Նիկոլ Փաշինյանն իր սխալների վրա հասկացավ՝ ով է Իլհամ Ալիևը․ սա շատ անընդունելի վարքագիծ է, որովհետև եթե անձը փորձում է դիվիդնենտներ քաղել նախկիններին քննադատելուց և դրա մեջ նաև մտցնում է մեր բացահայտ թշնամիների հետ հարաբերությունները և փորձում է հասարկությանը խաբել և հետհեղափոխական էյֆորիայի ֆոնին ցույց տալ, որ ինքն ավելին կարող է, քան նախկինները, դրա արդյունքն այն է, ինչ մենք ունենք։ Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը։
Հիշեցնենք, որ վարչապետը դեռ մայիսին Ազգային ժողովում հայտարարել էր, որ Իլհամ Ալիևը կառուցողական դիրքորոշում ունի: Սակայն ընդամենը երկու ամսվա տարբերությամբ Փաշինյանը հակադարձել էր իրեն․ «Վերջին ամիսներին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բազմամյա ռազմական հռետորաբանությունը սրվել է և նա ավելի ագրեսիվ կերպով սպառնում է Ղարաբաղի հարցը լուծել ուժային մեթոդներով, բացահայտ կերպով ի ցույց դնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում տեղի ունեցող բանակցային գործընթացը վիժեցնելու իր մտադրությունը»: Ու հավելում է՝ Ադրբեջանն ի վերջո պետք է կառուցողական դիրքորոշում որդեգրի:
«Նիկոլ Փաշինյանն ընդունեց իր պարտությունը այս հարցում և ընդունեց, որ իր բնութագրմամբ կիրթ Ալիևի հետ, որ իբրև թե կառուցողական բանակցություններ էր վարում՝ առ ոչինչ է, և այդ ամենը բերեց նրան, որ հիմա ինքը կոնկրետ առնչվեց վերջին օրերին հայ -ադրբեջանական սահմանին տեղի ունեցած իրադարձությունների հետ։ Ցավոք, Փաշինյանը կրկին իր սխալների վրա սովորեց, որ մեր արևելյան հաևանների հետ պետք է լինել շատ զգույշ և բավական ագրեսիվ։ Ասում են՝ լավ է ուշ, քան երբեք, բայց ամեն դեպքում միջազգային հարեբերություններում և թշնամական երկրների հետ հարաբերություներում այդ կարգախոսներով պետք չէ առաջնորդվել։ Ի սկզբանե պետք էր հասկանալ, որ կառուցողական բանակցություններ չի կարելի վարել մի երկրի ղեկավարության հետ, որը բացահայտ ագրեսիվ հռետորաբանությամբ է հանդես գալիս ՀՀ-ի նկատմամբ»,- ասաց քաղաքագետը։
Համբարյանի խոսքով, Ադրբեջանի կողմից հենց հայ-ադրբեջանական սահմանին լարվածություն ստեղծելը անտրամաբանական էր, քանի որ, եթե Ադրբեջանը ունենար տարածք գրավելու խնդիր, գործողություններ կսկսեր արցախա-ադրբեջանական սահմանին․ «Այստեղ իրադարձությունները ունեին նպատակ՝ հայ հասարակությանը համոզելու, որ Հայաստանը չի կարող վստահել Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին։ Սա էր մեսիջը, որովհետև ՀՀ-ում վերջին շրջանում ակտիվորեն տարածվող հակառուսական հռետորաբանությունը և դրան հաջորդած Ադրբեջանի սանձարձակությունը Տավուշում ցույց է տալիս, որ այս ամենի հետևում կանգնած են այն ուժերը, որոնք Ռուսաստանին ցանկանում են վերջնականապես վտարել Հարավային Կովկասից և Ալիևը կատարեց այդ ուժերի պատվերը՝ միտումնավոր սադրելով Ռուսաստանին, որպեսզի վերջինս ակտիվություն դրսևորի և դրանից հետո Բաքուն կկարողանար Մոսկվային մեղադրել, որ չի կարող միջնորդ լինել ՄԻՆՍԿ-ի հիմանախագահների շարքում, որովհետև միջնորդը չի կարող բացահայտ պաշտպանել հակամարտող կողմերից մեկին»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը