Հանուն ճշմարտության պետք է ասել, որ «Նիկոլ&Comp» թիմն այնուամենայնիվ մի քանի «տաղանդ» ունի․
* անվերջ խոսել և ոչինչ չասելը,
* թացն ու չորը իրար խառնելը,
* առաջնայինն ու հարյուրերոդականը տեղերով հիմնավորապես փոխելը․․․
Անշուշտ, այսպիսի աճպարարությունները խիստ կարճաժամկետ արդյունավետություն ունեն, և արդյունքում ունենք հետևյալ պատկերը․
Առաջին կետը հանգեցրեց նրան, որ իշխանության ներկայացուցիչներին ավելի ու ավելի քիչ մարդ է լսում ու դիտում։ Զարմանալի չի լինի, եթե պարզվի, որ հանդիսատես-ունկնդիրների ճնշող մասն էլ լրագրողներն են աշխատանքի պարտադրանքով։
Երկրորդ կետի արդյունքը իշխանավորների ստերի անդադար բացահայտումն է, ինչը հանգեցրել է վստահության խորը ճգնաժամի։ Ճարտարախոսությամբ քողարկված սուտն է այս իշխանության դեմքը, որն արդեն ճաքեր է տալիս կեղծիքի գերադոզավորումից։
Դե, իսկ երրորդ «տաղանդը» ամենից ազդեցիկ ու արդյունավետն է՝ մարդկանց զգոնությունը բթացնելու առումով։ Այնքան է շեփորահարվում որևէ մի հազարերորդական իրադարձություն կամ միջոցառում, որ ժամանակդ ու նյարդերդ խնայելու համար դադարում ես հետևել նորություններին։
Ամեն մետր ասֆալտն ու վարչապետի կենցաղային տեսարաններով լցված լրահոսը տեղում դոփելու զգացողություն է առաջացնում։
Անկարևորը կարևորին ստորադասելու փայլուն օրինակ են պաշտպանիչ դիմակներն ու ՀԴՄ կտրոնները։ Տնտեսագիտության տեսության հիմնադիր Ադամ Սմիթը հիմա երևի գերեզմանում հազար անգամ շուռ եկավ՝ իմանալով, որ ՀԴՄ կտրոնն է տնտեսության հիմքը։
Համավարակի դեմ պայքարում ևս, չկարողանալով հենց սկզբից արդյունավետ միջոցներ ձեռք առնել, պետության հիմնական գործը համարեցին դիմակ կրելու պարտադրանքը՝ աչքաթող անելով առաջնային կարևորության առողջապահական խնդիրները, որոնց մասին տարբեր կողմերից հուշում էին ոլորտի մասնագետները։
Դիմակ կրե՛ք, ՀԴՄ խփե՛ք, երջանկություն զգացե՛ք․․․ Իսկը տոտալիտար երկրի կարգախոս։
Լավ, ասենք թե շա՜տ ենք ուզում հավատալ, որ ապրում ենք աշխարհի ամենաժողովրդասեր երկրում․․․ Բայց արդյոք կարո՞ղ ենք։ Ո՛չ, քանի որ իսպառ բացակայում է անվտանգության և ապահովության զգացողությունը ոչ միայն Արցախի, այլև ՀՀ համար։
Թուրքիան աշխարհն է իրար խառնել իր հոխորտանքներով ու կոնկրետ գործողություններով։ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթ դարձնելու փաստը ապացույց է, որ Էրդոհանը չի զլանա հոխորտանքը գործի վերածելուց ։ Թուրքիան երբեք այսքան բացահայտ ու ագրեսիվ կերպով չէր աջակցել Ադրբեջանին։ Ադրբեջանն էլ հայտարարում է, որ «շուտով Թուրքիան է դառնալու Ադրբեջանի թիվ մեկ դաշնակիցը ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում»։
Սեպտեմբերի 13-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Եգիպտոսի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասաց․ «Մենք տեղեկություններ ենք ստանում օտարերկրյա ահաբեկիչ զինյալների օգտագործման մասին, ովքեր տեղափոխվելու են Ադրբեջան կամ գուցե արդեն իսկ տեղափոխվել են: https://www.mfa.am/hy/press-conference/2020/09/13/fm_shoukry/10442։
Սեպտեմբեր 14-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին հանդիպելու առաջարկ են արել՝ հրավիրելով նրանց «առաջիկա շաբաթներին անձամբ հանդիպել համանախագահների հետ՝ համապատասխան դիրքորոշումների հստակեցման համար, առանց նախապայմանների լուրջ բովանդակային բանակցությունները վերսկսելու նպատակով»:
Իսկ մեր իշխանությունները լուռ են։ Ի վերջո, ի ՞նչ վիճակում է բանակցային գործընթացը։ Ինչո՞ւ է իշխանությունը մտածում, որ հասարակության համար դդմիկի ու սպանախի արտանահման ավելացումն ավելի կարևոր է, քան Արցախի շուրջ ընթացող բանակցությունների բովադակությունը։ Հանրությունն իրավունք ունի, ուզում է և պետք է իմանա , թե ինչի շուրջ են բանակցում։ Հուլիսին տավուշյան դեպերից հետո, ոգևորված բանակի հաջողություններով, պարգևատրումներ արեցին․․․ ու վերջ, լռություն այս եռացող տարածաշրջանում։
Թող մեկն ու մեկն ապացուցի, որ ճիշտ քաղաքականություն է՝ Հայաստանի և Արցախի անվտանգության հարցը թողած կենտրոնանալ դիմակ-տուգանք-ՀԴՄ կտրոնի վրա․․․Այս ամենն ակամա հարց է ծնում՝ ի վերջո ո՞ւմ շահերն է առաջ տանում ՀՀ գործող իշխանությունը։
Լիա Իվանյան, գրող, հրապարակախոս
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը