14 06 2020

Փաշինյանն ԱԱԾ-ն օգտագործում է ընդդիմախոսներին լռեցնելու համար․ Արեգնազ Մանուկյան

Փաշինյանն ԱԱԾ-ն օգտագործում է ընդդիմախոսներին լռեցնելու համար․ Արեգնազ Մանուկյան

Արեգնազ Մանուկյանը  ֆեյսբուքյան էջում գրում է․

«Փաշինյանն ապօրինի պատվեր է տվել Ծառուկյանի դեմ և ԱԱԾ-ն օգտագործում է ընդդիմախոսներին լռեցնելու համար
***

Երբ Փաշինյանն ապօրինաբար կալանավորեց Ռոբերտ Քոչարյանին, շատերը լռեցին և նույնիսկ թաքուն ուրախացան։ Մտածեցին, որ Նիկոլն իր մաղձը կթափի չմերժված նախագահի վրա, իսկ իրենք կպլստան։ Այդպես չեղավ։ Ու չի լինելու։ Եթե Նիկոլի ձեռքը ճար լինի, ապա բացի իրենից, մարդ չի թողնելու քաղաքական, քաղաքացիական ու բոլոր հնարավոր այլ դաշտերում։ Ինքը դատախազից մինչև համաճարակաբան աշխատում է։ Իսկ նման մարդիկ տոտալիտար հիվանդությամբ են տառապում։

Երբ Սամվել Մայրապետյանին, ով ծանր հիվանդ էր, կալանավորեցին զուտ այն բանի համար, որ նա ստիպված լինի Նիկոլի ուզած ցուցմունքը տա Քոչարյանի դեմ ու դրա դիմաց գործարք առաջարկեցին, էլի շատերը լուռ էին։ Թամաշա էին անում ու մտածում, որ իրենք տակից կպայմանավորվեն Նիկոլի հետ։ Սխալվեցին ու սխալվում են։

Երբ օրը ցերեկով փորձ է արվում բիզնես խլել ու կանգ չեն առնում անգամ ընտանիքի անդամին որպես պատանդ օգտագործելու տարբերակի առաջ, կողքից նայում են ու ձայն չեն հանում՝ մտածելով, որ իրենք ավելի լավն են։ Չեն հասկանում, որ եթե այդ խլոցիի մոդելն աշխատեց, հետո իրենց դեմ էլ է կիրառվելու։

Երբ Փաշինյանը սկսեց մյուսների դեմ գնալ, երրորդները մտածեցին, որ իրենք կարող են պայմանավորվել վարչապետի հետ ու գլուխները պրծացնել՝ Աննա Հակոբյանի ֆոնդին կամավոր-պարտադիր սկզբունքով մուծվելով և Փաշինյանի կապրիզները բավարարելով։ Այդպես չեղավ ու չի լինելու, քանի որ Փաշինյանից ավելի ագահ ու փողասեր մարդ շատ քիչ է հանդիպում բնության մեջ։ Ու խնդիրն այն է, որ նա չի կշտանում բառիս բուն և փոխաբերական իմաստով։

Երբ Փաշինյանի ցանկությամբ ֆիզիկապես հարձակվեցին Էդմոն Մարուքյանի վրա, կողքից շատերը թամաշա էին անում։ Նիկոլն արդարացրեց բռնությունը, բայց հակադարձող չեղավ։ Լուռ էր նաև դահլիճում թամաշա անող ԲՀԿ-ն։

Հիմա Փաշինյանը հարձակվել է Գագիկ Ծառուկյանի դեմ։ Կիրակի առավոտով։ Նենգաբար և ապօրինաբար։ Եթե մյուս կուսակցությունները մտածեն, որ կարելի է կողքից թամաշա անել ու հայտարարել, թե բա իրավական գործընթաց է, սպասենք տեսնենք, թե նախաքնությունն ինչ կասի, ինչպես որ մի ժամանակ ԲՀԿ-ականներն ու մյուսներն էին թամաշա անում և արտահայտվում 2-րդ նախագահի դեմ ապօրինությունների ժամանակ, ապա չարաչար կսխալվեն։

Եթե Ծառուկյանի դեմ այս արշավը Նիկոլը մարսի, անցնելու է մյուսներին։ Նույնիսկ Նիկոլի հետ լեզու գտնելու թաքուն հույսեր փայփայող Էդմոն Մարուքյանի վրա է հարձակվելու։ Միգուցե ավելի վատ ձևով, քան Ծառուկյանի դեմ, քանզի ներտեսակային հակադրությունն ավելի դաժան է լինում։

Այնպես որ, «ուղտը» բոլորի դռանն է չոքելու։ Մի՛ մտածեք, որ այլոց դեմ գործած ապօրինությունը ձեզ չի կպնում։ Դա հենց ձե՛զ է վերաբերում։
Մի՛ լռեք և փակե՛ք նրա բերանը։
#փակիր_բերանդ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ