07 08 2020

Այս իշխանությունները վախենում են ժողովրդի ըմբոստությունից. Գագիկ Համբարյան

Այս իշխանությունները վախենում են ժողովրդի ըմբոստությունից. Գագիկ Համբարյան

Այս իշխանությունների գլխավոր նպատակը ազատ երթերի, հավաքների արգելափակումն է: Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

«Այս արտակարգ դրության երկարաձգումը մեկ նպատակ ունի՝ թույլ չտալ ժողովրդին դուրս գալ փողոց և կապանքների մեջ պահել հասարակությանը, թույլ չտալ ազատ կամքի, խոսքի դրսևորման, ազատ խոսքի տարածման: Այլ տարբերակ չկա, որովհետև Հայաստանի իշխանությունները՝ ի դեմ Նիկոլ Փաշինյանի և նրա առողջապահության նախարարի, շատ վաղուց են տապալել կորոնավիրուսի դեմ պայքարը և դրա վառ օրինակը նույն Բելառուսն է, որտեղ ոչ մի պայքար չի եղել կորոնավիրուսի դեմ արտակարգ դրության կամ սահմանափակումների միջոցներով, բայց մենք տեսնում ենք, որ 1 մլն բնակչի հաշվարկով այնտեղ ավելի քիչ մարդ է վարակվել և մահացել, քան մեզ մոտ: Երեկ արդեն մահացածների թիվը մեզ մոտ անցավ 1000-ը, պատկերացնո՞ւմ եք փոքրիկ Հայաստանի համար դա բավականին մեծ գյուղի բանկչություն է»:

Գագիկ Համբարյանը նաև նշում է. «Իշխանություններն իրենք են ցանել այն, ինչ հնձում են, այսինքն իրենք հասարակությանն ապացուցեցին և ցույց տվեցին, որ այո, կարելի է փողոցի միջոցով ոչ միայն ճնշել կամ ստիպել իշխանություններին գնալ զիջումների, այլ նաև ընդհանրապես իշխանափոխություն կազմակերպել: Երկրորդ խնդիրը, որն ավելի կարևոր է, այս իշխանություններն իրենց խոստումները չեն կատարում և դա է պատճառը, որ հասարակության տարբեր շերտեր բողոքի ակցիաներ են իրականացնում: Սա ցույց է տալիս, որ պետական ապարատը չի գործում, իսկ եթե գործում է, կան բազմաթիվ կոռուպցիոն և պաշտոնական դիրքի չարաշահման դրվագներ, որոնք մարդկանց ստիպում են տեղեկան իշխանություններին չվստահելով գալ կառավարության շենքի դիմաց: Հաջորդ ամենակարևոր խնդիրը, որի հետ այս իշխանությունը կարող է առնչվել շատ շուտով, ծայրահեղ ծանր սոցիալ վիճակի էլ ավելի վատթարացումն է»:

Իսկ թե ինչ է արել ՀՀ կառավարությունը մինչև հիմա, որ ժողովուրդը գոհ մնա, Գագիկ Համբարյանն ասում է. «Ընդամենը մի անգամ միանվագ օգնություն է տրամադրել,  հասարակության համար սրասափելի դժվարամատչելի ծրագրեր, որոնք մարդ պետք է բարձրագույն մաթեմատիկա իմանա, որ հասկանա, թե դրանք իրենցից ինչ են պահանջում, որ լրացնեն, այդ գումարները ստանան: Բայց այդ միանվագ օգնություններով այս իրավիճակից դուրս գալ հնարավոր չէ, բացի այդ նաև հարց է առաջանում՝ ինչո՞ւ 2-րդ եռամսյակի համար վիճակագրական վարչությունը չի ներկայացնում տվյալներ տնտեսությունում տեղի ունեցող գործընթացների մասով, ո՞րն է պատճառը: Բոլոր երկրներում՝ ԱՄՆ-ն, Եվրամիության տարբեր երկրներ, նույն Ռուսաստանը ներկայացրել են, թե ինչ իրավիճակ ունեն, իսկ ՀՀ իշխանություններն ինչո՞ւ չեն հրապարակում, ումի՞ց են թաքուն պահում: Եվ հենց Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի դեմ պայքարը սկսելուց մի քանի օր հետո ասաց՝ մենք պետք է պայքարենք, որպեսզի այն հարթակները աշխարհում, որոնք ազատվում են, լրացնենք, շուկաների գրավվման մասին էր խոսում, հիմա անցել է մարտից 4-5 ամիս, բայց նա ոչ մի բան չի անում: Եվ այո, այս իշխանությունները շատ վախենում են ժողովրդի ըմբոստությունից, չնայած իրենք ցույց են տալիս, որ շատ վստահ են իրենց ուժերի վրա և իբր ժողովուրդն իրենց կողքին է, բայց ամեն դեպքում ժողովուրդը ավելի շատ հավատում է իր գրպանի ու սառնարանի պարունակությանը, քան Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների կեղծ և հեքիաթային խոստումներին»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ