Հայաստանը մերժում է սպառնալիքի լեզուն և հանդես է գալիս խնդրի խաղաղ լուծման դիրքից: Այս մասին ասաց ՀՀ Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը՝ «Ինտերֆաքսի» խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի ղեկավարության վերջին օրերին արված հայտարարությունները խաղաղ գործընթացի վերաբերյալ։
«Ղարաբաղյան հակամարտությունը երեք կողմ ունի, որոնք հրադադարի մասին համաձայնագիր են ստորագրել: Նախկինում Ադրբեջանը բանակցություններ էր վարում ինչպես Լեռնային Ղարաբաղի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության հետ: Այնուհետև Ադրբեջանը հրաժարվեց բանակցություններից Լեռնային Ղարաբաղի հետ: Եթե այժմ Ադրբեջանը հրաժարվում է բանակցություններ վարել Հայաստանի հետ, ապա պարզ չէ, թե ում հետ է այդ երկիրը խոսելու ղարաբաղյան հակամարտության շուրջ: Ադրբեջանը մտադիր է վերսկսել բանակցությունները ղարաբաղյան կողմի հետ, թե՞ ոչ: Մենք չգիտենք:
Վերջերս Ադրբեջանը տարբեր ձևերով փորձում է պատերազմի սպառնալիքներով հանդես գալ: Եթե բանակցություններից դուրս գալու սպառնալիքն այս շարքից է, ապա դա մեզ չի զարմացնում և չի տպավորում:
Հայաստանը մերժում է սպառնալիքի լեզուն և հանդես է գալիս խնդրի խաղաղ լուծման դիրքերից»,- շեշտեց Աննա Նաղդալյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը