Պահա՛նջ.
զրկե՛լ անձեռնմխելիությունից և ենթարկե՛լ
քրեական պատասխանատվության
Փաշինյա՛ն Նիկոլ, ամբողջովին քո կողմից վերահսկվող՝ Հայաստանի Ազգային Ժողովը դեռևս սույն թվականի մարտ ամսին Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքում կատարեց փոփոխություն՝ ըստ որի՝ արտակարգ իրավիճակի հիմքով արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում, պատժվում է կալանքով՝ մինչև 3 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ` առավելագույնը 5 տարի ժամկետով:
Մամուլը գրում է, որ սույն թվականի հունիսի 22-ին, քո հրահանգով, Հայաստանի խորհրդարան են գնացել և Սահմանադրական տխրահռչակ փոփոխություններին կողմ քվեարկել Քո քայլը խմբակցության պատգամավորներ, որոնցից մի քանիսն իմացել են, որ վարակված են կորոնավիրուսով: Քանի որ Քո քայլը խմբակցության պատգամավորները զրկված են տարրական ինքնուրույնությունից և շարժվում են բացառապես քո անձնական հրամաններով, ուստի, նրանք կատարել են քո կամքը և, խորհրդարան գնալով, վարակել են բազմաթիվ այլ պատգամավորների: Միայն այս փաստը բավարար է՝ արձանագրելու, որ Հայաստանում Արտակարգ դրությունը քեզ համար ոչ թե մարդկանց առողջությունը պաշտպանելու միջոց է, այլ ձախողված պաշտոնավարումդ երկարաձգելու միակ տարբերակ:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը պահանջո՛ւմ է քեզնից, որ հրապարակես, թե ովքեր են եղել քվեարկության ժամանակ Կորոնավիրուսով վարակված պատգամավորները, և, սեփական վարակվածության մասին տեղեկացված լինելով, այլոց գիտակցաբար վարակած պատգամավորներին զրկել անձեռնմխելիությունից ու ենթարկել քրեական պատասխանատվության՝ իրենց իսկ ընդունած օրենքի ուժով:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»
կուսակցության Նախագահ՝ Խաչիկ Ասրյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը