168.am-ի հարցազրույցը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ
– Սեպտեմբերի 2-ին նշեցինք Արցախի Հանրապետության հռչակման օրը, և հատկապես Արցախի դեպքում պետությունը և անկախությունն ամրապնդվում է ազատագրված տարածքների զարգացմամբ՝ վերաբնակեցում, շինարարական ծրագրեր: Ի՞նչ շինարարական ծրագրեր են իրականացվում կամ նախատեսվում ազատագրված տարածքներում: Կխնդրեինք մանրամասնել՝ ո՞ր շրջանում և շինարարական ի՞նչ աշխատանքներ են իրականացվում, իրականացվելու:
– Երբ 2006թ. Արցախն ընդունել է իր Սահմանադրությունը, մենք փաստացի հրաժարվել ենք տարածքներին հատուկ որակումներ տալուց: Կարծում եմ՝ շատ կարևոր է, որ հայկական լրատվամիջոցները, փորձագիտական ու հանրային տարբեր շրջանակներ ևս Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությունը դիտարկեն առանց տարբերակումների: Դա այլևս մեզ համար էական նշանակության հարց է, և ԱՀ Կառավարությունն իր քաղաքականությունը մշակել և իրականացնում է տարածքային համաչափ զարգացման սկզբունքով:
Այնուամենայնիվ, հաշվի առնելով Ձեր հարցի կոնտեքստը, նշեմ, որ այդպիսի ծրագրերը շատ են, որոնցում մեծ տեղ է տրված ենթակառուցվածքների զարգացմանը: Հատկապես կառանձնացնեի Խնձորեսկ-Իշխանաձոր-Հադրութ ավտոճանապարհի ասֆալտապատման ծրագիրը, որի առաջին փուլը կսկսենք արդեն ընթացիկ տարում:
Արդեն մեկնարկել են Վարդենիս-Մարտակերտ մայրուղուց դեպի Քարվաճառ տանող ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները: Վերաբնակեցված տարածքներում զուգահեռաբար իրականացվում են նաև բնակարանաշինության, դպրոցաշինության, հիվանդանոցաշինության, էլեկտրացանցի թարմացման, ոռոգման համակարգի կառուցման, գյուղատնտեսական և ներդրումային այլ մեծածավալ ծրագրեր, որոնք իրենց հերթին նպաստելու են հայրենադարձության ակտիվացմանը և տվյալ տարածքների կայուն զարգացմանը:
Միաժամանակ, պետք է հաշվի առնել, որ Արցախի Հանրապետության միջոցները սահմանափակ են, և վերաբնակեցված տարածքների արագ զարգացման ու մեծածավալ վերաբնակեցման համար անհրաժեշտ է համահայկական համախմբում և ֆինանսավորում: Առ այսօր համահայկական մասնակցությամբ զգալի ենթակառուցվածքային ծրագրեր են իրականացվել, սակայն դրանք բավարար չէի համարի: Ավելին, մեր մոտեցումն այն է, որ ենթակառուցվածքների զարգացմանն ու վերաբնակեցմանը զուգահեռ՝ պետք է ակտիվորեն խթանենք տնտեսական ակտիվությունը և նոր ներդրումները տվյալ շրջաններում:
– Լրագրողների հետ հանդիպմանը Դուք ասացիք, որ «նախկինում շատ ավելի խոսում էին ԼՂ ինքնորոշման իրավունքի ճանաչման, հետո՝ անվտանգության մասին, հիմա` ոչ, գլխավորն անվտանգությունն է»: Ինչպե՞ս եք պատկերացնում անվտանգության ամրապնդումը՝ առանց կարգավիճակի առաջնային կարևորման, արդյո՞ք սա կարելի է համարել նոր բանաձևի առաջարկ կամ առաջքաշում:
– Ընթացիկ տարում կայացած նախագահական երկրորդ փուլի ընտրություններից հետո իմ կողմից հրապարակվել են յոթ սկզբունքներ, որոնցով առաջնորդվելու է պաշտոնական Ստեփանակերտը: Այդ սկզբունքներում իրենց կարևոր տեղն ունեն անվտանգությունը, ինքնորոշման իրավունքի իրացման փաստի ճանաչումը և մի շարք այլ պայմաններ ու սկզբունքներ, որոնք պետք է ընդունել՝ որպես մեկ համախումբ, ոչ թե՝ առանձին-առանձին քննարկման ենթակա կետեր: Քանի դեռ այս հարցում նոր փոփոխություն չի եղել, դրանք շարունակում են մնալ մեր ելակետային դիրքորոշումն ադրբեջանաղարաբաղյան հիմնախնդրի վերջնական կարգավորման հարցում:
Ինչ վերաբերում է, թե որն է Արցախի համար առաջնային՝ ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչո՞ւմը, թե՞ անվտանգությունը, ապա դա արհեստականորեն ձևավորված երկընտրանք է, քանի որ մեկը գլխավորապես միջոց է, մյուսը՝ նպատակ: Այսինքն, ինքնորոշման իրավունքի իրացման փաստի ու անկախության միջազգային ճանաչումը ինքնանպատակ չեն, դրանք պետք է ծառայեն Արցախի բնակչության երաշխավորված տևական անվտանգությանն ու արժանապատիվ կյանքին սեփական հայրենիքում: Այդ արհեստական երկընտրանքի կողմնակիցները պետք է հետևյալ մտավարժանքով համոզվեն անվտանգության առաջնահերթության հարցում. եթե տեսականորեն ընտրելու լինեն երկու տարբերակի միջև՝ ա) զրո միջազգային ճանաչում փաստացի անկախության ու կայուն անվտանգության պայմաններում (օրինակ՝ Արցախի ներկա վիճակը), և բ) լրիվ միջազգային ճանաչում խիստ խոցելի ու անկայուն անվտանգային միջավայրով (օրինակ՝ մերօրյա Սիրիան կամ Ուկրաինան), ապա արդյո՞ք չէին ընտրի «Ա» տարբերակը: Քանի որ մենք կարծում ենք, որ մեր անվտանգային միջավայրը կարող է բարելավվել, եթե սեփական անվտանգային երաշխիքներին ավելանան միջազգային ճանաչմամբ պայմանավորված երաշխիքները, գլխավորապես այդ պատճառով, այո, մեզ համար կարևոր է միջազգային ճանաչումը, սակայն ոչ երբեք՝ մեր սեփական անվտանգային երաշխիքների հաշվին: Իսկ եթե առաջարկվում է մեր անվտանգության սեփական երաշխիքները փոխարինել միջազգային ճանաչումից բխող անորոշ երաշխիքներով, և Ադրբեջանն էլ անընդհատ անվտանգային իրական սպառնալիքներ է ներկայացնում՝ առանց միջազգային պատշաճ հակազդման, արդյո՞ք պարտավոր չենք ընդգծել մեր անվտանգության ապահովման առաջնահերթությունը բոլոր մնացած պայմանների հանդեպ:
Մենք շարունակում ենք ջանքերը՝ ուղղված Արցախի Հանրապետության բնակչության անվտանգության ու սեփական հայրենիքում արժանապատիվ կյանքի ապահովմանը, ներառյալ՝ մեր ինքնորոշման իրավունքի իրացման փաստի և անկախության միջազգային ճանաչման միջոցով: Սակայն, մյուս կողմից, ադրբեջանական շարունակական սպառնալիքների և հայոց զինված ուժերի կողմից դրանց արդյունավետ զսպման պայմաններում իրականության զգացողությունը չպետք է լքի մեզ: Մեր համազգային գործողությունների շնորհիվ հակառակորդը պետք է գիտակցի, որ հակամարտության խաղաղ կարգավորումը և հայոց պետականության ու Արցախի գոյությունն այլընտրանքներ չունեն, իսկ եթե կան որոշ այլընտրանքներ, ապա միայն իրենց համար ավելի վատ սցենարներով: Ի վերջո, որևէ մեկը կարո՞ղ է համոզել, որ «ուժն է ծնում իրավունքը» հայտնի սկզբունքը մեր ժամանակներում փոփոխություն է կրել:
Հ․Գ․ Հավելենք, որ Արցախի նախագահական երկրորդ փուլի ընտրություններից հետո Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ներկայացրել էր հակամարտության կարգավորման հետևյալ 7 սկզբունքները.
1. Արցախի Հանրապետության իշխանությունները պետք է լիիրավ ու լիարժեք հիմունքներով մասնակցեն հակամարտության խաղաղ և վերջնական կարգավորմանն ուղղված գործընթացի բոլոր փուլերին:
2. Արցախի ժողովրդի անվտանգությունը որևէ պարագայում չի կարող վտանգի տակ դրվել կամ սակարկության ենթարկվել:
3. Առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի առաջնահերթ ճանաչման հակամարտության կարգավորման որևէ տարբերակ չի կարող կողմերի միջև բովանդակային քննարկման առարկա դառնալ:
4. Պետք է հստակ երաշխիքներով բացառվեն հակամարտության կարգավորման գործընթացում ուժի ու դրա սպառնալիքի կիրառման փորձերը, քանի որ հայ և ադրբեջանցի ժողովուրդներն արժանի են խաղաղության մեջ ապրելու. այլապես Արցախի Հանրապետությունը պատրաստ է անհամաչափ հակահարված տալու նախահարձակ Ադրբեջանին՝ ռազմական գործողությունները նաև տեղափոխելով նրա տարածք:
5. Հակամարտության կարգավորման ցանկացած տարբերակում բացառվում են Արցախի իշխանությունների կողմից միակողմանի զիջումներ կամ անհամաչափ ու անհամարժեք փոխզիջումներ:
6. Հակամարտության կարգավորման և դրա հարակից գործընթացներում հայ փախստականներն ու ներքին տեղահանված անձինք պետք է իրավահավասար ներգրավվածություն ունենան ադրբեջանցի փախստականների ու ներքին տեղահանված անձանց հետ միասին, իսկ նրանց հիմնախնդիրները՝ միանման ու միաժամանակյա լուծումներ ստանան:
7. Միջազգային հանրությունը (առաջնահերթորեն՝ ԵԱՀԿ-ն և համանախագահ երկրները) պետք է բացառեն Արցախի բնակիչների իրավունքների՝ հակամարտությամբ ու ԱՀ միջազգային կարգավիճակով պայմանավորված խախտումներն ու սահմանափակումները, ներառյալ՝ մարդու իրավունքներին առնչվող ու մարդասիրական միջազգային ծրագրերից փաստացի մեկուսացումը, որոնք Ադրբեջանը փորձում է կիրառել առնվազն որպես ճնշման միջոց՝ ի հեճուկս միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքների:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը