Քաղաքագետ-իրավաբան Ռոբերտ Մակարյանը գրում է.
«Այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը կատարեց կարեւոր մի հայտարարություն, որը ըստ երեւույթին մնաց ԱԺ-ի կողմից նախօրեին ընդունված նախագծի հետ կապված լուրերի ստվերի ներքո:
Ֆելիքս Թոխյանը հայտարարեց, որ խորհրդարանական համակարգում ձեւավորված խորհրդարանում չի կարող «անկախ» պատգամավոր գոյություն ունենալ:
Թեմայի իրավական ու օրինական հիմնավորումներին առանձին հոդվածով մանրամասնորեն անդրադարձել եմ դեռ երկու տարի առաջ, 2018 թվականի հունիսին:
Նաեւ համոզված եմ, որ խմբակցությունից հեռանալուց հետո պատգամավորի մանդատը պահած անձը կարող է դատվել ՀՀ ՔՕ 300,2 հոդվածով, որտեղ հստակ կերպով նշված է «իշխանությունը պահելը` Հանրապետության Նախագահի, պատգամավորի, վարչապետի, նախարարի լիազորությունների ավարտից հետո այդ լիազորությունների իրականացումը շարունակելը պատժվում է ազատազրկմամբ`տասից տասնհինգ տարի ժամկետով:
Պիտի խոստովանեմ, որ իմ ուշադրությունից վրիպել էր ԱԺ-ի օրինականության հարցը:
Համաձայն ՀՀ Ընտրական օրենսգրքի 96-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ ԱԺ-ում ընդդիմությանը պիտի հատկացվի մանդատների 1/3-րդը, ինչին անդրադարձավ նաեւ Ֆելիքս Թոխյանը: Համաձայն Ֆելիքս Թոխյանի հայտարարության այս պահին նման բան գոյություն չունի:
ՀՀ ԱԺ-ն ունի 132 պատգամավոր: Խորհրդարանի ձեւավորման պահին «Իմ քայլը» խմբակցությանը բաժին էր հասել 88, ԲՀԿ-ին, 26, իսկ ԼՀԿ-ին, 18 մանդատներ պահպանվելով խորհրդարանի մանդատների 1/3-րդը (44 մանդատ) ընդդիմությանը հանձնելու կապակցությամբ օրենքի պահանջը:
Հետագային ԼՀԿ եւ ԲՀԿ խմբակցություններից հեռացան Արման Բաբաջանյանն ու Տիգրան Ուրիխանյանը հայտարարելով, որ պահում են մանդատները որպես «անկախ» պատգամավոր, ինչը օրենքով նախատեսված չէ:
Արդյունքում այս պահին մանդատների հարաբերակցությունը փոխվել է եւ ընդդիմադիր կուսակցություններն ունեն ընդամենը 42 մանդատ: Նույնիսկ եթե ինչ-որ վերապահումներով հնարավոր լինի Տիգրան Ուրիխանյանի մանդատը հաշվարկել ընդդիմությանը:
Հետեւաբար այս պահին 7-րդ գումարման ԱԺ-ում ընդդիմությունն ունի 42 (կա լավագույն դեպքում 43) ձայն, ինչը նշանակում է, թե խախտվել է ՀՀ Ընտրական օրենսգրքի 96-րդ հոդվածի 2 կետի պահանջը:
Արդյոք 7-րդ գումարման ԱԺ-ն կորցրել է իր օրինականությունը: Եթե այո, օրինակա՞ն են»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը