Ադրբեջանի ռազմաքաղաքական էլիտան ինքն իրեն մղել է անկյուն եւ հայտնվել հիմար վիճակում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Նախ, սադրանքի դիմելով, հարձակվել է ՀՀ պետական սահմանի վրա` փորձելով ինչ-որ առավելություն ձեռք բերել եւ դա դարձնել ներքին սպառման առարկա՝ բազմաթիվ ներքաղաքական խնդիրներ կոծկելու համար:
Սադրանքը ֆիասկո է ապրել, որից հետո Բաքվում ադրբեջանական իշխանությունները պատերազմ պահանջող բազմամարդ ցույցեր են կազմակերպել, որոնք իրենց հերթին հակաիշխանական բողոքի ակցիայի վերածվելու նշաններ են ցույց տվել։
Այժմ Ադրբեջանի ռազմաքաղաքական էլիտան կանգնել է երկու ճանապարհի առջեւ, երկուսն էլ՝ հղի իշխանության տապալման վտանգով:
Եթե պատերազմ սկսեն, ապա այն կարճ է տեւելու, ու ավարտվելու է իրենց խայտառակ պարտությամբ, որի արդյունքում տապալվելու է այսօրվա ռազմաքաղաքական էլիտան:
Եթե պատերազմ չսկսեն սանձազերծված սադրանքի եւ աննախադեպ կորուստներից հետո, ապա ներքաղաքական պատասխանատվության ու հրաժարականների լեգիտիմ պահանջով կրկին տապալվելու է ռազմաքաղաքական ղեկավարությունը:
Կարծես՝ ելք չկա, բայց ես կարծում եմ՝ ելք կա։ Ելքն այն է, որ Ադրբեջանի իշխանությունը պետք է դադարեցնի կրակը եւ ներողություն հայցի եւ՛ իր ժողովորդից, եւ՛ հայ ժողովրդից:
Ինչ մնում է գործող բռնաընտանեկան էլիտային, ապա նրանց տապալումը ժամանակի հարց է:
Նրանց անփառունակ վախճանին բան չի մնացել»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը