168.am-ը գրում է․
«Կորոնավիրուսային համավարակի պայմաններում Հայաստանի Հանրապետություն վերադարձած մի քանի հարյուր քաղաքացիներ, որոնք ավանդաբար ապրել ու աշխատել են Ռուսաստանում, իրենց իսկ բնորոշմամբ՝ Հայաստանում անորոշության են մատնված, չեն գտնում համապատասխան աշխատանք և պահանջում են բացել Ռուսաստանի հետ սահմանները։
Օգոստոս ամսից ՌԴ մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիները բողոքի ակցիաներ են իրականացնում ՀՀ կառավարության, խորհրդարանի և այլ գերատեսչությունների շենքերի մոտ՝ պահանջելով բանակցություններ Ռուսաստանի հետ տվյալ թեմայի շուրջ, իսկ վերջին ակցիաների ընթացքում նաև պահանջում էին հանդիպում կազմակերպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Ուշագրավն այն է, որ ՀՀ իշխանությունների տարբեր ներկայացուցիչների պնդմամբ, ռուսական կողմի հետ բանակցություններ են ընթանում, սակայն, թե դրանք երբ արդյունք կտան, հայտնի չէ։ Ավելին, ՀՀ կառավարությունն օգոստոսի 12-ի որոշմամբ վերացրել է օտարերկրացիների՝ Հայաստան մուտքի արգելքը։
«Այսինքն՝ սահմանվել են, թե օտարերկրյա քաղաքացիներն ինչ պայմաններով կարող են գալ Հայաստան, դա ինքնամեկուսացման ռեժիմն է կամ ՊՇՌ թեստի հանձնումը ՀՀ-ում, ինչը նշանակում է, որ ՌԴ յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն ունի գալ ՀՀ՝ առանց պարետի հատուկ որոշումների»,- ասել էր ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Նաև հավելել էր․ «Այստեղից գնալու համար մենք արգելք չենք դնում ՀՀ որևէ քաղաքացու առջև։ Սա արդեն Ռուսաստանի Դաշնության կողմից տրված կարգավորումն է ու սահմանափակումը։ Մենք կառավարության այսօրվա որոշումով հանեցինք սահմանափակումը՝ գալ Հայաստան, արդեն մյուս հատվածը ՌԴ կառավարության որոշելիքն է։ Եվ Արտաքին գործերի նախարարությունն այդ առումով աշխատանքներ է տանում»։
Եվ իսկապես, ինչպես պնդում է թե՛ ՀՀ ԱԳ նախարարությունը՝ նախարարի, մամուլի խոսնակի մակարդակով, թե՛ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը, աշխատանքները ռուսական կողմի հետ շարունակվում են, սակայն հստակ չէ, թե երբ դրական որոշում կլինի ռուսական կողմից։
Հետաքրքրական է նաև այն հանգամանքը, որ Ռուսաստանն օգոստոս ամսից սկսել է հանել սահմանափակումները մի շարք երկրների՝ Շվեյցարիայի, Մեծ Բրիտանիայի, Միացյալ Արաբական Էմիրությունների, Տանզանիայի, Եգիպտոսի, Մալդիվների, ինչպես նաև Թուրքիայի համար, ուստի այս երկրների հետ անարգել երկկողմ ավիահաղորդակցությունը վերականգնված է, ու այս ֆոնին շատերն են մտահոգություն հայտնում, թե ինչու Հայաստանը, որը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ անդամ, չի կարողանում որոշում կորզել Ռուսաստանից ՀՀ քաղաքացիների համար։ Այստեղ հարկ է հիշեցնել նաև, որ ՌԴ-ն սահմանափակումները պահպանում է ԱՊՀ երկրների համար։ Սակայն Հայաստանում վստահություն կա, որ ՌԴ-ն Հայաստանի համար կարող է բացառություն անել։
168.am-ի ռուսական աղբյուրների փոխանցմամբ՝ մեղմացումների հարցում մի քանի գործոն է աշխատել։
Ըստ մեր աղբյուրի՝ սահմանափակումները վերացել են այն ուղղություններով, որոնք ամենապահանջվածն են եղել ՌԴ քաղաքացիների համար։
«Թուրքական ուղղությունը բացվեց միայն օգոստոսի 1-ից, սակայն մինչ դա՝ Անկարան երկար ժամանակ խնդրում էր ՌԴ իշխանություններից թույլ տալ ռուս զբոսաշրջիկների մուտքը Թուրքիա, Կրեմլը ոչ մի կերպ չէր համաձայնում, և խնդիրը միայն կորոնավիրուսի բարձր թվերը չէին, թեև դրանք իսկապես բարձր էին և շարունակում են բարձր լինել Ռուսաստանում։ Բայց մեկ այլ խնդիր Լիբիան էր, և ռուսական կողմը փորձում էր այդ ընթացքում առաջ տանել իր պայմանները, եթե հիշում եք, ընթանում էին բանակցություններ և շփումներ Ռուսաստանի և Թուրքիայի միջև։ Բայց ռուսաստանցի տուրիստները Ղրիմում և Սոչիում չէին ցանկանում հանգստանալ, զայրացած էին իշխանությունների քաղաքականությունից, ցանկանում էին հենց Թուրքիա, այս գործոնների համադրմամբ ստացվեցին այս մեղմացումները, բայց կար մեծ քաղաքական ենթատեքստ, դա կա նաև Հայաստանի դեպքում։ Հայաստանի դեպքում կա նաև մեկ այլ հանգամանք, որ Ռուսաստանում չկա առանձնահատուկ պահանջ Հայաստանի հետ հաղորդակցությունը վերականգնելու վերաբերյալ, ուստի իշխանությունները պատճառ չունեն ըստ էության հայկական կողմին ընդառաջ գնալու համար»,- ասաց մեր աղբյուրը։
Մեզ հետ զրույցում ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, ռուս քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովն ասաց, որ դա միայն ՌԴ որոշելիք հարցը չէ, և պետք չէ ստել ու ողջ պատասխանատվությունը դնել ՌԴ իշխանությունների վրա։
«Մի՞թե ՀՀ իշխանությունները չէին, որ մինչև վերջին օրը երկարաձգում էին կարանտինը, ռուսնե՞րն էին դա անում, մի՞թե Փաշինյանը չէր, որ պայքարում էր, որպեսզի պահպանվեր կարանտինը, ռուսնե՞րն էին կարանտին հայտարարում, ինչո՞ւ ստել և ասել, որ Ռուսաստանը պետք է որոշի։ Կարանտինն այնքան են երկարաձգել, որ բոլորս կարծում էինք՝ մինչև տարեվերջ էլ կերկարաձգեն։ Շատ տարբեր հարցեր կան հայ-ռուսական հարաբերություններում, եթե կարդանք հայկական մամուլը, ապա Ռուսաստանն ամեն ինչում է մեղավոր, բայց կարանտինը ռուսները չեն ստեղծել, այլ Փաշինյանի կառավարությունը, ռուսնե՞րն են կրկին մեղավոր։ Ի վերջո, վարակի առկայությունն անձնագրի գույնից չէ կախված, Մոսկվայում արդեն նույն պայմաններում ապրում ենք կես տարի ու խենթանում ենք, անկեղծ ասած, մենք ևս չափազանց դժգոհ ենք։ Կարծում ենք, որ այդ միջոցառումներն ահավոր չափազանցված էին»,- ասաց Մոդեստ Կոլերովը՝ շարունակելով, որ հետաքրքիր վերլուծություն կա այն մասին, որ Մինսկում ու Խաբարովսկում ցույցեր են տեղի ունենում, բայց հիվանդությունը չի տարածվում առանձնապես, ինչը հետաքրքիր փաստ է վերլուծության և որոշումների կայացման համար։
Նրա կարծիքով՝ կորոնավիրուսային հիվանդության ցուցանիշները կապ ունեն։
«Ես ևս հետևում եմ Ձեր ցուցանիշներին և տեսնում եմ, որ վերջին շաբաթվա ընթացքում, ի տարբերություն նախորդող շաբաթների, Հայաստանի համար բավականին աճում են թվերը կրկին։ Բայց երբ լինի բարենպաստ վիճակ համավարակի ցուցանիշների առումով, կարծում եմ, որ իրավիճակն ավտոմատ կերպով կփոխվի»,- ասաց Կոլերովը։
Մեր հարցին, թե ինչո՞ւ է ՌԴ Կառավարությունը հանել սահմանափակումները մի շարք երկրների համար, Կոլերովը պատասխանեց, որ այդ հարցում կապ է ունեցել պահանջարկն ու այդ երկրներում կորոնավիրուսային համավարակի իրավիճակը, ցուցանիշները։
«Վստահ եմ, որ, եթե ցուցանիշները լինեն բարենպաստ, դեպքերն էապես պակասեն, դրական որոշումներ կկայացվեն, սակայն դա կախված է իրավիճակից, իսկ այն անկանխատեսելի է»,- ասաց Կոլերովը»։