«Սիրելի հայրենակիցներ
Երեկ Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած օրենսդիր -գործադիր հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, իր խոսքում անդրադառնալով Ադրբեջանի իշխանությունների արկածախնդիր ռազմական հռետորաբանությանը, նշել է, որ այդ երկրի իշխանությունները սեփական ժողովրդին սնուցում են հաղթական պատերազմի մասին տեսլականներով՝ հավելելով, որ բովանդակային առումով պաշտոնական Բաքուն չի կարող ոչինչ պարտադրել Հայաստանին և Արցախին։
Ոչ վաղ անցյալում Հայաստանի Վարչապետը հայտարարել էր, որ եթե Ադրբեջանի իշխանությունները շարունակեն հրաժարվել երկխոսությունից, արդեն Ադրբեջանի ժողովրդի հետ նա կխոսի։
Հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց իր այդ մտադրության մասին։
Ադրբեջանի ժողովուրդ ասելով, ակնհայտ է, որ Վարչապետը նկատի ունի այդ երկրում բնակվող տարբեր ազգերի ներկայացուցիչներին՝ լեզգիներ, թալիշներ, թաթարներ, ավարներ, քրդեր և այլն։ Ի դեպ, վերջիններս արդեն իսկ ուծացման եզրին են և հաճախ գրվում են որպես ադրբեջանցիներ։
Ադրբեջանում ապրող վերոհիշյալ ազգերի ներկայացուցիչները բազմաթիվ խնդիրներ ունեն գործող իշխանությունների հետ, նրանց ընդվզումը կործանարար հետևանքներով կանդրադառնա Ադրբեջան կոչվող պետության վրա։ Գիտակցո՞ւմ է պաշտոնական Բաքուն այս իրականությունը, մնում է միայն ենթադրել»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը