Politik.am-ը գրում է․ «Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ցանկություն ունի հեռուստաընկերություն հիմնել։ Այս մասին շաբաթներ առաջ տեղեկություններ հայտնվեցին մամուլում։
Այսօր մեզ հաջողվել է որոշակի մանրամասներ ճշտել Արման Բաբաջանյանի այս մտադրության մասով։ Պատգամավորը ցանկանում է իր հակառուսական կողմնորոշում ունեցող 1in.am կայքը վերածել հեռուստաընկերության։ Բաբաջանյանը իր հեռուստաընկերության համար ֆինանսավորողներ է ճարել հենց այն հիմնավորմամբ, որ ստեղծվելիք հեռուստաընկերությունը, ինչպես իր կայքը, հակառուսական օրակարգ է ունենալու։
Չնայած այն հանգամանքին, որ Բաբաջանյանը վայելում է իշխանությունների աջակցությունը, օրենքի տեսանկյունից լուրջ խնդրի առաջ է կանգնած։ հեռուստահաճախականությունները շատ չեն Հայաստանում, իսկ եղածներն էլ իրենց վարձակալներն ունեն, որոնք վստահաբար մասնակցելու են նաև նոր մրցույթին։ Լիցենզավորման այս մրցույթի ընթացքում նախապատվություն է տրվելու այն հայտատուներին, որոնք վերջին երեք տարիների ընթացքում արդեն իսկ ունեցել են գործող հեռուստաընկերություն։ Արման Բաբաջանյանի լրատվական կայքը ինչպես հայտնի է այս պահանջին չի համապատասխանում։
Հակառուսական այս հեռուստաընկերությունը կարող է գոյություն ունենալ միայն մեկ դեպքում, եթե «Գրանդ Հոլդինգի» սեփականատերեր Վարդանյան եղբայրները իրենց պատկանող «ԱՐ» հեռուստաընկերությունը փոխանցեն Արման Բաբաջանյանին։
Մեր տեղեկություններով Արման Բաբաջանյանը արդեն իսկ համաձայնության է եկել Վարդանյան եղբայրների հետ և սիմվոլիկ գումարի դիմաց հակառուս այս գործիչը նվեր կստանա հեռուստաընկերություն։
Հետաքրքիր է, թե Վարդնյան եղբայրները ինչպես են շարունակելու ակտիվ գործունեություն ծավալել Ռուսաստանի Դաշնությունում և իրենց բիզնեսների համար այդ երկրի հաշվին ապահովել միլիոնավոր դոլարների հասնող եկամուտ, երբ այդ երկրի նկատմամբ թշնամական գործունեություն ծավալող անձին նվիրում են հեռուստաընկերություն։ Կարծում ենք այս գործարքի կայացման դեպքում Վարդանյան եղբայրները ստիպված կլինեն պատասխանել ՌԴ իշխանությունների որոշ հարցերի։
Ի դեպ մեր տեղեկություններով այս պահին արդեն իսկ որոշված է, որ Արման Բաբաջանյանի հեռուստաընկերությունում եթերաժամ է ունենալու սորոսականներ Դանիել Իոաննիսյանի և Արսեն Խառատյանի կազմակերպությունները։ Նրանց միջոցով, ըստ էության, կապահովվի հեռուստաընկերության ֆինանսավորումը սորոսի հիմանդրամի կողմից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը