Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախարարների կաբինետի նիստում բողոքել է, թե մի քանի հազարանոց ցույցի ֆոնին զինվորագրվել ցանկացել են ընդամենը 150-ը։
«Ադրբեջանի այն քաղաքացիները, որոնք երեկ ասում էին «ես ուզում եմ կռվել Ղարաբաղում», թող գնան և իրենց անձնական տվյալները ներկայացնեն զորահավաքի պետական ծառայություն: Այսօր առավոտյան ես զրուցեցի զորահավաքի պետական ծառայության ղեկավարի հետ: Ես նրան հարցրեցի, թե քանի հոգի է այս օրերին դիմել ծառայության տարածքային բաժիններ`կռվելու գնալու ցանկությամբ: Ես կներկայացնեմ այս թվերը, թող բոլորը լսեն և վերլուծեն: Նա ասաց`մոտ 150 մարդ: Եվ քանի՞ հոգի կար երեկ Շեհիդների պուրակում: Հազարավոր։ Դիմողների թիվը 150 է: Ես հարցրեցի նրան, թե որտեղից են ամենաշատ դիմումները: Նա ասաց, որ 60 դիմում եկել է Թովուզից, որտեղ այժմ կռիվներ են ընթանում: Մնացածը Ադրբեջանի տարբեր մասերից են»։
Ադրբեջանի նախագահը ևս մեկ անգամ կրկնել է՝ ովքեր երեկ ասում էին «ես ուզում եմ կռվել Ղարաբաղում», թող գնան և իրենց անձնական տվյալները ներկայացնեն զորահավաքի պետական ծառայություն. «Թող նրանք թողնեն իրենց հասցեն, ցանկություն հայտնեն ծառայելու բանակում, և ճիշտ ժամանակին մենք կներգրավենք նրանց»:
Նա սրտնեղել է, թե հետո ինչ-որ մեկը բղավելու է, քաղաքական կապիտալ է կուտակելու «Ղարաբաղ» կարգախոսի ներքո, և հետո ի՞նչ: «Սա է իրական իրավիճակը: Ես ուզում եմ նորից ասել, որ այսօր մոբիլիզացման կարիք չկա: Անհրաժեշտության դեպքում մենք ունենք համապատասխան կառույց, կա Պաշտպանության նախարարություն: Մենք գիտենք, թե ինչ անել, երբ անել, ինչքան կենդանի ուժ է պետք, որպեսզի խնդիրները լուծենք: Եթե ինչ-որ մեկը ցանկանում է իրենից փողոցային հերոս կառուցել, ապա դա վատ միջոց է»,- Արմենպրեսի փոխանցմամբ, ասել է Ալիևը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը