18 09 2020

Բանակցելիս էական նշանակություն ունի այդ մարդու կշիռը․ իրենից ի՞նչ է ներկայացնում․ Ռոբերտ Քոչարյան



ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպում է ունեցել փորձագետների հետ՝ ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման թեմայով։ Ներկայացնում ենք հատված հարցազրույցից։

- Պարոն նախագահ, դուք նշեցիք հակասությունների մասին և հիշատակեցիք լիսաբոնյան գագաթաժողովի որոշումները, որից բխեցին նաև այդ փուլային տարբերակի առաջարկը։ Ինչպե՞ս Ձեզ հաջողվեց այս իրավիճակը փոխել։ Լիսաբոնում պարզ դարձավ, որ ամբողջ աշխարհը Ղարաբաղը ճանաչում է Ադրբեջանի մաս և ինքը պատրաստ չէ տեսնել Ղարաբաղի ինքնորոշումը Ադրբեջանի կազմից դուրս։ Զուտ տեխնոլոգիական իմաստով՝ ի՞նչ քայլերի դիմեցիք, որ փոխվեց իրավիճակը։

Ռոբերտ Քոչարյան – Մեկ քայլով չէր, մեկ քայլի կոմբինացիա չէր։

- Այո, պարզ է։ Առաջին քայլը ո՞րն էր։

Ռոբերտ Քոչարյան – Երկու, երեք, չորսը չէ, հաստատ։ Մի քանի գործոն միասին աշխատեցին։ Առաջինը․ ընդհանրապես ինչի՞ շուրջ էր Հայաստանում կոնֆլիկտը։ Կարո՞ղ է Հայաստանը զարգանալ՝ առանց Ղարաբաղի հարցի կարգավորման, թե՞ ոչ։ Առաջին նախագահի հետ հրապարակային բանավեճը հենց դրա շուրջ էր։ Որովհետև համոզմունք կար, որ Հայաստանը չի կարող զարգանալ, «Սերգո ջան, լավ չես ապրելու, քանի կա Ղարաբաղի հարցը»։ Հիշո՞ւմ եք այս հայտնի հայտարարությունը։ Հիմա մենք պետք է ապացուեինք, որ այդպես չէ։ Եթե դու մտածում ես, որ Հայաստանը չի կարող զարգանալ, ուրեմն քո համար Ղարաբաղը բեռ է, որից պետք է օր առաջ ազատվել։ Հնարավոր է լավ տարբերակով, հայանպաստ տարբերակով, բայց, այնուամենայնիվ, ընկալումը, որ սա բեռ է, կար։ Մեր խնդիրը եղել է ապացուցել, որ դա այդպես չէ։ Որ դա բեռ չէ, դա հնարավորություն է։ Ղարաբաղի մարտունակությունը, ընդհանրապես,   անվտագության հարցերում քո մոտեցումը, Հայաստան-Ղարաբաղ հարաբերություններում ասիմետրիկ կոնֆեդերատիվ ինչ-որ բան կառուցելը լրացուցիչ ուժ է հաղորդում, և բանակցային գործընթացում դիտորդները սկսում են հասկանալ, որ դու բեռից ազատվելու հոգեբանությամբ չես առաջ շարժվում։ Եվ վերագնահատվեց ամեն ինչ։ Եթե մենք տնտեսական հաջողություններ չունենայինք, նաև այս մոտեցումը չէր փոխվի։ Բանակցային գործընթացում վճռականությունը, տնտեսական հաջողությունները, նաև բանակի ակնհայտ ուժեղացումը, Ռուսաստանի հետ հարաբերությունների, հատկապես ռազմատեխնիկական ոլորտում ավելի բարձր աստիճանի հասցնելը․ այս բոլոր կոմպոնենտները բերեցին նրան, որ միջնորդները սկսել են հասկանալ, որ Ղարաբաղից արագ ազատվելու մոտիվացիա չկա։ Հակառակը, կա Ղարաբաղը շատ և շատ երկար պահելու, ուժեղացնելու մոտիվացիա, և, ի վերջո, ապագայում Հայաստանի հետ միավորելու մոտիվացիա կա։ Նման պարագայում իհարկե մոտեցումները փոխվում են, որովհետև միջնորդը ուզում է հաջողության հասնել, բայց հաջողության հասնել հնարավոր տարբերակների մեջ։ 1999-2000-2001 թվականներին նրանց համար հաջողության հասնելու այլ տարբերակ արդեն գոյություն չուներ։

- Որտե՞ղ առաջացավ այդ բեկումը, որ նրանք զգացին, որ այլ տարբերակ չկա։

Ռոբերտ Քոչարյան – Դա մի օրում չի առաջացել։ Բանակցային գործընթացում մենք դա 1-2-3 տարվա մեջ զգացել ենք։ Ես, օրինակ, զգացել եմ․ ինչքան մեր մոտ վիճակը ամրանում էր, այնքան ավելի հարգանքով էին սկսում վերաբերվել և ընդունել քո դիրքորոշումը։ Հետո կյանքում էլ է այդպես․ եթե մարդիկ ինչ-որ հարցի շուրջ բանակցում են, էական նշանակություն ունի այդ մարդու կշիռը։ Մարդն իրենից ի՞նչ է ներկայացնում։ Սենց ծնկի վրա չոքած վիճակո՞ւմ է, թե՞ ամուր ոտքերի վրա կանգնած և պայքարելու պատրաստ է։

Տեսանյութն ամբողջությամբ՝ երկրորդ նախագահի Youtube-ի պաշտոնական էջում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ