31 07 2020

ՊԲ-ն պատրաստ է ազատագրել Արցախի գրավյալ տարածքները․ Արայիկ Հարությունյան



Քիչ առաջ վերադարձա Մարտունու շրջանից, որտեղ աշխատանքային հագեցած օրակարգ ունեի: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Շրջանի համայնքի ղեկավարների հանդիպմանը, բացի հիմնական հարցերից, անդրադարձել եմ նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ մեր Հանրապետության մասին երեկ հնչեցրած հայտարարությանը, որը խտացնում էր թեմայի վերաբերյալ նրա կառավարման ողջ շրջանի հռետորաբանությունը: Դրան կարելի էր և չարձագանքել, բայց մեր հայրենի հողում՝ այդ հողի մշակի ու պաշտպանի հետ զրույցում, մեկ անգամ ևս վերահաստատեցի այն, ինչ մտածում ենք, ինչի համար ապրում ենք, հանուն ինչի պատրաստ և ի վիճակի ենք մշտապես մարտնչելու», նշել է Արցախի նախագահը։

Արայիկ Հարությունյանը, մասնավորապես շեշտել է, որ Արցախի իշխանության ու ժողովրդի հետ քաղաքական ու ռազմական շանտաժի հռետորաբանությունը հղի է անդառնալի հետեւանքներով եւ տարածաշրջանում հումանիտար աղետով։

«Պաշտպանության բանակը, թիկունքում ունենալով հայ ժողովրդի անվերապահ աջակցությունը, պատրաստ է ոչ միայն պաշտպանելու մեր տարածքային ամբողջականությունն ու ժողովրդի անվտանգությունը, այլեւ, անհրաժեշտության դեպքում, ազատագրել Արցախի Հանրապետության գրավյալ տարածքները», հայտարարել է Արայիկ Հարությունյանը, ընդգծելով, որ չէր կարող անպատասխան թողնել Ադրբեջանի նախագահի վերջին՝ անհիմն, հայտարարությունները։

Արցախի նախագահը  խոստացել է աշխատանքային օրվա արդյունքներին անդրադառնալ վաղը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ