13 08 2020

Ձերբակալվել է Սերբիայում Ադրբեջանի դեսպանը

Ձերբակալվել է Սերբիայում Ադրբեջանի դեսպանը

Ձերբակալվել է Սերբիայում եւ Բոսնիա Հերցեգովինայում Ադրբեջանի դեսպան Էլդար Հասանովը: Այս մասին հայտնում է Turan-ը:

Պետական անվտանգության ծառայության զեկույցում ասվում է, որ նա ներգրավված է եղել երկրի արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչությունում ավելի վաղ հայտնաբերված յուրացումներում:

«Այս քրեական գործի քննության ընթացքում արտաքին քաղաքական գործունեության համար հատկացված պետական միջոցների յուրացման վերաբերյալ նոր փաստեր են հայտնաբերվել: Համակարգված ֆինանսական աուդիտի ընթացքում պարզվել է, որ Սերբիայում, Բոսնիայում եւ Հերցեգովինայում եւ Մոնտենեգրոյում երկրի դեսպան Էլդար Հասանովը կատարել է զգալի ֆինանսական եւ այլ խախտումներ: Այս գործի շրջանակներում Էլդար Հասանովը ձերբակալվել է»,- ասվում է հաղորդագրությունում։

Նշենք, որ Էլդար Հասանովը Ադրբեջանի նախկին գլխավոր դատախազն է: Նա մեկ օր առաջ ժամանել էր Բաքու եւ մասնակցել Ադրբեջանի եւ Սերբիայի Անվտանգության խորհուրդների ղեկավարների բանակցություններին:

Ավելի վաղ Բաքուն բողոք էր ներկայացրել Բելգրադին՝ Հայաստանին զենքի լիովին օրինական վաճառքի վերաբերյալ: Սերբիայի իշխանությունները նրբանկատորեն արձագանքել էին ադրբեջանական կողմին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ