168.am-ը գրում է.
«Քաղաքական բանավեճի ու մշակույթի մակարդակն իջել ու իջնում է՝ հասնելով անթույլատրելի ցածր կետի։ Մտքերի, գաղափարների, ծրագրերի փոխարեն՝ քաղաքական դիսկուրսում տիրապետում են հայհոյանքն ու ատելությունը, անձնական կեղտոտ տեղեկությունների հրապարակումը։ Այս գործընթացը ոչ միայն խրախուսվում է իշխանության կողմից, այլև իշխանությունը դրա ուղղակի մասնակիցն է ու համար առաջին հրահրողը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ու ստատուսագրությամբ։
Էլիտաների խնդիրը, որը տարբեր դրսևորումներով, հատկապես հեղափոխությունից հետո, անընդհատ քննարկվում է հանրային-քաղաքական դիսկուրսում, այս լույսի ներքո միանգամայն այլ երանգ է ստանում։
Հայաստանը, փաստորեն, ունի նոմինալ քաղաքական էլիտա, որն իր վարքագծով ու գործունեությամբ ոչ թե փորձում է բարձրացնել հանրային գիտակցության մակարդակը, այլ ինքն է իջնում այդ գիտակցության ստորոտներ։ Ոչ թե իջնում է, այլ, ինչպես ցույց է տալիս կյանքը, չի կարողանում բարձրանալ այդ ստորոտներից, որտեղ գտնվել է սկզբնապես։ Իսկ դա նշանակում է, որ բովանդակային առումով Հայաստանն ունի ոչ թե ընտրախավ կամ վերնախավ, այլ հակաէլիտա, որը նոմինալ իմաստով զբաղեցրել է քաղաքական էլիտայի կարգավիճակը։
Կարճաժամկետ հատվածում այս հակաէլիտար իրավիճակը հասարակության համար ապահովում է դիտարժան տեսարաններ, իշխանությունը կամ այլ քաղաքական խմբեր ստանում են մանր դիվիդենտներ, սակայն երկարաժամկետ հեռանկարում դեգրադացնում է ոչ միայն ուղղակի քաղաքական կյանքը, այլ նաև հանրային, հասարակական հարաբերությունները, քանի որ հանրությունն ամեն օր լսում ու տեսնում է հայհոյանք, ատելություն, ցածրարժեք խոսք։ Այս իրավիճակն ակնհայտորեն ունի շահառու, հակառակ պարագայում չէր գեներացվի ու չէր հասնի նման խայտառակ մակարդակի։ Իսկ շահառուն առաջին հերթին ու առավելապես՝ իշխանությունն է, անձամբ Նիկոլ Փաշինյանը, քանի որ նա էժան արժեքների, մարդկային ցածր բնազդների կառավարիչ է, հայհոյանքի ու ատելության ասպետ։ Գիտակից, բարձրարժեք, մտածող ու վերլուծող, վերլուծող ու քննադատող, քննադատող ու պահանջող հասարակությունն ուղղակի հակացուցված է Փաշինյանին, քանի որ նրա իշխանությունն ուղղակի կապիտուլյացիայի կենթարկվի այդպիսի հանրության առկայության պարագայում։
Իսկ դա նշանակում է, որ առաջիկայում, դեռ շատ երկար ժամանակ մենք լսելու ու տեսնելու ենք հայհոյանք, ցածրարժեք խոսք, մարդկային ու քաղաքական ապաբարոյականության նորանոր գլուխգործոցներ։ Դա այն գինն է, որը պետությունն ու հասարակությունը վճարում են էլիտայի կարգավիճակն ուզուրպացրած հակաէլիտա ունենալու համար»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը