Ռուսաստանի հայերի միությունն անդրադարձել է Հանրային հեռուստաընկերությամբ ՌԴ-ում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ «Համառուսաստանյան հանրաքվեի վերջին և գլխավոր օրը. ընդդիմության և իշխանության տեսակետը» վերնագրով ռեպորտաժին։
Ռուսաստանի հայերի միության հաղորդագրությունը հրապարակվել է միության պաշտոնական կայքէջում` «Հայաստանի հանրային հեռուստատեսության հակահանրային և հակահայկական ակնհայտ էությունը» վերնագրով:
«Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերը հայտնի հայաֆոբ Նավալնիին տրամադրելը ոչ այլ ինչ է, քան «թքել քամուն հակառակ», մտածված հակահայկական ակցիա` ուղղված Ռուսաստանի կյանքում հայերի կառուցողական դերը և հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները կասկածի տակ դնելուն:
Ռուսաստանի հայերի միությունն ամենաակտիվ մասնակցությունն է ունեցել Ռուսաստանի Դաշնության սահմանադրության փոփոխությունների հետ կապված գործընթացներում, և Ռուսաստանի հայերի ճնշող մեծամասնությունը, հասկանալով, որ փոփոխություններն ուղղված են Ռուսաստանի Դաշնության ուժեղացմանն ու Ռուսաստանի քաղաքացիների, որոնց թվում կա շուրջ 3 միլիոն էթնիկ հայ, սոցիալ-տնտեսական դրության և կյանքի բարելավմանը` մասնակցել է համառուսաստանյան հանրաքվեին:
Մեր կարծիքով՝ Հայաստանի ղեկավարությունը պետք է իր գնահատականը տա հարկ վճարողների միջոցներով գոյություն ունեցող հեռուստաընկերության եթերում իր մեկնաբանություններով հայաֆոբ Նավալնու հայտնվելուն (որը հայերին ծաղրանքով «խաչ» է անվանում և այլն), որը վերջերս «փառավորվել» էր նաև Հայրենական մեծ պատերազմի վետերանի մասին վիրավորական արտահայտություն անելով: Հակառակ դեպքում, նման տրամաբանությամբ առաջնորդվելով, Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը կարող է այնքան հեռու գնալ, որ իր եթերը կտրամադրի արդեն Ալիևի հակահայկական հռետորաբանություններին և հաճույք կստանա դրանից:
Մենք համոզված ենք, որ Ռուսաստանի հայկական համայնքում արդարացի դժգոհության ալիք բարձրացրած նման սադրանքների պատվիրատուներին և կատարողներին չի հաջողվի հանրային գիտակցության մեջ հակառուսական հռետորաբանություն արմատավորել, առավել ևս փոխել հայ-ռուսական բարեկամական և դաշնակցային հարաբերությունների զարգացման վեկտորը»,-ասված է միության հաղորդագրության մեջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը