17 07 2020

Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակը` ընդգծելով միջնորդական ջանքեր ներդնելու Մոսկվայի պատրաստակամությունը: Այս մասին հեռավար անցկացված խորհրդակցության արդյունքներով հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Տեղի է ունեցել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ կարծիքների մանրամասն փոխանակում»,-ասել է Պեսկովը:

«Ծայրահեղ անհանգստություն է հայտնվել շարունակվող լարվածության կապակցությամբ, ընդգծվել է հակամարտող կողմերի կողմից հրադադարի ռեժիմի պահպանման անհրաժեշտությունը, ինչպես նաև` միջնորդական ջանքեր ներդնելու պատրաստակամությունը»,- հավելել է Պեսկովը:

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Հուլիսի 12-ին՝ ժամը 13:45-ին, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով` հետ շպրտվել:

Ադրբեջանական կողմը հրետակոծությունը շարունակել է նաև հուլիսի 13-ին և 14-ին։ Հուլիսի 15-ին սահմանին իրադրությունը համեմատաբար հանգիստ է եղել։

Ըստ վերջին տվյալների՝ ադրբեջանական կողմը պաշտոնապես հաստատված 12 զոհ ունի, հայկական կողմը՝ 4: Կան վիրավորներ:

Լույս հուլիսի 16-ին՝ ժամը 03:40-ի սահմանում, Ադրբեջանի զինուժը ձեռնարկել է դիվերսիայի փորձ: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել էր, որ դիվերսիայի փորձը կասեցվել է, և թշնամին կորուստ տալով հետ է շպրտվել: 05:20-ից սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից:

Անցած գիշերվա ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Հակառակորդը սահմանի բոլոր ուղղություններով կիրառել է միայն տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր։ ՀՀ ԶՈՒ-ն վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով»,-գրել է մամուլի խոսնակը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ