16 09 2020

Հիմա «մոռացել» են Ղարաբաղին սեղանի շուրջը նստեցնելու իրենց պնդման մասին. Անդրանիկ Թևանյան

Հիմա «մոռացել» են Ղարաբաղին սեղանի շուրջը նստեցնելու իրենց պնդման մասին. Անդրանիկ Թևանյան

 

Քաղաքագետ Անդրանիկ Թևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Կար ժամանակ, երբ հայտարարվեց, որ պաշտոնական Երևանը Ղարաբաղի հարցով չի բանակցելու, որովհետև նման մանդատ չունի, և որ Ղարաբաղը պետք է նստի բանակցային սեղանի շուրջը։

Հիմա «մոռացել» են Ղարաբաղին սեղանի շուրջը նստեցնելու իրենց պնդման մասին։ Համենայնդեպս կա զրո շարժ այս ուղղությամբ։ Ավելի ճիշտ՝ այդ մոտեցումը հանգեցրեց այն բանին, որ Ղարաբաղը սեղանի շուրջը չնստեց, բայց փոխարենը սուբյեկտայնություն ստացավ, այսպես կոչված, Ղարաբաղի ադրբեջանական համայնքը։ Մինսկի խումբն էլ կոշտ ձևով փակեց բանակցային մասնակիցների ձևաչափի փոփոխության թեման, ինչին ՀՀ իշխանությունը լուռ համաձայնություն տվեց՝ փաստացի ընդունելով սեփական տապալումը։

Ինչ մնում է բանակցությունները լինել–չլինելուն, ապա այսօր վարչապետը ընդունեց, որ պաշտոնական Երևանը բանակցում է և պատրաստ է բանակցել՝ կառուցողական գնահատելով առանց նախապայմանների բանակցելու համանախագահների վերջերս արած կոչը։

Ուշագրավն այն է, որ Փաշինյանը նեղսրտում է, որ Ալիևը որպես նախապայման է տեսնում Ղարաբաղն Ադրբեջանի կազմում տեսնելը, բայց դրան ի հակակշիռ չի նշում սեփական նախապայմանն, ըստ որի՝ հակամարտության ցանկացած լուծման դեպքում Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Պաշտոնական Երևանը բանակցություններում նախընտրում է առաջնային համարել Ղարաբաղի անվտանգության հարցը, իսկ ինքնորոշման հարցում կիրառում է «առանց սահմանափակումների» լղոզված ու երկիմաստ ձևակերպումը»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ