ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներ, սենատորներ Բոբ Մենենդեսը և Քորի Բուքերը հայտարարություն են տարածել, որով դատապարտել են Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա:
Սենատորները խոր մտահոգություն են հայտնել Հայաստան-Ադրբեջան սահմանին ուժի կիրառման առնչությամբ՝ շեշտելով, որ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո խաղաղ, բանակցային գործընթացի փոխարեն ընտրել է բռնության ճանապարհը: Այդ իսկ պատճառով սենատորները կոչ են արել դադարեցնել ռազմական գործողություններն ու անմիջապես վերսկսել խաղաղ բանակցությունները:
«Բաքվի վերջին գործողությունները միայն բազմապատկել են բռնությունը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ եւ երկարաժամկետ լուծման հասնելուն ուղղված ջանքերին խոչընդոտել եւ ստիպել մեզ կրկին լուրջ հարցեր առաջ քաշել Ադրբեջանի կառավարությանն այժմ մեր կողմից տրամադրվող ռազմական օգնության ծավալների վերաբերյալ»,- ընդգծել են սենատորները:
Նրանք շեշտել են, որ ԱՄՆ-ի համանախագահությամբ ընթացող բանակցությունները տապալող ռեժիմին 120 միլիոն դոլարի ռազմական օգնություն տրամադրելն աբսուրդ է:
«Կոչ ենք անում Թրամփի վարչակարգին անմիջապես դադարեցնել այդ աջակցությունն ու լիարժեք հարգել Ազատության աջակցության ակտի 907-րդ ուղղումը»,- նշված է սենատորների տարածած համատեղ հայտարարության մեջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը