Փաստինֆո-ն գրում է․ «Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը պաշտոնն ստանձնելուց անմիջապես հետո սկսել է պարգեւատրումներ ստանալ՝ ընդհանուր առմամբ 11 անգամ։ «Փաստինֆո»-ն ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկանում է, որ Զարեհ Սինանյանը 2019 թ.-ի հունիսի 14-ից մինչեւ դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում 7 անգամ պարգեւատրվել է։ Նշանակում է՝ սփյուռի գործերի գլխավոր հանձնակատարը յոթ ամիս շարունակ ամեն ամիս պարգեւավճար է ստացել՝ անգամ դեռ կատարված աշխատանքի արդյունքը տեսնելու, իսկ այս տարի՝ 4։
«Փաստինֆո»-ն պաշտոնական հարցում էր ուղարկել սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակ՝ տեղեկանալու, թե որքան է Զարեհ Սինանյանի պաշտոնական դրույքաչափը, որքան աշխատավարձ է ստացել նախորդ տարի եւ քանի անգամ է պարգեւատրվել։ Ստացված գրավոր պատասխանի համաձայն՝ Զարեհ Սինանյանի պաշտոնական դրույքաչափի գործակիցը 10.50 է՝ 694.470 ՀՀ դրամ։ Նախորդ տարի հունիսի 14-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը Զարեհ Սինանյանին վճարվել է 4.428.002 դրամ աշխատավարձ։ Բացի այդ՝ Զարեհ Սինանյանն ամեն ամիս պարգեւավճար է ստացել։ Յոթ ամսվա ընթացքում նա 7 անգամ պարգեւավճար է ստացել, որի գումարն ընդհանուր կազմում է 4.784.170 դրամ։ Սինանյանը պարգեւատրումները շարունակվել են նաեւ այս տարի՝ չնայած համավարակով ստեղծված ճգնաժամային իրավիճակին. 2020 թվականի առաջին կիսամյակում Զարեհ Սինանյանը պարգեւատրվել 4 անգամ, որի ընդհանուր գումարը կազմել է 2.738.000 դրամ։
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի աշխատողները նույնպես անմասն չեն մնացել պարգեւատրումներից։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի» Էդ. Աղաջանյանի ստրագրությամբ գրավոր ստացված տեղեկատվության համաձայն՝ 2020-ի առաջին կիսամյակում 4 անգամ պարգեւատրվել են նաեւ գրասենյակի աշխատակիցները՝ վճարվելով 23.077.400 դրամ։ «Հունվարին պարգեւատրվել է 36 աշխատող, որի համար հաշվարկվել է 7.560.400, մարտին պարգեւատրվել է 23 աշխատող եւ հաշվարկվել է 2.059.100 դրամ, ապրիլին՝ 29 աշխատող, ում վճարվել է 10.193.600 դրամ, իսկ հունիսին պարգեւատրվել է 20 աշխատող՝ 3.264.300 դրամի չափով։
Այսպիսով՝ ընդհանուր առմամբ հանձնակատարի գրասենյակին տրվել է շուրջ 63 հազար դոլարի պարգեւատրում։
Նկատենք, որ իրենց կատարած աշխատանքի համար այս տարի չորս անգամ պարգեւատրված աշխատակիցներից 10-ը վարչապետի որոշմամբ հուլիսի 28-ից ազատվեցին իրենց զբաղեցրած պաշտոններից։ Ըստ մամուլի հրապարակումների՝ թերացումների համար։ Ընդ որում՝ պաշտոնանկ արված աշխատակիցներն այս կամ այն երկրում հայ համայնքների հետ կապերի բաժնի պետերն էին, որոնք վեց ամսվա մեջ չորս անգամ պարգեւատրվել էին՝ չնայած աշխատանքից առկա դժգոհություններին։
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը հուլիսի 30-ի դրությամբ ունի 28 աշխատող եւ 1 քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը