17 06 2020

Ժողովուրդն իրենց այստեղից վռնդելու է. Փաշինյանը՝ Ծառուկյանի գործի և ԲՀԿ-ի մասին

Ժողովուրդն իրենց այստեղից վռնդելու է. Փաշինյանը՝ Ծառուկյանի գործի և ԲՀԿ-ի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հիշեցրեց, որ նախկինում բազմիցս ասել է, որ կոռուպցիոն գործերով ՀՀ քննչական մարմինները էֆեկտիվ չեն գործում, ու վերջին պաշտոնանկությունների հարցում դեր է ունեցել նաև այդ գործոնը:

«Կարող եմ ասել, որ կորոնավիրուսի հետ կապված պաշտոնանկությունների մասին որ ասում էի, դրանք եղել են  ինչ-որ առումով կուլմինացիա, բայց այդ պաշտոնանկությունների մեջ նաեւ որոշակի դեր է ունեցել կոռուպցիայի դեմ պայքարի այս պրոցեսը: 

Ես քննչական որոշ մարմիններում ես զգացել եմ, որ արհեստականորեն կոռուպցիոն գործերը առաջ չեն գնում: Ուզում եմ հիշեցնել, որ այդ հայտարարությունը (նկատի ունի Գագիկ Ծառուկյանի հունիսի 5-ի հայտնի հայտարարությունը-խմբ) հնչել է այն ժամանակ, երբ ԱԱԾ-ում արդեն մեծ փոփոխություններ էին տեղի ունեցել, փոխվել էր քննչական վարչության ղեկավարը եւ այսօրվա տնօրենը նշանակվել էր ԱԱԾ տնօրենի տեղակալ:

Այս ընթացքում իրավապահ համակարգերում մենք ունեցել ենք մեծ պրոբլեմ: Առավոտը ժամը 7-ին քննիչները գնում էին խուզարկության, տեսնում էին տանտիկինը մակիաժով, երեկոյան զգեստով դուռը բացեց: Իշխանությունը նախկինում այս քրեական գործերը օգտագործել է, որպեսզի այս քաղաքական ուժերին պահի կոնտրոլի տակ, որովհետև լեգիտիմության խնդիր է ունեցել: Իսկ մեր իշխանությունն այդպիսի խնդիր չունի: Մեզ պետք չէ քրեական գործերը դարձնել քաղաքական առևտրի առարկա, որ երկու հայտարարություն պակաս անեն կամ խոսելու ձևն ընտրեն: Մենք իրենց խոսելու ձևը կսովորեցնենք: Իրենք այստեղ չեն էլ խոսի, որովհետև ժողովուրդն իրենց այստեղից վռնդելու է ընդհանրապես» ,- ասաց Փաշինյանը:

Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի քրեական գործերին, վարչապետը հայտարարեց, որ քննվում է Երրորդ հանրապետության պատմության ամենակարևոր գործերից մեկը, որով բացահայտվելու է «ժողովրդի կամքի վրա բռնանալու ինստիտուտը»:

Ինչ վերաբերում է Ծառուկյաններին պատկանող առանձնատներում կատարված խուզարկություններին, Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ հունիսի 14-ի խուզարկությունն առաջինը չէր: Մինչ այդ՝ 2019թ-ին, խուզարկություն է կատարվել նաև Նվեր Ծառուկյանին պատկանող` Ծաղկաձորում գտնվող առանձնատանը:

«2017-ին ես մի օրենքի նախագիծ էի գրել, որ այն կուսակցությունները, որոնք կպարզվի, որ համակարգված ձեւով ընտրակեղծիքներ ու ընտրակաշառքներ են իրականացրել, դրանց գործունեությունը պետք է կասեցվի: Ցավոք սրտի, «Ելքի» մեր գործընկերները չհամաձայնեցին, որ շրջանառության մեջ դրվի, իսկ հետո արդեն գիտեք ինչպես զարգացան իրադարձությունները:

Երեւի պետք է դրա մասին մտածել: Այո, այն կուսակցությունը, որ կազմակերպված, համակարգված ձեւով ժողովրդի կամքի վրա բռնանում է, պետք է ուղղակի արգելել այդ կուսակցությունների գործունեությունը: Ես իդեա եմ տալիս»,-ասաց Փաշինյանը:

 





 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ