14 07 2020

Փաշինյանը ՀՀ-ում Բելառուսի դեսպանի հետ խոսել է Ադրբեջանի գործողությունների մասին

Փաշինյանը ՀՀ-ում Բելառուսի դեսպանի հետ խոսել է Ադրբեջանի գործողությունների մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Իգոր Նազարուկին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Այս մասին հայտնում են Կառավարության լրատվության ծառայությունից։

Վարչապետը բարձր է գնահատել դեսպանի՝ պաշտոնավարման ընթացքում հայ-բելառուսական կապերի զարգացման ուղղությամբ ներդրած ջանքերը եւ հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի եւ Բելառուսի ղեկավարների միջեւ առկա է երկխոսության բարձր մակարդակ, երկու երկրներն ու ժողովուրդներն ունեն ավանդական բարեկամական հարաբերություններ, որոնք ամուր հենասյուն են դրանց շարունակական զարգացման եւ առկա ներուժի լիարժեք իրացման համար:

Վարչապետը կարեւորել է ինտեգրացիոն միավորումների՝ ՀԱՊԿ, ԵԱՏՄ շրջանակում բաց երկխոսությունն ու վստահելի գործընկերությունը: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ս.թ. հուլիսի 12-ից սկսած եւ մինչ օրս հայ-ադրբեջանական սահմանային դիրքերի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող սադրիչ գործողություններին եւ ընդգծել այս առնչությամբ Հայաստանի՝ ՀԱՊԿ գծով գործընկերների կառուցողական դիրքորոշման կարեւորությունը:

Ինչ վերաբերում է ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը, այս ուղղությամբ, Նիկոլ Փաշինյանի խոսքով, առկա է տնտեսական կապերի զարգացման մեծ ներուժ, հագեցած օրակարգ, եւ հետեւողական աշխատանքը թույլ կտա իրապես ավելացնել փոխադարձ ապրանքաշրջանառության, ներդրումների ծավալները:

Բելառուսի դեսպանը երախտագիտություն է հայտնել վարչապետ Փաշինյանին բարձր գնահատանքի համար եւ նշել, որ ներդրել է առավելագույն ջանքերը՝ երկու երկրների կապերը սերտացնելու ուղղությամբ: Նրա խոսքով՝ այս ընթացքում երկկողմ ապրանքաշրջանառության ծավալն աճել է ավելի քան 2 անգամ, ինչը խոսում է փոխգործակցության դրական դինամիկայի եւ այն խորացնելու երկկողմ պատրաստակամության մասին: Դեսպանն անդրադարձել է ընթացիկ եւ հեռանկարային ծրագրերին՝ գոհունակությամբ խոսելով Սեւանա լճի ափամերձ շրջակայքում հայ-բելառուսական անտառի հիմնման մասին, որի շուրջ աշխատանքը շարունակվում է: Նա նաեւ կարեւորել է առաջիկայում հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի վերսկսումը:

Ի.Նազարուկը նշել է, որ Հայաստանն ու Բելառուսն ունեն արդյունավետ քաղաքական երկխոսություն եւ զարգացող գործընկերություն ինտեգրված միավորումների շրջանակում: Նա անդրադարձել է ԵԱՏՄ շրջանակում երկու երկրների փոխգործակցությանը եւ այս առումով կարեւորել առաջիկայում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի անցկացումը:

ՀՀ-ում Բելառուսի դեսպանը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի լարման կապակցությամբ եւ դատապարտելի համարել էսկալացիան: 

Զրուցակիցները փոխանակվել են նաեւ կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի, կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ տեղեկատվությամբ ու փորձով՝ համոզմունք հայտնելով, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի հաղթահարել համավարակային ճգնաժամը:

Բելառուսի դեսպանն իր հարգանքն ու սերն է հայտնել Հայաստանի, հայ ժողովրդի, մեր հարուստ մշակույթի նկատմամբ եւ նշել, որ ջերմությամբ կհիշի մեր երկրում դիվանագիտական առաքելության տարիները:

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Նազարուկին ջերմ խոսքերի համար՝ ընդգծելով, որ նա կմնա Հայաստանի ու հայ ժողովրդի լավ բարեկամը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ