18 08 2020

Վահրամ Ավետիսյանը իրավաբանորեն բացահայտեց «Իմ քայլի» սնանկությունը

Վահրամ Ավետիսյանը իրավաբանորեն բացահայտեց «Իմ քայլի» սնանկությունը

 

7or.am-ը գրում է.

«Ուշադրություն գրավեց Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանի հայտարարությունը: Եթե հակիրճ՝ նա հրաժարվեց ՍԴ դատավոր դառնալու գործընթացին հետագա մասնակցությունից, ինչը ձևակերպվում է որպես՝ «Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու մասին» համաձայնությունը հետ կանչել:

 Հատկանշականն այստեղ այն է, որ իրավաբանության դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Ավետիսյանը նման որոշում է կայացրել «իշխանական թիմի», նույն ինքը՝ Փաշինյանի «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպումից հետո: Պրոֆեսորն իր ֆեյսբուքյան գրառման մեջ մասնավորապես նկատել է. «...Սակայն «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից և հետագա քննարկումներից ինձ համար ակնհայտ դարձավ, որ պատգամավորների մի մասի՝ Սահմանադրական դատարանի դերակատարության, Սահմանադրական դատարանի դատավորի ապաքաղաքականացվածության և անկախության վերաբերյալ մոտեցումներն ու պատկերացումներն իմ մոտեցումներին և պատկերացումներին համահունչ չեն, իսկ որոշ դեպքերում նաև ինձ համար անընդունելի: Հետևաբար, նման իրավիճակում Ազգային ժողովում 80 ձայն ստանալը համարում եմ անիրատեսական, իսկ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու հետագա գործընթացին մասնակցելը՝ աննպատակահարմար»:

 Հրաշալի է ասված: Ավելի գեղեցիկ, իրավաբանորեն գրագետ բացահայտել «Իմ քայլի» սնանկությունը, երևի թե, դժվար կլիներ: Ոչնչացնող քննադատություն է, իհարկե:

 

Բայց մեկ-երկու հարց այնուամենայնիվ կա: Նախ, Վահրամ Ավետիսյանին: Առաջինը այն է, բնականաբար, որ երբ կառավարության կողմից նա առաջադրվում էր և, ենթադրաբար, տալիս էր ՍԴ դատավոր դառնալու գործընթացին մասնակցելու համաձայնություն, նա ի՞նչ պատկերացումներ ուներ գործող իշխանության, «իր քայլականների» «պատկերացումների և մոտեցումների» մասին:

 Լավ, մի՞թե Վահրամ Ավետիսյանը չէր հետևել կամ չէր տեսել այն բեսպրեդելը, որը գործող իշխանությունը գործադրեց՝ Սահմանադրական դատարանը գրավելու, Փաշինյանի կողմից անձնական թշնամի հռչակված անձանց ՍԴ-ից հեռացնելու և, ի վերջո, Սահմանադրական դատարան ասվածը ոչնչացնելու նպատակով:

 

Այսինքն, այն վակխանալիայից ու բացարձակ կամայականությունից հետո, ինչ ցուցադրեց Նիկոլ Փաշինյանը, յուր «քայլակիցների» հետ, իրավագիտության դոկտոր Ավետիսյանը նրանցից ա՞յլ բան էր ակնկալում: Անպատկերացնելի է:

 Նիկոլ Փաշինյանն ու իր «կամանդը» այնքան ասացին, թե սահմանադրական ճգնաժամ է (ոչ մի ճգնաժամ էլ չկար), մինչև իրենք հարուցեցին այդ «սահմանադրական ճգնաժամը» ու, գործնականում ոչնչացրեցին պետական ևս մեկ կառույց՝ Սահմանադրական դատարանը:

 Նման պայմաններում, բոլոր այն իրավաբանները, որոնք կհամաձայնեն առաջադրվել ՍԴ դատավորի թեկնածու, առավել ևս՝ կհամաձայնեն առաջադրվել ուզուրպատորի կառավարության կողմից, գոնե ազնվորեն պետք է խոստովանեն, որ դա անում են «կարիերայի» համար կամ փառասիրական մղումներից ելնելով: Միայն իր մասնագիտությունն արհամարհող իրավաբանը կարող է համաձայնել առաջադրվել նման բացահայտ բեսպրեդելի ընդունակ իշխանության կողմից: Կամ էլ՝ ծայրահեղ միամիտ մարդիկ են, որ կարծում են, թե ցուցադրածից բացի, փաշինյանական իշխանությունն ինչ-որ այլ պատկերացումներ էլ ունի Սահմանադրության կամ դատարանի, առավել ևս՝ Սահմանադրական դատարանի մասին:

 Ի դեպ, հետաքրքիր է և այն, որ երբ կառավարությունն առաջադրեց Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը, Փաշինյանի դեմ սկսեց աղմկել Տեր-Պետրոսյանական գվարդիան՝ պահանջելով, որ կառավարությունը հետ կանչի այդ թեկնածությունը:

 Գիտե՞ք, թե ինչով էին հիմնավորում այդ պահանջը: Ասում էին թեկնածուի հայրը՝ Դավիթ Ավետիսյանը 2008-2016-ին եղել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահը, այսինքն այդ շրջանում մարտի 1-ին վերաբերող գործերին էլ է առնչվել...:

 

Կարճ ասած, լևոնականների ժխոր-պահանջն այն էր, որ հայրերի համար որդիները պատասխան տան: Պատասխան տան, որ իրենց սրտով չէ որոշում կայացրել։ Դե, իրենց բոլորի պապերի կենսագրությունը մաս-մաքուր է, իրենց պապերը Մուղդուսուն մատնագրեր չեն գրել: Առավել ևս, իրենց առաջնորդի հայրը Ստալինի ժամանակ թունդ կոմունիստ չի եղել...

 Բայց դա էլ դեռ մի կողմ: Հիմա կատարվեց լևոնականների ցանկությունը. Վահրամ Ավետիսյանն, ըստ էության, հանեց իր թեկնածությունը:

 Կարելի էր ասել, թե՝ սպասենք, տեսնենք՝ ով կլինի կառավարության առաջադրելիք հաջորդ թեկնածուն: Բայց դա զուտ վիճակագրական հետաքրքրություն է: Պարզից էլ պարզ է, որ ով էլ լինի, պիտի համաձայնի ոչ միայն Նիկոլ Փաշինյանի, այլև նրա «քայլաթիմի»՝ հատկապես կիսագրագետ «իրավագետների» բացարձակ կամակատար լինելու նվաստացուցիչ դերին»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ