Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հրապարակել է «Ստի վերջը» շարքի 11-րդ հոլովակը՝ «Ապրել լա՞վ, թե՞ ապրել live-ում. ի՞նչ ենք մենք ուզում» խորագրով։
Նա նշեց․ «ՀՀ-ում ապրիլ-մայիսյան իրադարձությունների համար անխտիր բոլորս պատասխանատու ենք՝ ուղիղ, թե անուղղակիԲոլոր այն մարդիկ, որոնք լսել են, տարածել են բամբասանքներ, բոլոր այն մարդիկ, որոնք ենթարկվում էին Լոս Անջելեսից կամ Ռոստովից ֆեյսբուքյան գրառումների ազդեցությանը։ Չկա այս պատմության մեջ ոչ մեղավոր։ Բայց ամենակարևոր մեղավորը տեխնոլոգիաներն են, որովհետև մենք մի միջավայրում ենք ապրում և գործում ենք մի միջավայրի կանոններով, որը մեզ թելադրված է տեխնոլոգիաների միջոցով»,- նշեց նա։
Միքայել Մինասյանը խոսեց մի տեխնոլոգիայի մասին, որը կոչվում է «հերոս»։ Նպատակը՝ ժամանակավոր հերոսներ ստեղծելն է, որոնք պետք է ստվերեն պրոցեսները կամ իրական հերոսներին, կամ փոխեն իրական արժեքները։ Վերջին նմանատիպ տեխնոլոգիան, ըստ դեսպանի, Արտուշ պապիկն էր, երբ նրան ապրիլի 24-ին թույլ չտվեցին բարձրանալ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հետո կեսգիշերին վարչապետի հանձնարարությամբ, ոստիկանների ուղեկցությամբ ի վերջո նա ծաղիկներ խոնարհեց Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին։
«Սկբում նա դարձավ հերոս, ուղիղ մեկ ամիս անց նույն մարդիկ սկսեցին թաղել Արտուշ պապիկին, որովհետև պարզվեց, որ նա սովորական մարդ է, որն ունի իր դրական և բացասական կողմերը։ Կարևոր կտոր․ այդ ընթացքում ստվերվեց քաղաքական և ազգային կարևոր փաստ՝ Հայոց ցեղասպանության ամբողջ քաղաքական միջոցառումները։ Սա իրականում տեխնոլոգիայի կիրառում է»,- նկատեց նա։
Դեսպանը ներկայացրեց նաև հեղափոխության ժամանակ կիրառված մի քանի այլ տեխնոլոգիաներ, օրինակ՝ «ոստիկան Աշոտի տատիկը», երբ իրականում ոչ Աշոտը կար, ոչ տատիկը։ Բեմահարթակից ժողովրդին դիմած հերոս Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապիկը ևս տեխնոլոգիա էր․ «Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը մինչ օրս մարդկային ներողություն չի խնդրել հերոսի ընտանիքից»։
Միքայել Մինասյանի համոզմամբ՝ ժողովուրդը մշտապես տեխնոլոգիաների զոհ է եղել։ Օրինակ, մշտապես երիտասարդ զույգեր են հայտնվել ցուցարարների շրջանում և սկսել են համբուրվել։ Նիկոլ Փաշինյանը վիրակապված ձեռքով լուսանկարը և նմանատիպ լուսանկար Մոնթե Մելքոնյանից հրապարակվում էին սոցիալական ցանցերում։ Սպիտակ անունով շունը ՊՊԾ գնդի գրավման օրերին, Չալոն կամ Քայլոն հեղափոխության օրերին նույնպես, ըստ Միքայել Մինասյանի, «հերոսներ» էին։
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը