Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրացումը մտահոգության տեղիք է տալիս․ ԼՂ հակամարտությունը պետք է լուծել խաղաղ ճանապարհով։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության պետի տեղակալ Ալեքսեյ Զայցևը, գրում է ria.ru-ն։
«Ռուսաստանում մեծ անհանգստությամբ են ընդունել վերջին շրջանում մեր բարեկամ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրացումը։ Համոզված ենք, որ Լեռնային Ղարաբաղի բազմամյա հակամարտությունը, ինչպես և միջազգային ասպարեզում ցանկացած այլ տարաձայնություն, անհրաժեշտ է լուծել բացառապես խաղաղ, դիվանագիտական բանակցությունների ճանապարհով»,-նշել է Զայցևը՝ հավելելով, որ Ռուսաստանի ղեկավարությունը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ ջանքերը հետագա էսկալացիան թույլ չտալու համար, այդ թվում ՝ «տարածաշրջանում առանցքային գործընկերների հետ օպերատիվ փոխգործակցության միջոցով»: Զայցևը հիշատակել էՌԴ ԱԳՄ Սերգեյ Լավրովի՝ հայ և ադրբեջանցի գործընկերների հետ վերջին հեռախոսազրույցները։
Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը մեկնաբանել է նաև թուրք-ադրբեջանական զորավարժությունները:
«Մենք, բնականաբար, առավել ուշադիր ենք հետևում տարածաշրջանում տիրող իրավիճակին, հատկապես հաշվի առնելով վերջերս հայ-ադրբեջանական հակամարտությունը, և բոլոր կողմերին զսպվածության կոչ ենք անում, այդ թվում՝ նրանց ընթացիկ ռազմական գործունեության մեջ»,- հայտարարել է Ալեքսեյ Զայցևը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը