«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ Խաչիկ Ասրյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Դատապարտե՛լ Կորոնավիրուսից
զոհվածների մեղավորներին
Կորոնավիրուսի համավարակի պատճառով՝ Հայաստանում զոհվածների թիվն անցել է 300-ի սահմանը: Նրանց զոհեր ենք անվանում, քանզի այդ մահերը չէին գրանցվի, եթե Հայաստանի այսօրվա ապիկար իշխանությունն իր քաղաքական քմահաճույքների բավարարման համար չդիմեր արկածախնդրության, և ժամանակին Հայաստանի բնակիչներին պատրաստեր համավարակի դեմ արդյունավետ պայքարին:
Անցնող յուրաքանչյուր օրվա հետ՝ Հայ Ժողովուրդը տեղեկանում է տասնյակ նոր զոհերի մասին, և դրա վերջը, կարծես, չի երևում:
Կորոնավիրուսի պատճառով Հայաստանում մահացած բնակիչների վերաբերյալ արդյո՞ք կան հարուցված քրեական գործեր: Ո՞վ կամ ովքե՞ր պետք է պատասխան տան հարյուրավոր անմեղ զոհերի համար: Ո՞ւմ խղճին է այդ մարդկանց մահը, իհարկե՛, Փաշինյան Նիկոլի և նրա հակաժողովրդական իշխանության: Ավելին, Հայաստանի քաղաքական ղեկավարությունն ստանձնած ապազգային իշխանությունը պետք է հստակ գիտակցի, որ շատ մոտ է վերոնշյալ հարցերի պատասխանը տալու ժամանակը:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը հայտարարում է, որ Փաշինյան Նիկոլը և նրա իշխանությունը չեն կարող խուսափել Կորոնավիրուսի դեմ պայքարում ցուցաբերած իրենց անկազմակերպվածության, փնթիության և անկարողության պատճառով մահացած զոհերի համար պատասխանատվություն կրելուց»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը