«Նախագահն ընդամենը մի քանի օր է, որ ազատության մեջ է։ Պարզապես, հասկանալի պատճառներով, վերականգնողական բուժումն ավարտելուց, տեղի ունեցածն իմի բերելուց հետո, 1 շաբաթ, 10 օր անց հայտարարությամբ կամ հարցազրույցում նա, կարծում եմ, ամեն ինչ կասի։ Մինչեւ այս պահը ես մեկ հանդիպում եմ ունեցել, քանի որ նա երկար ժամանակ ընտանիքի հետ, տանը չի եղել եւ նրան հանգիստ է պետք»։
Ըստ Վիկտոր Սողոմոնյանի՝ անցումային կառավարությունը միանգամայն հասկանալի եւ տրամաբանակ լուծումն է ստեղծված իրավիճակում։
«Այն ուժերը, որոնք խոսում են այդ մասին, ի զորու են դա անել։ Դա մաքուր քաղաքագիտություն է։ Կանխատեսումների մասով, որն անշնորհակալ գործ է, մեկ բան հնարավոր է կանխատեսել․ հաշվի առնելով այս իշխանության կարողություն-տկարություն հարաբերակցությունը աշխատունակության մասով, վստահ եմ, որ իրավիճակը չի լավանալու։ Ցավով եմ սա ասում, չեմ չարախնդում, բայց եւ տնտեսագետների, եւ առողջապահության մասնագետների հետ քննարկել եմ իրավիճակը եւ կարող եմ ասել, որ վատ կետի վրա կայունություն կլինի, բայց վիճակը չի լավանա, դրանից բխող քաղաքական զարգացումներով։ Հնարավոր չէ, որ դժգոհների քանակն ավելանա, աղքատացողների ու աշխատանք կորցրածների քանակն ավելանա, բայց քաղաքական կյանքում, հասարակության մեջ ամեն ինչ մնա նույնը։ Ակնհայտ է, որ բողոքի տարբեր օջախներ են ձեւավորվելու, ակնհայտ է, որ դրանց հետեւում կամ առջեւում ձեւավորվելու են քաղաքական ուժեր, գործիչներ»։
Ըստ Վիկտոր Սողոմոնյանի՝ մեկ բան էլ կա, որ դժվար է կանխատեսել․
«Այսօրվա քաղաքական կյանքի գործիքակազմը կտրուկ փոխվել է եւ չես կարող կանխատեսում անել․ օրինակ՝ ԱՄՆ-ում սկսվել են իռացիոնալ զարգացումներ, երկիրը բառի բուն իմաստով բաժանվել է սեւերի ու սպիտակների։ Այնտեղ տապալում են Լինկոլնի, Ջեֆերսոնի արձանները, այսինքն մերժում են անցյալը։ Ես մեր քաղաքական գործիչներին ուզում եմ հուշել, որ գաղափարախոսությանը, որով կառուցվում էր քաղաքականությունը, փոխարինել է լրագրողական հիստերիան։ Հիմա անցյալը, ամերիկացիների մասին է խոսքը, որով 300 տարի հպարտացել ես, մերժում ես, ինչ ես շահում։ Այդ սեւ կարապները որտե՞ղ են թաքնված, այդ մասը կանխատեսելիչէ։ Իսկ մենք չունենք ինստիտուցիոնալ իշխանություն, երբ պետական նավը պատեպատ խփվելով է շարժվում առաջ։ Բայց անցյալի մերժման հարցում մեր հասարակությունը կարծես սկսել է ավելի սթափ կողմնորոշվել։ Չեմ ուզում քաղցր սուտ ասել, որ ամեն ինչ լավ կլինի․․․ Այսօր մեր կուտակած խնդիրները շատ են։ Հաջորդ իշխանությանը տարիներ են պետք դրանք, այդ թվում Արցախյան կարգավորման հարցում այս իշխանության վատ ժառանգության հետեւանքները չեզոքացնելու համար»։
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը