Antifake.am-ը գրում է․ «Արթուր Մեսչյանը հեռանալուց առաջ պարգևատրվել է ոչ թե 1.800.000, այլ 2.350.000 դրամի չափով։
Ըստ աղբյուրի՝ նույն օրը՝ օգոստոսի 14-ին, երբ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը ստորագրել է 837-Ա կարգադրությունը, որով պարգևատրել էր գլխավոր ճարտարապետին 1 միլիոն 800 հազար դրամի չափով, պարգևատրման վերաբերյալ մեկ այլ կարգադրություն ևս ստորգարել է՝ ընդհանուր 7 միլիոն դրամի չափով պարգևատրելով Երևանի քաղաքապետարանի ղեկավար կազմին՝ թվով 20 աշխատակիցների, այդ թվում՝ Արթուր Մեսչյանին։ Մեսչյանը պարգևատրվել է 550,000 դրամի չափով։
Փաստորեն մեկ օրվա ընթացքում Մեսչյանը պարգևատրվել է 2,350,000 դրամի չափով, որը համարժեք է մոտ 4800 ԱՄՆ դոլարին։
Հիշեցնենք, որ սա Երևանի քաղաքապետարանից հեռացող պաշտոնյայի շռայլ պարգևատրման առաջին դեպքը չէ։ Երևանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Հարություն Թունյանը և քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը նույնպես պարգևատրվել են պաշտոնը թողնելուց առաջ, համապատասխանաբար, 1,700,000 և 2.280.000 դրամի չափով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը