29 06 2020

Կանոնները պահելը միակ կոչն է․ Փաշինյանը կողմ չէ Թորոսյանի՝ սրճարան չգնալու կոչին

Կանոնները պահելը միակ կոչն է․ Փաշինյանը կողմ չէ Թորոսյանի՝ սրճարան չգնալու կոչին

Մեր բազմաթիվ հայրենակիցներ ավելի շատ պրոհամաճարակային վարքագիծ են դրսեւորում: Այս մասին պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Շաբաթ- կիրակի օրերին մենք սոցիալական ցանցերում տեսանք բազմաթիվ ամառանոցային խնջույքների մասին, զանգվածային ուխտագնացությունների մասին տեսարանների: Տեսնում ենք, որ ի հեճուկս նրա, որ օրինակ բազմաթիվ կազմակերպությունների կողմից արված են գծանշումներն, ըստ էության, չեն օգտագործվում: Այս ամենը չեմ ասում, որպեսզի որեւէ մեկին մեղադրեմ: Ես հարկ եմ համարում պարզապես ընդգծել, որ մեր թվերը ցույց են տալիս, որ բոլորս առանց բացառության, որտեղ ինչքան եւ ինչպես կարողացել ենք, քամահրական վերաբերմունք ենք ցուցաբերում հակահամաճարակային կանոնների վերաբերյալ:

Քանի որ այս երեւույթը այսպիսի մասշտաբներ է ստացել ՀՀ-ում, մենք բոլորս, ինձնից սկսած, կարիք ունենք հակահամաճարակային վարքագիծը ռեստարտի ենթարկելու: Հակառակ դեպքում մենք չենք կարողանալու այս վիճակը հաղթահարել:

Առաջին հերթին պետական կառավարման մարմինները պետք է իրենց ոլորտում պահպանեն կանոնները: Կլինեն դրանք քաղաքացիների սպասարկման կենտրոններ, մաքսատներ, վարորդական իրավունքներ կամ համարանիշներ տրամադրող մասնաճյուղեր, անձնագրային բաժիններ, առողջապահական հաստատություններ, սոցիալական աջակցության կենտրոններ, ընդունելության քննական կենտրոններ, զորակոչային հավաքակայան եւ այլն:

Հաջորդը, կազմակերպությունները պետք է ստանձնեն պատասխանատվություն իրենց տարածքում, այլեւ հարակից տարածքներում հերթերի պահպանման համար:

Հաջորդը, ոստիկանությունը նախ պետք է իր շարքերում կանոնների պահպանման բարձր կարգապահություն ցուցաբերի, եւ ոստիկանները ոչ մի դեպքի կողքով անտարբեր չպետք է անցնեն:

Այս ամենը կարեւոր  ցույց տալու համար մեր հավաքական հավատը, որ կարող ենք այս ճգնաժամը հաղթահարել: Հաղթահարումը կախված է մեր հավաքական կամքից ու ջանքերից»,-ասաց վարչապետը:

Նա հիշեցրեց, որ կորոնավիրուսն արդեն 433 մարդու կյանք է խլել Հայաստանում եւ այդ պրոցեսը շարունակվում է. «Մեզնից յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ որեւէ տեղում կանոն չպահելու արդյունքում մեծ հավանականությամբ իչ-որ մեկին դատապարտում է մահվան: Մենք այսօր մեր վարքագծի ռեստարտի, նոր կարգապահության ներդրման կարիք ունենք»:

Փաշինյանը ցույց տվեց վերլուծության գրաֆիկ, որը ցույց է տալիս համաճարակի հաղթահարման տարբեր սցենարներ: «Համաճարակի հաղթահարման լավագույն սցենարը սոցիալական համերաշխության տրամաբանությամբ կարգապահության ավելացումն է, որի արդյունքում մենք տնտեսական դժվարությունները կհաղթահարենք լավագույն սցենարով: Եթե մենք լոքդաուն անենք եւ այն պատշաճ չպահպանվի, դա մեր տնտեսության համար կունենա երկարաժամկետ եւ աղետալի հետեւանք:

Մենք այսօր ունենք ծայրահեղ ծանր վիճակում է 123 հիվանդ, ծանր վիճակում է գտնվում 529 հիվանդ: 1739 հիվանդի մոտ կա թոքաբորբ: Մենք կարող ենք փոխել այս վիճակագրությունը, եթե պահպանենք կանոնները»,-ընդգծեց նա:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ նախօրեին առողջապահության նախարարը կոչ էր արել չայցելել ռեստորաններ, սրճարաններ, որի արդյունքում ռեստորանները հայտնվում են ծանր վիճակում,  նշեց, «Այս պահին մեր կոչը մեկն է, պահպանել հակահամաճարակային կանոնները: Կանոնների պահպանումը կառավարության միակ պաշտոնական կոչն է: Առողջապահական համակարգի մեր  գործընկերներին մենք պետք է ճիշտ հասկանանք, որովհետեւ նրանք ամիսներ շարունակ աշխատում են գերմարդկային ծանրաբեռնվածության ներքո:

Այսօր համաճարակային իրավիճակի հետ կապված շատ են հնչում առողջապահական համակարգին ուղղված մեղադրանքներ, բայց ուզում եմ ասել, որ համաճարակի տարածման դեմ առողջապահության  համակարագը չէ, որ պետք է պայքարի: Այդ համակարգը պայքարում է տարածման հետեւանքների դեմ, երբ հիվանդներ են հայտնվում, որոնց պետք է բուժել:  Որքան շատ է հիվանդների թիվը, այնքան  այնքան ավելի ծանրանում է առողջապահության համակարգի գործը, մանավանդ գիտեք, որ հիվանդանոցային տեղերը ավելի շատ ծավալվել են:

Հակահամաճարակային կանոնները ռեստորանում կարելի է եւ պահպանել, եւ չպահպանել: Առօրյա կյանքում էլ հնարավոր է եւ պահպանել, եւ չպահպանել»:

Մեր մոտեցումն է՝ կարանտին առանց կարանտինի, որովհետեւ մենք նաեւ եվրոպական շատ երկրներում տեսանք, որ պաշտոնական լոքդաուն է հայտարարված, բայց դա չի նշանակում, որ 100 տոկոսով պահվում են այդ կանոնները: 

«Նման գործողության գնալուց առաջ մենք պետք է համոզված լինենք, որ գոնե 100-ին մոտ արդյունավետությամբ այդ կանոնը պահպանում են:

Եթե մենք լոքդաուն հայտարարենք եւ դա պահենք կենտրոնական փողոցներում, բայց բակերում, շենքերում դա չպահպանվի, այդ լոքդաունը կլինի անարդյունավետ: Ի վերջո, մենք չենք կարող շենքի բոլոր հարկերում ոստիկան կանգնեցնել: Մենք կոչ ենք անում, որ յուրաքանչյուրս մեր մեջ այդ լոքդաունը անել, որպեսզի ստիպված չլիենք որպես ուժային գործողություն դա անել»,-ասաց վարչապետը:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ