի կլինի նաև Ադրբեջանի ժողովրդի համար»:
Թե՛ Իլհամ Ալիևի խոսքերում, թե՛ դրան հաջորդած վերլուծություններում, որոնք տեղ են գտնում ադրբեջանական մամուլում կարմիր թելով անցնում է այն միտքը, որ Բաքվում հիասթափված են Նիկոլ Փաշինյանից և ընդգծում են, որ փաստացի միակ անձը, ով ունակ է «ղարաբաղյան հարցը կարգավորել»՝ դա Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է, ով չէր վախենում իր վրա պատասխանատվություն վերցնել և ոչ պոպուլյար գաղափարների մասին խոսել Հայաստանում, ինչպես նաև չէր վախենում իրական քայլեր ձեռնարկել «հարցը կարգավորելու համար»:
Այդ փաստը պետք է մտորելու տեղիք տա հայ ժողովրդի համար, ով պետք է մտածի, թե ինչպե՞ս ստացվեց, որ մեր թշնամու դիրքորոշումները համընկնում են մեր երկրի նախկին ղեկավարի դիրքորոշումների հետ:
Իրականում այդ ամենի մեջ չկա սենսացիա: Այն, որ Բաքվի համար, ինչպես նաև Անկարայի համար Հայաստանի նախընտրելի ղեկավարը Լևոն Տեր-Պետրոսյանն է հայտնի է վաղուց: Հայտնի է նաև այն, որ ադրբեջանցիներն ունեին շատ մեծ սպասելիքներ Նիկոլ Փաշինյանից:
Դեռ մեկ տարի առաջ, երբ ԵԱՀԿ մինսկի խմբի ամերիկացի նախկին նախագահ Մեթյու Բրազյան «168 ժամ» օրաթերթին տված իր հարցազրույցում ընդգծել էր, որ Բաքվում ամենաբարձր մակարդակներով վստահություն է ձևավորվել Հայաստանի նոր ղեկավարի՝ Նիկոլ Փաշինյանի հանդեպ, և Բաքվում ցանկանում են իր հետ միասին առաջ ընթանալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, սակայն ընդգծել էր նաև, որ միշտ կան կասկածներ առ այն, թե ունակ կլինի արդյո՞ք Փաշինյանը էֆեկտիվորեն կոնսոլիդացնել սեփական քաղաքական ուժը և դիմագրավել նախկին իշխանությունների ճնշումներին՝ ղարաբաղյան հակամարտության կարգավարման համատեքստում:
Ինչպես տեսնում ենք, դեռ մեկ-մեկուկես տարի առաջ Ադրբեջանի իշխանամերձ շրջանակները հստակ ասում էին, որ իրենք ունեն սպասելիքներ Նիկոլ Փաշինյանից, բայց դրա հետ մեկտեղ հենց իրենք գիտակցում էին, որ մեր քաղաքական դաշտում Փաշինյանը կարող է դիմադրության հանդիպել, և որ հենց այդ դիմադրությունը կարող է Փաշինյանին հետ պահել պաշտոնական Բաքվի սպասելիքներն արդարացնելուց:
Թե ինչ ներքաղաքական զարգացումների մասին էր խոսքը, թե ինչ քայլեր է ձեռնարկել Փաշինյանն Ալիևին տված խոսոտւմներն իրականացնելու համար մենք կխոսենք մեր հաջորդ հոդվածում: Հիմա պարզապես արձանագրենք, ինչպես և տարիներ առաջ, այնպես էլ հիմա Հայաստանում Ադրբեջանի համար նախընտրելի ղեկավարը՝ Լևոն Տեր-Պետրոսյանն է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը