07 08 2020

Պաշտոնեական դիրքի չարաշահու՞մ, վարչապետի օգնականի կողմից

Պաշտոնեական դիրքի չարաշահու՞մ, վարչապետի օգնականի կողմից

ՀՀ Վարչապետի կաբինետից ուղիղ միջամտությունը ուժային կառույցների գործերին այլևս այնքան բացահայտ է արվում, որ պաշտոնական հաղորդագրություններում նախընտրել են չթաքցնել այդ մասին: 

Խոսքը վարչապետի օգնական Սուրեն Ղամբարյանի օրերս արած «հերոսությունների» մասին է, որով միջամտել է ԱԻՆ-ի ու Ոստիկանության գործերին: Yerevan.Today-ին հայտնի դարձած տեղեկություններով՝ հուլիսի 29-ին, ժամը 17-ի սահմաններում ոմն Աթոյան ուզել է նետվի Հաղթանակի կամրջից, անցել է կամրջի արգելապատնեշից այն կողմ: Ականատեսների ահազանգով` անմիջապես դեպքի վայր է ժամանել ԱԻՆ փրկարարական ծառայությունը, շտապօգնության մեքենան ու ոստիկաններ: Ու մինչ փրկարար ծառայության հոգեբանը զրուցել-համոզել է քաղաքացուն, որպեսզի կանխի ինքնասպանությունը, հանկարծ անսպասելի դեպքի վայրում է հայտնվել վարչապետի օգնական Սուրեն Ղամբարյանը ու ծառայողական մեքենայով անմիջապես հեռացրել է տղամարդուն դեպքի վայրից, ինչի իրավունքը, բնականաբար, չուներ: Նման իրավիճակներում ընթացակարգով փրկարարների, հոգեբանի գործողությունից հետո հաջորդը ոստիկանությունը պիտի աշխատեր: Ստացվում է` կառավարության պաշտոնյան իր արարքով կանխել է ոստիկանության հետագա գործողությունները՝ գուցե թույլ չտալու, որ «սվոդկա կազմվեր», քննություն ընթանար ու նյութեր նախապատրաստվեր՝ Աթոյանի ինքնասպանության դրդապատճառները պարզելու համար:

Իսկ ինչու՞ է այդքան մտահոգված եղել վարչապետի օգնականn այս միջադեպով, ինչի՞ց է վախեցել կամ ու՞մ հրահանգով է նա այդքան արագ նետվել դեպքի վայր ու ոստիկանի ձեռքից «խլել» Աթոյանին, ո՞վ է Աթոյանը, ո՞ւմ եղբայրն է, բարեկամը կամ ո՞ր հայտնի քրեական գործով է նա հարկադրաբար ցուցմունք տվել (սա էլ վարկած է, խմբ): Եվ, ի վերջո, ի՞նչ իրավունքով է վարչապետի օգնականը միջամտել ուժայինի աշխատանքին, ո՞ւմ հանձնարարությամբ, ո՞վ էր նրան հայտնել Աթոյանի ինքնասպանության փորձի մասին և այլն: 

Սրանք խիստ էական հարցեր են, որոնց պատասխաններն ստանալու համար մենք կհետևենք ոմն Աթոյանի ինքնասպանության փորձին հաջորդած  իրավական պրոցեսներին, եթե, իհարկե, Քննչական կոմիտեում վարչապետի օգնականի ձեռքով դեպքը չի կոծկվել:

Այն որ Սուրեն Ղամբարյանն սեփական նախաձեռնությամբ ու իր մասնավոր շահի համար այսքան ինքնավստահ չէր կարող գործել, սրանում թերևս կասկածներ չկան: Մնում է հասկանալ՝ ո՞վ է համարձակվել վարչապետի օգնականին հանձնարարական տալ ու գործուղել դեպքի վայր՝ ինքնասպանվողին քննությունից փախցնելու համար… Սուրեն Ղամբարյանը, հիշեցնենք, նախկին իշխանության կադրերից է, Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին ՊԵԿ–ում բավականին լուրջ դիրքեր է զբաղեցրել. եղել է խոշոր հարկատուների հետ աշխատող ՊԵԿ արտոնյալներից մեկը, սակայն հեղափոխությունից հետո Իմ քայլական պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ ունեցած ընկերական կապի շնորհիվ չզտվեց ու չհեռացվեց համակարգից, ինչպես նախկինների հետ ասցացվող բոլոր սևերը, նա ՊԵԿ-ից տեղափոխվեց Նոր Հաստանի Պետական վերահսկողական ծառայություն:

Կես տարուց ավելի ՊՎԾ նտեսական ոլորտի վերահսկողության վարչության պետն էր, սա այն շրջանն էր, երբ համակրգը նախագահում էր Դավիթ Սանսարյանը, իսկ տեղակալներ էին Հայկ Սարգսյանն ու ներկայիս ԱԱԾ պետ Արգիշտի Քյարամյանը: Հայկ Սարգսյանի պատգամավոր դառնալուց հետո Սուրեն Ղամբարյանը հավանաբար նույն անձի հովանավորությամբ տեղափոխվեց սոցիալական պաշտպանության ոլորտ, նշանակվեց Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ, այսինքն՝ նույն Հայկ և Նաիրի Սարգսյանների հոր՝ Զարեհ Սարգսյանի երբեմնի զբաղեցրած պոստին: Այստեղ մեկ տարի պաշտոմավարելուց հետո Սուրեն Ղամբարյանը սոցապնախարար Զարուհի Բաթոյանի հետ անհաշտ աշխատա նքային պայմանների պատճառով շուտով հրաժարական տվեց ու ավանդաբար նույն Հայկ և Նաիրի Սարգսյանների թեթև ձեռքով դարձավ վարչապետ Փաշինյանի օգնական: Այս պաշտոնում նրա հիմնական զբաղվածությունը վարչապետին սոցոլորտին մոտեցնելն է, ենթադրաբար վարչապետի սոցցանցային գրառումների սոցիալական տեքստերն է ապահովում, ձեռագիրը նկատելի է առաջին հայացքից, ու ահա այս ոչ այնքան ծանրակշիռ ծառայության մատուցման դիմաց էլ, փաստորեն, վաստակել է վարչապետի մոտ վստահության մեծ պաշար, դրա համար էլ կարողանում է կանխել ոստիկանության անելիքը ու ինքնասպանվողին <<օքսիդացնել դեպքի վայրից>> :

Հիշենք, թե ինչ աղմուկ բարձրացավ տարիներ առաջ, երբ Կիևյան կամրջից ինքնսապանության փորձը անձամբ էր իր բանակցելով կանխել այն ժամանակվա ԱԻՆ լուսահոգի նախարար Արմեն Երիցյանը և երիտասարդին իր մեքենայով ուղեկցել էր նախարարություն:

Սա ոմանք համարեցին կեղծ հորինված պատմություն՝ հանուն նախարարի PR-ի, ինչը վիրավորել էր Երիցյանին, մինչդեռ Արմեն Երիցյանն իր մարդասիրական քայլով իրականում չէր խոչընդոտել ոստիկանության նախաքննական գործողությունները, և գոնե ԱԻՆ աշխատակցները մեկ մարդու պես բոլորը պնդում էին, որ Երիցյանը չի ինքնափիառվել, իրականում նույն պահին զուգադիպությամբ նա երթևկել է Կիևյան կամրջով ու առաջինն է օգնության հասել հուսահատ տղամարդուն, ով ցանկանում էր ինքնասպան լինել:

Հիշենք թեկուզ հունվարի 23-ին «Էրեբունի Պլազա» ներխուժած և կրակոցներ արձակած ահաբեկչին վնասազերծելուց հետո, երբ նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանը անձամբ իր ծառայողական մեքենայով բաժին տարավ հանցագործին, սա ևս մեծ աղմուկ էր բարձրացրել հանրության շրջանում ու որոշակի կասկածներ հարուցել։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ