12 08 2020

Կառավարությունն լուրջ գործը թողած՝ սկսել է շատ հեշտ խոսել մահերի մասին․ Վանեցյան․ Aravot

Կառավարությունն լուրջ գործը թողած՝ սկսել է շատ հեշտ խոսել մահերի մասին․ Վանեցյան․ Aravot

Aravot.am-ը հայտնում է․ «Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը aravot.am-ի հետ զրույցում խոսել է կորոնավիրուսի հետ կապված իրադրության, մահվան դեպքերի մեծ թվի մասին։

Անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է գնահատում վարչապետ Փաշինյանի երեկ արած հայտարարությունը, թե «ցավոք ունենք շատ զոհեր, բայց եթե միայն առողջապահական տրամաբանությամբ առաջնորդվեինք, սոցիալական կոլապսի առաջ էինք կանգնելու», Արթուր Վանեցյանը պատասխանել է․ «Այս ձևակերպումը մի քանի խորքային սխալ է պարունակում։ Նախ՝ այն ընդունելի չէ բարոյական տեսակետից. խոսքը 1000-ից ավելի մեր հայրենակիցների մասին է, և այդ թիվն առ այսօր կանգ չի առնում։ Այստեղ կարիք կա ավելի զգույշ և ավելի հարգալից խոսելու։ Հարցի շեշտադրումն ինքնին մեծ սխալ է պարունակում. չի կարելի հակադրել կյանքը (մահը) սոցիալական խնդրին։ Վարչապետը լավ չի ընկալել համաշխարհային միտումները. հակադրվում են կարանտինը (սահմանափակումները) և տնտեսությունը, սոցիալական խնդիրները, բայց ոչ երբեք՝ մարդկանց կյանքը»։

Նա նշել է, որ Հայաստանում կա 1000-ից ավելի մահ գրանցվել է ամենևին ոչ կարանտինի թուլացման պատճառով։

«Եթե վարչապետը նման բան է ասում իսկապես կարծելով, թե ինքը ճիշտ է, իրոք այդպես է մտածում, ապա իրավիճակը Հայաստանում չի շտկվելու։ Մեծ թվով մահերն ակնհայտորեն ունեն այլ պատճառներ, որոնք ունեն լուրջ և հրատապ ուսումնասիրման կարիք»,-ասել է նա։

Խոսելով Նիկոլ Փաշինյանի մեկ այլ դիտարկման մասին, երբ վարչապետը նշել էր, որ հիմա կորոնավիրուսի կորի անկում ենք արձանագրում, բայց մահվան դեպքերը դեռևս չեն վնասում, Արթուր Վանեցյանն ընդգծել է, որ պետք է պատճառները պարզել։

 

«Ակնհայտ է, որ ինչ-որ տեղ, ինչ-որ օղակներում կոպիտ սխալներ կան, որոնք էլ հանգեցնում են այս ողբերգական վիճակին։ Ես ցավում եմ, բայց կառավարությունն այդ լուրջ, ամենակարևոր գործը թողած՝ ուղղակի սկսել է շատ հեշտ խոսել մահերի մասին։ Կառավարությունը պետք է գտնի սխալները, իսկ դրանք կան, պետք է կարողանա հասկանալ՝ որտե՞ղ է հիմնական պրոբլեմը, որպեսզի կարողանա խափանել մահերի մեքենան։ Ամիսներ շարունակ թեսթերը, դեղորայքը, համակարգչային հետազոտությունը հազարավոր քաղաքացիների համար եղել են դժվար հասանելի կամ ընդհանրապես անհասանելի։ Գուցե մեծ թվով մահվան պատճառը հենց դրա՞ մեջ է։ Օրեր շարունակ վատառողջ, հիվանդ քաղաքացին չի կարողացել թեսթավորում անցնել (և դա եղել է համատարած), լսել է «ցուցում չկա» պատասխանը, որը հաճախ դարձել է դատավճիռ, կորցրել է շատ կարևոր օրեր՝ այդ ընթացքում չստանալով բուժում։ 5-6 օր հետո դրական թեսթով հիվանդը հաճախ արդեն միջին կամ ծանր վիճակում է. սա մահվան պատճա՞ռ չէ»,-ասել է նա։

Վանեցյանը նաև նշել է, որ կառավարությունը ոչինչ չի արել այդ օղակի սխալները շտկելու համար, տանը բուժվող քաղաքացիները միայնակ են եղել։ տասնյակ հազարավոր քաղաքացիներ ողջ ընտանիքով թանկ դեղորայք գնելու ի վիճակի չեն եղել։

« Սա վիճակի վատացման և մահվան պատճա՞ռ չէ։ Տասնյակ հազարավոր մեր քաղաքացիներ չունեն համակարգչային հետազոտության հնարավորություն. սա մահվան պատճա՞ռ չէ։ Մամուլում հայտնվում են սարսափելի պատմություններ, երբ պոլիկլինիկաներում ռենտգեն հետազոտություն են արել և «բան չկա» ձևակերպմամբ ուղարկել տուն՝ մահանալու։ Չէ՞ որ բոլորը վաղուց գիտեն, որ ռենտգեն հետազոտությունն այս հիվանդության պարագայում անիմաստ է։ Սա մահվան պատճա՞ռ չէ»,-ասել է նա։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ