18 09 2020

Ղարաբաղի անկախությունը նրանց համար ավելի դժվար էր ընկալվում, քան Հայաստանին միանալը․ Ռոբերտ Քոչարյան



ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպում է ունեցել փորձագետների հետ՝ ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման թեմայով։ Ներկայացնում ենք հատված հարցազրույցից։

- Որոշ չափով դեղատոմսը նշեցիք, թե ինչպես ուժեղացնել մեր բանակցային դիրքորոշումը՝ նշելով մի քանի կետեր՝ բանակը, տնտեսությունը, բայց հայկական կողմերը և Ադրբեջանը ի սկզբանե հանդես եկան երկու հակադիր դիրքերից՝ ամբողջականությունը և ինքնորոշումը։ Դուք նշեցիք Քի-Վեստը։ Ի՞նչ է տեղի ունենում Քի-Վեստում, որը տեղի չի ունենում հետագայում, և արդյո՞ք մենք մոտ ենք եղել ենթադրենք Կազանում այն նույն կետին, որը եղել է Քի-Վեստում, և արդյո՞ք հետագայում բանակցային գործընթացում կար ինչ-որ մի կետ, որը մոտ է եղել դրան, որ կարող էր բերել բանակցային գործընթացի իրական առաջխաղացմանը։
Ռոբերտ Քոչարյան – Այդ աստիճան մոտ երբեք չենք եղել։ Քի-Վեստում Հեյդար Ալիևը վերջին պահին հրաժարվեց ստորագրել պատրաստ պայմանագիրը, և հրաժարվելու մասին հայտարարեց հենց այնտեղ, երբ որ Քոլին Փաուելը բացեց այդ հանդիպումը։ Նրանց համար անակնկալ էր։ Ես նայում էի ամերիկացիների դեմքերին։ Պատասխանատուն Քերի Քավանոն էր, քրտնած էր։ Ես գրքում նկարագրել եմ այդ դրվագները։ Անակնկալի են եկել բոլորը։ Բայց այն ժամանակ մոտ մեկ շաբաթ ես տեսնում էի, որ Հեյդար Ալիևը գալու է և հրաժարվի։ Ես երկու անգամ դեսպանին հրավիրել եմ և ասել, որ այն քննարկումները, որոնք կազմակերպվել էին Ադրբեջանի խորհրդարանում, ուղղակի հուշում էին, որ հող է նախապատրաստվում հրաժարվելու համար։ Չլսեցին․ հիմա ստացան էն, ինչ որ ստացան։ Այդ կարգի մոտիկ հարցի կարգավորմանը երբեք չենք եղել մինչ այդ և դրանից հետո։        

- Իսկ ի՞նչ էր իրենից ներկայացնում այդ փաստաթուղթը, որից Հեյդար Ալիևը հրաժարվեց։

Ռոբերտ Քոչարյան –  Որքան հիշում եմ, Վարդան Օսկանյանը նույնիսկ հրապարակել էր իր գրքում այդ փաստաթուղթը։ Դա, ըստ էության, Ադրբեջանի կողմից Ղարաբաղից հրաժարվելն էր։ Ղարաբաղը միանում էր Հայաստանին։ Մեր զիջումն այն էր լինելու, որ մենք համաձայնվում ենք Մեղրու շրջանում սուվերեն ճանապարհի իրավունք տալ։ Նույնիսկ այն ժամանակ այդ ճանապարհի մոդելավորումը ցույց տվեցին։ Դա հիմնականում լինելու էր թունել-էստակադաների տեսքով։ Մոտավորապես նման բան կա Բալկաններում․ այն ճանապարհը, որը կապում է Դուբրովնիկը Խորվաթիայի մյուս մասի հետ։ Դուբրովնիկը անկլավ է Բոսնիա-Հերցեգովինայի տարածքում, և մոտավորապես նման կարգավորում կա այնտեղ։

- Պարոն նախագահ, կարո՞ղ ենք ասել, որ դա Ղարաբաղը ճանապարհի դիմաց գործարքի նման բան էր, որովհետև հասարակության մեջ տարբեր միֆեր են շրջանառվում՝ Մեղրիի շրջան և այլն։ Կուզենայի մանրամասնեք, որպեսզի հասարակությանը պարզ լինի, ինչի՞ շուրջ էր այդ գործարքը։

Ռոբերտ Քոչարյան – Այո, Ղարաբաղը միանում էր Հայաստանին։ Հետաքրքիրը գիտե՞ք ինչն էր։ Ղարաբաղի անկախությունը նրանց համար ավելի դժվար էր ընկալվում, քան Հայաստանին միանալը։ Գուցե տարօրինակ հնչի, բայց այն ժամանակ, իմ տպավորությունը սա էր։ Այո, նրանք իհարկե ուզում էին տարածքների փոփոխություն, և Ալիևը հայտնել էր այդպիսի ցանկություն։ Սրա մասին ես նույնպես գրքում գրել եմ, բայց մենք բանակցել ենք միայն սուվերեն ճանապարհի մասին, և այդ ճանապարհի իրավունքն էր այն ենթադրյալ պայմանագրի նախագծում, որը կարող էր ստորագրվել Քո-Վեստում։ Եվ դրա դիմաց բացվում էին նաև բոլոր ճանապարհները, կոմունիկացիաները։ Այդ դեպքում պետք է բացվեր նաև ճանապարհը Ադրբեջանից Նախիջևան։ Ուղղակի տվյալ դեպքում սուվերեն իրավունքը ենթադրում է, որ դու չես որոշում, ինքը կարող է օգտվել այդ ճանապարհից, թե ոչ։ Միևնույն է, այդ ճանապարհները պետք է բացվեին, այդ միջանցքից նրանք կօգտվեին, ուղղակի այդ օգտվելու երաշխիքների հարցն էր։

- Իսկ ի՞նչ մոտիվացիայով էր Ադրբեջանն սկզբից պատրաստ, իսկ վերջին պահին հրաժարվել։

Ռոբերտ Քոչարյան – Հրաժարվելը հասկանում եմ, թե ինչու է եղել։ Նաև ճաշի ժամանակ Հեյդար Ալիևը բացատրեց ինձ։ Մենք իրար մոտ էինք նստած, ինքը բացատրեց, որ չէր սպասում Ադրբեջանում այդպիսի արձագանքի։ Այդ ժամանակ, եթե չեմ սխալվում, հրաժարական տվեց Վաֆա Գուլուզադեն, Տոֆիկ Զիլֆուգարովը՝ իր աշխատակազմից։ Մի շարք հրաժարականներ եղան։ Ինքը ասաց հետևյալը․ «Ես կարծում էի, որ իմ հեղինակությունը թույլ կտա այս բարդ որոշումը կայացնել և կյանքի կոչել»։ Ու ասաց, որ «ես ոնց որ թերագնահատել եմ այս հարցի զգայունությունը ժողովրդի համար և գերագնահատել իմ ազդեցության աստիճանը»։ Նա շատ ազնիվ խոստովանեց։

- Պարոն նախագահ, ուզում եմ շարունակել այդ թեման, որովհետև Քի-Վեստի պատմությունն առանձին վերցրած շատ հետաքրքիր է։ Մի օրինակ բերեմ, որ խնդրի ցավոտ կողմերը լավ հասկանանք։ Մի շատ ազդեցիկ ռադիո կա Հայատանում, որն ուսումնասիրում է Ձեր նախագահության 10 տարիները և Քի-Վեստի մասին առանձին հոլովակ կա, և մոտավորապես այսպիսի միտք կա, որ այն ժամանակվա Կոմունիստների ղեկավարը Սերգեյ Բադալյանը քանի որ դեմ էր Մեղրին հանձնելու, դրա մասին հրապարակավ ասել է հարցազրույցում, և դրանից երկու օր անց Մոսկվայում սրտի կաթված ունեցավ և մահացավ։ Պարզ է, ինչ ենթատեքստ կա այդ ամենի մեջ։ Ցավալի է, բայց դա կա, դա գրված է, և այսօր դա բոլորը կարող են կարդալ։ Դուք այդ ժամանակ Հեյդար Ալիևի հետ շատ հանդիպումներ եք ունեցել, 10-ից ավելի, հաշվում էին Ձեր հանդիպումները։ Վերջերս էլ ինչ-որ մի տեղ գրած էր, որ մի հատ էլ 94-ին Մոսկվայում ոչ հրապարակային հանդիպում է եղել։

Ռոբերտ Քոչարյան – Գրքումս գրած է․ 1993 թվականին, Մոսկվայում, Տոլստոյի առանձնատանը։

- Եթե հնարավոր է, մի քիչ բացեք, թե այդ հանդիպման ժամանակ ինչ խոսակցություն էր գնում, ու նաև այն տեսանկյունից, որ Դուք ասում եք, հրաժարականներ են եղել, Ալիևը ասել ա, որ գերագնահատել է իր ուժերը։ Կա նաև հետևյալ վարկածը, որ քանի որ այդ ժամանակ ինքը արդեն գիտակցում էր, թե ինչքան է իրեն մնացել և ուզում էր իշխանությունը փոխանցել որդուն, իր կողմից մի փոքր բլեֆի պահ կա, որ նա ուզում էր ցույց տալ կոնստրուկտիվ լինելը, որ բոլորը աչք փակեն նրա վրա, որ իշխանությունը փոխանցվելու է որդուն, որը շարունակելու է նույն կոնստրուկտիվ դիրքորոշումը։

Ռոբերտ Քոչարյան – Չեմ կարծում։ Դա ենթադրությունների վրա հիմնված տեսակետ է։ 2001 թիվն էր, այն ժամանակ առողջական որևէ խնդիր նա չուներ, միտքը պարզ էր։ Անիմաստ եմ համարում մեկնաբանել ինչ-որ բամբասանքների մակարդակով լուրերը։ Մեկ-մեկ բաներ են գրում, որ մեղսունակության հարց է առաջացնում՝ գրողի կերպարի նկատմամբ, դրա համար եկեք փաստերից խոսենք, այլ ոչ թե փորձենք այս սեղանի շուրջ բամբասանքներ մեկնաբանել։

 

Տեսանյութն ամբողջությամբ՝ երկրորդ նախագահի Youtube-ի պաշտոնական էջում։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ