Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Արսեն Նիկողոսյանի մասնակցությամբ երեկ 2 մլրդ դրամի դիմաց որոշեց ազատ արձակել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Եվ հիմա Քոչարյանի ընտանիքը զբաղված է այդ գումարը հայթայթելով։
Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը, Hraparak.am-ի հետ զրույցում անդրադառնալով գրավի չափին, ասել է․ «Իհարկե, գրավի չափը շոկային էր, բայց դե, ամեն դեպքում, ուրախ եմ որոշման համար այնքանով, որ գումարը մուտքագրելուց հետո հայրս դրսում կլինի՝ ազատության մեջ»։
Իսկ հիմա որտե՞ղ է գտնվում Ձեր հայրը։
Հիվանդանոցում է դեռ, նույն կարգավիճակով, քանի դեռ գրավի գումարը մուտք չի արվել համապատասխան հաշվեհամարին։
Պարոն Քոչարյան, Ձեզ համար 2 մլրդ դրամը խոշո՞ր գումար է։
Իհարկե, խոշոր գումար է, ինձ թվում է՝ 2 մլրդ դրամը բոլորի համար է խոշոր գումար, ներառյալ նաև մեզ համար։ Այն, ինչ դատարանում ներկայացրել են փաստաբանները, ես և քույրս մեր բնակարաններն ենք ուզում բանկում գրավադրել, հիմա այդ պրոցեսի մեջ ենք, որ դրա դիմաց ինչ-որ գումար ստանանք, որ այդ գումարը վճարենք։ Իսկ մնացած մասով, ինչպես գրասենյակն է հայտարարություն տարածել, երեկ ուղղակի մի քանի ժամվա մեջ բազմաթիվ մարդիկ զանգեցին, պատրաստակամություն հայտնեցին, ու հիմա այդ պրոցեսն է գնում։
Հայաստանի՞ց են այդ մարդիկ։
Ոչ միայն։
Այսինքն՝ դուք, ձեր ընտանիքը, փաստորեն, կանխիկ 2 մլրդ դրամ չունե՞ք այս պահին, թե՞ ունեք, պարզապես կալանքի տակ են հաշիվները, ինչպես հայտարարել էր Ձեր հայրը։
Ոչ, եթե կանխիկ ունենայինք, իհարկե, մենք էդ գումարի հարցը կլուծեինք։
Իսկ, եթե ձեր հաշիվները կալանքի տակ չլինեին, էլի՞ դուք չէիք կարողանա մուծել այս գրավը։
Հիմա, գիտե՞ք, կդժվարանամ ասել, բայց շատ ավելի հեշտ կլիներ, իհարկե։ Գիտեք, հայրս քանի անգամ ասել է, որ տասը տարի աշխատում է ինչպիսի ընկերությունում Ռուսաստանում, և իր հաշվի վրա, հիմա, կա ինչ–որ գումար։
Շարունակությունը՝ վաղը, «Հրապարակ» օրաթերթի հերթական համարում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը