13 07 2020

Այս ռազմական միջադեպը չի առաջացել վակուումում․ Նիկոլ Փաշինյան



Երեկ՝ հունիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերը սադրիչ գործողություններ են ձեռնարել հայ-ադրբեջանական սահմանին՝ գրոհելով Տավուշի մարզի Մովսես գյուղի ուղղությամբ տեղակայված մեր սահմանային դիրքերը: Այս մասին այսօր՝ հուլիսի 13-ին, Կառավարության արտահերթ նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նան հադես եկավ հայտարարությամբ՝ նշելով. «Ադրբեջանական զինուժի գործողությունները խստագույնս դատապարտելի են: Այսօր առավոտյան դրանք վերսկսվել են: Դրանց վերսկսմամբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կրելու է տարածաշրջանային անկայունացման անկանխատեսելի հետևանքների ողջ պատասխանատվությունը:  Խիստ մտահոգիչ է տարածաշրջանային անկայունություն հրահրելու Թուրքիայի գործելակերպը, որը լավագույնս արտացոլված է այդ երկրի ԱԳՆ պաշտոնական հայտարարությամբ, որտեղ վերջինս անվերապահ աջակցություն է հայտնում Ադրբեջանի գործողություններին, ակնհայտ և արդեն ավանդական դարձած հակահայկական տրամաբանությամբ:

Այս ռազմական միջադեպը չի առաջացել վակուումում, արդեն տևական ժամանակ է, որ Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է խաղարկել հակահայկական խաղաքարտը իրենց հայնի դրդապատճառներից ելնելով: Հնարավոր է՝ գործ ունենք  ներքին խնդիրները սահմանային իրավիճակի սրմամբ երկրորդ պլան մղելու Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության գործելաոճի հետ, որի համատեքստում աչքի  է զարնում ակնհայտ քամահրական վերաբերմունքը մարդկային կյանքերի, այդ թվում ադրբեջանցի զինվորների կյանքերի նկատմամբ, որն արտահայտվում է նրանց ուղարկելով անհեռանկար գործողությունների:

Սրա մասին է վկայում նաև այն, որ Ադրբեջանն այդպես էլ չմիացավ համավարակի ժամանակ գլոբալ հրադադար հայտարարելու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին; Ստացվում է, որ որքան տարածվում է համավարակը Ադրբեջանում, որքան սրվում է սոցիալ տնտեսական վիճակը, այնքան սրվում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հակահայկական և ռազմատենչ հռետորաբանությունը:

Ադրբեջանի ղեկավարությունը փոխանակ սեփական ժողովրդին կոչ աներ պահպանել առողջապահական անվտանգության կանոնները, հանդես էր գալիս ռազմական, պատերազմի կոչերով, կարծես թե հակահայկականությունը կորոնավիրուսի դեմ պայքարի լավագույն միջոցն է:

Վստահեցնում եմ, որ որևէ սադրիչ գործողություն անպատասխան չի մնա: Նաև կոչ եմ անում մեր բոլոր հայրենակիցներին իրենց անվերապահ զորակցությունը հայտնել մեր զինված ուժերին, զինվորներին, հրամանատարներն, որոնք այս պահին ամուր կանգնած են հայրենիքի պաշտպանության դիրքերում: Նրանք պետք է ունենան ամուր թիկունք, և մեզնից յուրաքանչյուրը այդ թիկունքի մի մասնիկն է: Կոչ եմ անում մեր հայրենակիցներին վստահել բացառապես պաշտոնական աղբյուրներին, այս շրջանում մեր հասարակության տեղեկատվական դիմակայությունը հայոց բանակի հաղթանակի կարևորագույն գրավականներից է»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ