16 06 2020

Հայաստանում քաղաքական հետապնդումների ողջ շարքը արվում է մեկ ընտանիքի հրահանգով

Հայաստանում քաղաքական հետապնդումների ողջ շարքը արվում է մեկ ընտանիքի հրահանգով

«Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ-ն հայտարարություն է տարածել՝ կապված «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ու դրա ղեկավարի շուրջ ծավալվող իրադարձությունների հետ։

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

 

«Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը զավթած քաղաքական ուժը վերջին շրջանում անցել է քաղաքական հետապնդումների ավելի ինտենսիվ և բիրտ մեթոդների։ Այս անգամ հետապնդումների ուղղակի թիրախը խորհրդարանական ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն է՝ դրա ղեկավարը, պատգամավորներն ու համակիրները։

Հայաստանում իշխանությունը զավթած ուժը կանգ չի առնում։ Ամեն օր առանց իրավական հիմքերի Ոստիկանությունը բերման է ենթարկում հարյուրավոր քաղաքացիների, իշխանության ընդդիմախոսների, հասարակական-քաղաքական գործիչների, իրավապաշտպանների։ Արդյունքում խախտվում են ՀՀ քաղաքացիների մի շարք հիմնարար իրավունքներ, մասնավորապես՝ հավաքների և արտահայտման ազատության սահմանադրական իրավունքները, ճնշվում է այլակարծությունը։

«Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ-ն անթույլատրելի է համարում Հայաստանում քաղաքական հետապնդումների ողջ շարքը, որն արվում է մեկ ընտանիքի իշխանության հրահանգով և հանուն այդ իշխանությունը պահելու, և դատապարտում է իշխանության ընդդիմախոսներին լռեցնելու փորձերը։

Կոչ ենք անում բոլոր առողջ քաղաքական ու հասարակական ուժերին առանց երկմտելու միասնական և համակարգված ուժերով պայքարել ընդդեմ իշխանությունների կողմից սանձազերծած ավտորիտար և տեղ-տեղ բռնապետական գործողությունների։

Միևնույն ժամանակ, կոչ ենք անում Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին, հատկապես` արևմտյան երկրների դեսպանություններին, հնարավորինս օպերատիվ արձագանքել ստեղծված հակաժողովրդավարական իրավիճակին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ